Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սառը պատերազմ՝ ի վնաս ուղեւորների

Մարտ 17,2011 00:00

Շարունակվում է «Արմավիա» ազգային փոխադրողի եւ «Զվարթնոց» օդանավակայանի (պաշտոնական անունը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ) միջեւ օրերս թարմացած, բայց չորս տարվա ընթացքում թերեւս չմարող սառը պատերազմը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Զվարթնոցը» մի քանի ժամով դադարեցրել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը, իսկ երեկ, ի նշան բողոքի՝ «Զվարթնոցի» բարձր գների դեմ, «Արմավիան» էր մի ժամով հետաձգել իր թռիչքները:
Սակայն, հավանաբար, «դանակը հասել էր ոսկորին», եւ երեկ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն արդեն անձամբ եւ հրապարակայնորեն դժգոհեց «Զվարթնոցից»: «Որքանո՞վ է արդարացի, որ ամսական 950 չվերթ իրականացնող «Արմավիան» էլ է նույն սակագներով սպասարկվում եւ ընդամենը 4 չվերթ իրականացնող ընկերություններն էլ: Մենք անընդհատ լռել ենք՝ հարգելով գործընկերային հարաբերությունները օդանավակայանի հետ, բայց արդյունքում մենք ենք միշտ տուժել, որովհետեւ մե՛զ են բոլորը մեղադրել ինքնաթիռի տոմսերի թանկության մեջ, այն դեպքում, երբ «Զվարթնոցի» սակագները գրեթե 3 անգամ բարձր են Մոսկվայի եւ 2,5 անգամ բարձր՝ Հռոմի սակագներից: Մենք չորս տարի շարունակ առանց որեւէ արդյունքի բանակցում ենք օդանավակայանի հետ: Ստիպված ենք լինում մեր օդանավերի սպասարկումը, վառելիքով լիցքավորումն անել այլ օդանավակայաններում: Եվ դեռ այս ամենին էլ գումարվում է անընդհատ չուզողությունը: Անընդհատ գրում են՝ «Արմավիան» վաճառվում է, «Արմավիան» սնանկանում է… Նման բաները միայն ազգի թշնամուն են հատուկ: Ազգային փոխադրողի հանդեպ նման վերաբերմունքն ուղղակի թշնամություն է: Ի՞նչ է, ուզում եք վերադառնա՞ն այն ժամանակները, երբ այլ երկիր թռչելու համար Թիֆլիս էինք հասնում: Կամ, Աստված չանի, մի բան որ պատահի, մյուս փոխադրողները այստեղ չեն մնա, չէ՞, հիշեք Վրաստանի մի քանի օրվա պատերազմի ժամանակ Վրաստան ոչ մի ընկերություն չէր թռչում: Ո՞ր մի ընկերությունը Հայաստան կգա, եթե մի բան պատահի… «Արմավիան» չի վաճառվում՝ պաշտոնապես հայտարարում եմ, եւ Փարիզում էլ մեր ինքնաթիռը ոչ թե ձերբակալվել է, այլ նորոգվում է, ու մենք բանակցում ենք նրա լիզինգի գնի նվազեցման ուղղությամբ»,- հայտարարեց երեկ գործարարը՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ պայմանագրի կնքման ժամանակ: Այդ պայմանագրով ՎՏԲ-ն «Միկա» ընկերությունների խմբին $20 մլնի վարկավորում է տալիս, որը կծախսվի ինչպես «Արմավիայի», այնպես էլ մյուս ընկերությունների արդիականացման համար: «Ոչ, չեմ պատրաստվում այդ գումարներով փակել օդանավակայանի պարտքը, որովհետեւ այդ պարտքն այնքան էլ մեծ չէ: Մեր ընկերությունն ամեն ամիս «Զվարթնոց» օդանավակայանին վճարում է $4-8 մլն: Բոլոր նորմալ օդանավակայաններում վճարումը կատարվում է ծառայությունների մատուցմանը հաջորդող ամսում»,-ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց Բաղդասարովը: Իսկ «Առավոտի» հարցին, թե «Արմավիայի» երեկվա ակցիան՝ պլանային չվերթների հետաձգումը, որեւէ արձագանք ստացե՞լ է օդանավակայանից, գործարարը պատասխանեց, որ չի եղել որեւէ արձագանք, եւ ինքը չի էլ ակնկալում, որ օդանավակայանը որեւէ բան կանի, քանի որ «օդանավակայանի ղեկավարությունն իրեն ուժեղ է համարում եւ կարծում է, որ կարող է եւ պետք է մեզ ճնշի: Մենք այդ ակցիայով ուզում էինք ուշադրություն գրավել եւ առաջին հերթին՝ հակամենաշնորհային հարցերով զբաղվող գերատեսչությունների ուշադրությունը»:
Իրենց հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայանները երեկ հայտարարություն էին տարածել, որով պնդում էին, որ «Արմավիան» ոչ թե մեկ ամսվա գումար է պարտք, այլ երեք ամսվա: Եվ հավելել էին.  «Ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի  մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը: Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, նշենք, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը ձեռք է բերում  «Արմավիա» ավիաընկերության  բաժնետիրոջը պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունից եւ վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  սահմանած բանաձեւի: Ընդ որում,  ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիաե միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները  սահմանվել են 2005թ.՝ հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը եւ առ այսօր չեն փոփոխվել»:
Ի դեպ, «Արմավիայի» մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ պարտքը պլանային է եւ ամենեւին՝ ոչ երեք ամսվա:

Հ. Գ. Ի հեճուկս «չուզողների»՝ ապրիլին մեծ շուքով «Արմավիան» Հայաստան է բերելու երկու նոր օդանավ՝ «Սուխոյ», որոնք, ըստ Բաղդասարովի, հավաքվում են «Բոինգի» մասերից եւ բավականին լավ տվյալներ ունեն, բարեհաջող անցել են տարբեր տեսակի փորձաքննություններ: Այդ կապակցությամբ եւս նա կրկին նշեց, որ «Արմավիայի» վատը կամեցողներն ուղղակի ազգի թշնամի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել