Հայաստանյան սպառողական շուկայում գրեթե բոլոր ապրանքատեսակների նկատելի գնաճի ֆոնի վրա փոքր-ինչ տարօրինակ վիճակ է նկատվում կաթնամթերքի շուկայում: Սկզբում մի քանի ընկերություններ հայտարարեցին որոշ ապրանքատեսակների գների աճի մասին, սակայն մի քանի օր հետո նորից վերադարձան հին գներին: Միեւնույն ժամանակ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններից մեկը՝ «Աշտարակ կաթն» ի սկզբանե հայտարարեց, որ առայժմ մտադիր չէ գնային փոփոխություններ կատարել: «Գուցե «Աշտարակ կաթի» այսպիսի դիրքորոշմա՞մբ է պայմանավորված կաթնամթերքի շուկայում այսօր տիրող համեմատաբար կայուն իրավիճակը»,- այս հարցն ուղղեցինք «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանին:
– Ես հիմա չեմ հավակնում կաթնամթերքի շուկայում գոյություն ունեցող իրավիճակի խորը վերլուծություն անել: Առավել եւս դժվարանում եմ մեկնաբանել կաթնամթերքի շուկայում գործունեություն ծավալող այլ ընկերությունների գնային մարտավարությունը: Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթին», ապա, իրոք, ինչպես նշված էր մեր ընկերության վերջերս տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, առայժմ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու ոչ մի միավոր գնային որեւէ փոփոխության չի ենթարկվել:
Ամեն դեպքում կարծում եմ, որ այսօր կաթնամթերքի շուկայում գոյություն ունեցող գնային կայունությունը բխում է նախեւառաջ մեր սպառողների շահերից:
– Այնուամենայնիվ, վերջին շրջանում որոշակի հրապարակումներ եղան, որոնցում «Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի արժանացավ:
– Միանգամից նշեմ, որ մեծ եւ ազդեցիկ ընկերությունների համար նման, որոշ դեպքերում քողարկված նպատակներ հետապնդող քննադատական դրսեւորումները սովորական են: Գուցե դա բնական է շուկայական ազատական մրցակցային հարաբերությունների պարագայում: Ընդ որում, հավաստիացնում եմ Ձեզ, որ շատ դեպքերում մենք շատ լավ պատկերացնում ենք եւ ավելին՝ տեղեկացված ենք, թե ովքեր են շահագրգիռ սպառողների շրջանում մեր ընկերության վերաբերյալ սպառողների կարծիքը փոխելու մեջ: Բայց պետք է նկատեմ, որ մեր ընկերությունն ի սկզբանե որդեգրել է միայն սեփական արտադրության որակյալ ապրանքատեսակներով իր տեղը շուկայում ամրագրելու վարքագիծը եւ, դատելով կաթնամթերքի սպառողական շուկայում «Աշտարակ կաթի» այսօրվա վիճակից, սպառողների շրջանում նման մոտեցումը բավականին ընկալելի է:
– Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ նույն Ձեր նշած սպառողները հաճախ դժգոհում են գրեթե բոլոր կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրատեսակների որակից՝ պայմանավորելով դա մի դեպքում, ասենք, հումքի անորակությամբ, մյուս դեպքում՝ պիտակի վրա նշված տվյալների ու իրական տվյալների անհամապատասխանությամբ եւ այլն:
– Նախ այնքան էլ համաձայն չեմ, որ տեղական կաթնամթերքի նկատմամբ սպառողները լուրջ դժգոհություն են ունենում: Կարծում եմ, ինչ-ինչ պատճառներով այս հարցի շուրջ գույները խտացվում են, բայց քանի որ հարցը տրված է, փորձեմ պատասխանել: Բնականաբար ես կխոսեմ միայն մեր ընկերության հիմնական, այսպես ասած, փաստարկների մասին: Նախեւառաջ, վաղուց գաղտնիք չէ, որ «Աշտարակ կաթը» մեր երկրում ամենաշատ կաթ մթերող ընկերությունն է: Մենք կաթ ենք մթերում հանրապետության բոլոր մարզերի 325 համայնքներում աշխատող շուրջ 6000 ֆերմերային տնտեսություններից: Արդեն ունենք 50 մթերման կետեր, եւ այդ թիվն անընդհատ մեծացվում է: Ի դեպ, մեզ հետ համագործակցող տնտեսությունների մեծ մասը տեղակայված է երկրի սահմանամերձ, բարձրադիր գոտիներում, ինչը նպաստում է տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության զարգացմանը: Հաջորդ կարեւոր փաստարկն այն է, որ մեր ընկերության արտադրամասերում եւ մթերման կետերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած հատուկ լաբորատորիաներ, որտեղ մանրակրկիտ ձեւով իրականացվում են ֆիզիկաքիմիական, այդ թվում՝ մանրէաբանական եւ յուղայնության մակարդակն ուսումնասիրող հետազոտություններ: Բացի այդ, մեր կողմից մթերվող կաթը ենթարկվում է անտիբիոտիկների եւ ինհիբիտորների առկայության վերաբերյալ անալիզների: Եվ, եթե այդ ստուգումների արդյունքները դրական են լինում, ապա նման կաթը պարզապես չի մթերվում: Նշեմ նաեւ, որ մեր ընկերության մթերման կետերում տեղադրված են հատուկ սառնարաններ, որոնք ապահովում են մեր կողմից մթերվող կաթի որակական հատկանիշների եւ թարմության պահպանումը: Այն, ինչ թվարկեցի, սպառողի կողմից տեսանելի է եւ եզրակացություններ կարող է անել հենց սպառողը: