Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը եկել է, անունը՝ հետո կասեն

Մարտ 17,2011 00:00

Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր «Dundee Precious Metals» կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը եռօրյա աշխատանքային այցով կրկին Կապանում է: Ըստ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի՝ պաշտոնյայի հաճախակի այցելությունները զուտ աշխատանքային հիմք ունեն եւ կշարունակվեն:
Հիշեցնենք, որ փետրվարին էլ էր Ռիկ Հաուզը այցելել Կապան: Այցից հետո «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետային ազատեցին գլխավոր տնօրենի պաշտոնից ու հայտարարվեց, որ ընկերությունում պատրաստվում են վճարել գիշերային հերթափոխի գումարները («Առավոտ», 03.03.2011՝ «Պատրաստվում են վճարե՞լ»):
Իսկ այս այցի ընթացքում Ռիկ Հաուզը կոմբինատի աշխատակիցներին է ներկայացրել ձեռնարկության նոր տնօրենին, որի անունը ընկերությունը պաշտոնապես կհայտարարի ավելի ուշ:
Ըստ կոմբինատի աշխատակիցների՝ նորանշանակ տնօրենը Բուլղարիայից է: Պարոն Հաուզը հանդիպում է ունեցել մարզպետարանում, որտեղ ամփոփվել է Տորոնտո կատարած այցը: Այսօր Ռիկ Հաուզը հանդիպելու է Կապանի քաղաքապետին:
Այս օրերին կոմբինատի աշխատակիցներին պարգեւավճարներ են տրամադրվում: Ինչպես տեղեկացնում են կոմբինատից, նախորդ տարվա աշխատանքի արդյունքները բավականին լավ էին եւ ըստ այդմ էլ ընկերությունը որոշել է իր աշխատողներին խրախուսել:
Իսկ «Էկոլուրը» սեփական աղբյուրներից տեղեկացել է, որ Ռիկ Հաուզի հետ Կապան է եկել կանադացի մասնագետ Ջորջ Մովերը, ով ենթադրաբար պետք է զբաղվի Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծով: Հիշեցնենք, որ իր առաջին այցի ժամանակ Ռիկ Հաուզը ասել էր, որ եթե բաց եղանակով շահագործման մասին որոշում լինի, ապա հարցը կդրվի հասարակական լայն քննարկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել