Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՐՍԻԿՆԵՐԻՆ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՔ

Մարտ 17,2011 00:00

Կոչ են անում ՀՀ իշխանությունները: Երեւի՝ անկախ այն բանից՝ նրանք օրենք են  խախտում, հայ աղջիկներին «ձեռ են գցում», թե փողոցում հարբած զբոսնում են:

Ընդամենը 4-5 օրից սկսվելու է պարսիկների ամենասիրելի տոնը՝ Նովրուզ բայրամը՝ Նոր տարին: Արդեն քանի տարի է՝ հազարավոր պարսիկներ գերադասում են այս տոնը նշել Հայաստանում, քանի որ մեր երկրում կարող են իրենց թույլ տալ այն ամենը, ինչն արգելված է իրենց երկրում՝ Իրանում: Այսինքն, գոնե տոն օրերին, որը տեւում է 13 օր, պարսիկներն օգտվում են կյանքի գրեթե բոլոր «բարիքներից»՝ ոգելից խմիչք, դիսկո ակումբներ եւ, ինչու չէ, նաեւ մարմնավաճառ կանանց ծառայություններից: Մաքսատան աշխատակիցների խոսքերով, այս տոնին Հայաստան այցելող պարսկուհիներն այնքան անհամբեր են սպասում, որ սահմանը հատելուն պես՝ մի կողմ են նետում գլխաշորերը, հագուստն են փոխում եւ սրտի ուզածի պես դիմահարդարվում:
Այս տոնին, թերեւս, շատ հայեր, օրինակ՝ տաքսու վարորդներն ու վարձով բնակարաններ տրամադրողներն ավելի անհամբեր են սպասում, քան հենց իրենք՝ պարսիկները: Չնայած, ինչպես պարսիկներն են պնդում՝ Հայաստան ժամանելուն պես, բազմաթիվ խանութներում իրենց համար զեղչեր են անում, ճիշտ հակառակ պատկերն է լինում անշարժ գույքի շուկայում եւ տաքսիների ծառայությունների գներում: Այդ օրերին բավականին կտրուկ բարձրանում են վարձով բնակարանների գները, իսկ տաքսու վարորդները, ինչպես որ շատ զբոսաշրջիկների հետ են վարվում, միշտ ուղեվարձից ավելի գին են «կրակում»:
Այս տարի տուրիզմի ոլորտի մեր պաշտոնյաները հաշվել են ու պարզել, որ Նովրուզ բայրամի տոնին ակնկալվում է մոտ 30 հազար պարսիկ զբոսաշրջիկի այց Հայաստան, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է մոտ $1000 ծախսել մեր երկրում՝ նախորդ տարիների $700-800-ի փոխարեն: 
Եթե հայ ոստիկաններն իրենց հայրենակիցներին խիստ են վերաբերվում, մեկ-մեկ էլ «մուննաթ» են գալիս, ապա պարսիկների նկատմամբ շատ ավելի բարեհամբույր են եւ հանդուրժող. հրամանը վերեւից են ստանում: Նույն կերպ են վարվում նաեւ ճանապարհային ոստիկանները, որոնք հաճախ աչք են փակում պարսկական պետհամարանիշով մեքենաների խախտումների վրա: Ոստիկաններին հրահանգված է մեղմ ու բարեհամբույր վարվել պարսիկ-զբոսաշրջիկների հետ: Վերջիններս էլ, առիթից օգտվելով, իրենց այն աստիճան ազատություն են տալիս, որ սկսած տրանսպորտից, խանութներից մինչեւ տարբեր սպասարկման կետերը, իրենց չափազանց ազատ են պահում եւ նույնիսկ անկարգ արարքներ են թույլ տալիս: Նախորդ տարի Նովրուզ բայրամին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների անվայել արարքների մասին մեզ հետ կիսվեցին մի քանի քաղաքացիներ. «Մայրաքաղաքի խանութներից մեկում հաց գնելիս նկատեցի, թե ինչ լկտի ու արհամարհական էին իրենց պահում: Մի քանի պարսիկ երիտասարդներ ձեռքերով տաղավարի գրեթե բոլոր հացերը տակնուվրա արեցին, իբր թե լավագույնն են ընտրում: Հետո այդ երիտասարդներից մեկը ներքեւի դարակի հացերն անգամ ոտքով էր այս ու այն կողմ հրում: Իսկ հացերը փաթեթավորված չէին: Երբ փորձեցինք նրանց ասել, որ իրենց կոռեկտ պահեն, մի բան էլ իրենք դժգոհություն հայտնեցին ու մրթմրթալով դուրս եկան: Խանութի աշխատակիցներն էլ դժգոհեցին, որ հաճախորդ կորցրին»: Քաղաքի խանութներից մեկի աշխատակցի պատմելով էլ՝ «Ճիշտ է, շատ պարսիկներ են այցելում խանութ, լավ առեւտուր անում, բայց իրենց այնքան անքաղաքավարի են պահում, որ գերադասում ենք չգան: Նախ ամբողջ ապրանքը խառնում են իրար: Օրինակ՝ զգեստ կամ կոշիկ փորձելիս այնքան անուշադիր են անում, որ ապրանքը վնասում են, պատռում ու մի բան էլ մեզ վրա «մատ թափ» տալիս, իբր ապրանքն է անորակ: Եվ սա եզակի դեպք չէ, որ ասենք՝ դե լավ, ոչինչ: Չնայած պետք է խոստովանենք, որ բավականին շատ ապրանք են գնում, սակայն մեզ հետ այնպես են վարվում, կարծես թե իրենց ծառան ենք: Մեծ խմբերով են մտնում խանութ, իրենց դուրս գալուց հետո կարծես ռումբ պայթեցրած լինեն խանութում»: Պարսիկ զբոսաշրջիկները քաղաքի փողոցներում էլ իրենց անկարգ են պահում՝ հատկապես երեկոյան ժամերին, երբ հենց փողոցում են իրենց խնջույքները կազմակերպում. նախ իրենց նեղություն չեն տալիս աղբը նետել աղբամանը, ռեպլիկ են հնչեցնում հայ կանանց եւ աղջիկների ետեւից ու դեռ մի բան էլ դժգոհում են, որ մեզ մոտ ծառայությունների որակը ցածր է:
Այս ամենից հետո, ոլորտի պատասխանատուները ծառայություններ մատուցող անձանց եւ բնակչությանը հորդորում են պարսիկ զբոսաշրջիկների հանդեպ լինել հյուրընկալ եւ սիրալիր։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցրեց, որ այս տարի աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստան այցելած իրանցիներից բողոքներ չլսվեն: Պարզվում է, որ պարսիկ զբոսաշրջիկները դժգոհել են ոչ միայն տաքսիների բարձր գներից, այլեւ, ինչպես վարչության պետը նշեց, պատմամշակութային հուշարձանների տեղեկատվական վահանակների վրա պարսկերեն տեղեկատվություն չլինելուց եւ ճանապարհային ոստիկանների անգլերեն լեզվին չտիրապետելուց:

Պատկերը, որ նկարագրված է հոդվածում, հար եւ նման է հայերի՝ ամռանը Բաթումը զավթելուն: Եթե հավատանք բաթումյան ԶԼՄ-ներին, հայերն իրենց Բաթումում նույնքան անշնորհք եւ ամբարտավան են պահում, իսկ նրանց ոստիկաններին էլ հրահանգված է հայերին լավ նայել, քանի որ՝ «կլիենտ վսեգդա պրավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել