Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԻՑ ԲԱՑԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Մարտ 17,2011 00:00

\"\"ՀՀ արդարադատության նախարարության եւ ԵԽ-ի կողմից երեկ սկսվեց աշխատանքային երկօրյա քննարկում՝ նվիրված ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցներին:

Քննարկմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի քարտուղարությունից Լուլյետա Կասան, Գերմանիայի նախկին դատավոր Յուրգեն Մութսը, քրեակատարողական իրավունքի պրոֆեսոր, Մաստրիխտի համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Ջերալդ Դե Յոնգը, Մեծ Բրիտանիայի իրավագիտության ավագ դասախոս Ռիչարդ Վոգլերը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձավ Հայաստանի ազատազրկման վայրերում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ գերբեռնվածությանն ու պատժատեսակների կիրառմանը:
Նա ասաց, որ մեզանում չեն կիրառվում այլընտրանքային պատժատեսակներ՝ հանրային աշխատանք, տնային կալանք, քանի որ. «Մեր գիտական շրջանակները թերահավատորեն են մոտենում այդ հարցին»: Չբացառելով կոռուպցիոն ռիսկերը, նա գտնում էր, որ «ինչ-որ առումով պետք է վերանայվեն ազատազրկման հետ կապված պատիժները»: Նախարարը նաեւ հավելեց. «Երբ տեսնում եմ 3 տարվա ազատազրկման դատապարտված անչափահասի, որը զոդման սարք է գողացել, մտածում ես, թե, արդյոք, պատիժն արդյունավե՞տ էր, մենք չե՞նք խախտում համաչափության սկզբունքը»:
Տիկին Լուլյետա Կասան տեղեկացրեց, որ իրենց հրավիրել է Հայաստանը եւ պատրաստ են օգնել Հայաստանին, ներկայացնելով տարբեր երկրների ազատազրկման վայրերի մոդելները:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Արա Գաբուզյանը նախ նկատեց, որ հանցագործությունների թիվը մեզանում աճել է եւ «պատժատեսակների զինանոց» չկա: Ա. Գաբուզյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այլընտրանքային պատժատեսակը՝ հանրային աշխատանքները, դատապարտյալի դիմումի հիման վրա է լինում, նրա ցանկությամբ. «Եվ դատավորները, ազատազրկումից բացի, այլընտրանք չեն ունենում»: Պարոն Գաբուզյանը ներկայացրեց հանրային աշխատանքների ընդհանուր բնույթը, որը կիրառվում է ոչ ծանր, միջին ծանրության հանցագործությունների դեպքում: Ըստ նրա, պրակտիկան ցույց է տալիս, որ դատապարտյալների 90 տոկոսը տուգանքի նվճարի անհնարինության ժամանակ է հանրային աշխատանքներ կատարում եւ ազատազրկվածների ազգային հոգեբանության մեջ «հանրային աշխատանք» կատարելը «ամոթաբեր է, անպատվաբեր», հետեւաբար նրանք գերադասում են ազատազրկվել, քան աշխատել:
Ա. Գաբուզյանի կարծիքով, չպետք է հանրային աշխատանքը թողնել դատապարտյալի ցանկությանը, այլ՝ դատավորին վերապահել, որպեսզի որոշի: Առանձին անդրադարձ եղավ «տնային կալանքի» կիրառմանն ու «ժամանցի սահմանափակմանը»: Աշխարհի շատ երկրներում վերոհիշյալ պատժատեսակները լայն տարածում ունեն: Սակայն հարգարժան դասախոսի կարծիքով՝ «պատժատեսակների նախատեսման դեպքում բախվում ենք նոր մեխանիզմների բացակայության փաստին»:
Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանի, ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 5200 ազատազրկված: 100 000 բնակչին ընկնում է մոտ 160 ազատազրկված:
ԱՆ այլընտրանաքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ Լեւոն Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ մայրաքաղաքում ունեն 7 մասնաճյուղ, 10-ը՝ մարզերում: Նա նկատեց, որ ՏԻՄ-երում նախկինում գործող սոցիալական կառույցները, որոնք օգնում էին դատապարտյալին հասարակություն վերադառնալ, դարձել են շահ հետապնդող փակ բաժնետիրական ընկերություններ եւ այլընտրանքը մնում է պատժից վաղաժամկետ ազատումը:
Եվրոպացի փորձագետները շատ զարմացան, երբ հարցրին, թե կառավարության ո՞ր մարմինն է զբաղվում հանրային աշխատանքների կազմակերպման խնդրով, եւ պարզվեց, որ այդպիսի մարմին կամ անձ չկա:
Քրեակատարողական իրավունքի պրոֆեսոր (այդպիսի գիտական աստիճանով մասնագետ էլ չունենք-Ռ.Մ.) Ջերալդ Դե Յոնգն ասաց, որ տեղյակ է Հայաստանի ՔԿՀ-ների վիճակին, տեղյակ է խցերի ծանրաբեռնվածությանը: Նա 2010թ. հուլիսի 1-ի վիճակագրությունը մեջբերեց, ըստ որի՝ 4000 դատապարտյալ կա եւ որ խցերի ծանրաբեռնվածությունն էլ 10 տոկոսով է գերազանցել, ինչն այնքան էլ վատ չէ: Նա ուշադրություն հրավիրեց խոշտանգումներին, մարդու իրավունքների խախտման դեպքերին եւ նաեւ «որոշ մասնագետների վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությանը, որոնք հանցագործների նկատմամբ ունեն վերապահումներ»:
Եվրոպացի փորձագետների համար գերբեռնվածությունը նույնպես խոշտանգում է եւ Ստրասբուրգի դատարանում հնարավոր դատական վեճի հիմք կարող է դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել