Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՆ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ

Մարտ 17,2011 00:00

Ճապոնիայի կառավարության տրամադրած 10-րդ դրամաշնորհով Հայաստանը ձեռք է բերել նոր գյուղտեխնիկա: Այն մրցութային կարգով կարող են գնել սահմանային, բարձր լեռնային գոտում գտնվող համայնքների կոոպերացիաները:
Ներկրվել է 61 միավոր տրակտոր, 7 գութան, 3 հավաքիչ-մամլիչ եւ նույնքան էլ կցասայլակ, որոնք, ըստ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանի, կոոպերացիաներին կվաճառեն գործարանային գնից 50% պակաս: Նախապատվությունն էլ գյուղնախարարությունը կտա այն կոոպերացիաներին, որի անդամները՝ 15-ից, իսկ հողատարածքը՝ 40 հեկտարից պակաս չի լինի: Փոխնախարարը երեկվա ասուլիսում ասաց, որ գյուղտեխնիկան ձեռք բերելու համար արդեն 800 հայտ են ստացել: Պարոն Կարապետյանը դժվարացավ նշել, թե որ մարզն է տեխնիկայի առումով ավելի անապահով. «Համեմատաբար Լոռին, թեեւ բոլոր մարզերում էլ մաշված ու գրեթե անպիտան տեխնիկա է աշխատում: Ամեն 8 տարին մեկ պետք է թարմացվի գյուղտեխնիկան, դրա համար հստակ չեմ կարող ասել, թե ինչքան է հարկավոր ներկրել, որ էլ տեխնիկայի պակաս չունենանք»: Փոխնախարարը մտավախություն ունի, թե «հոբելյանական» 10-րդ դրամաշնորհը գուցե վերջինը լինի՝ հաշվի առնելով Ճապոնիայում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ճապոնացիներին օր ու արեւ չի տալիս ցունամին ու երկրաշարժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել