Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆՔ

Մարտ 17,2011 00:00

\"\"ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ դրա համար էլ դեռ չենք հաղթահարել ճգնաժամը

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով պետությանը լիազորություն է տրվում մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների 30% գնաճի դեպքում միջամտել ու գների վերին շեմ սահմանել, մտահոգել է ԱԺ պատգամավորներին:
«Այս որոշումը զուրկ է տրամաբանական գործողություններից: Ի՞նչ է նշանակում 30 օրվա ընթացքում 30% աճ: Սա նշանակում է, որ, օրինակ, 29%-ի դեպքում կառավարությունը չի՞ ուսումնասիրելու կամ գործողություն չի՞ ձեռնարկելու: Սա ինքնին բացասական ազդակ է հասարակությանը, որով ասում է՝ պատրաստ եղեք գնաճային թռիչքների, հնարավոր է՝ անվերահսկելի իրավիճակ առաջանա: Եթե գնաճը արտաքին ազդակներով է պայմանավորված, ապա ինչպե՞ս է կառավարությունը տնտեսվարողի նկատմամբ գների զսպման քաղաքականություն կիրառելու, որը հակաշուկայական քաղաքականություն է»,- երեկվա բանավեճում հարցնում էր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Գործընկերոջ տեսակետը կիսեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը. «Նույն հարցը ես եմ տալիս, ինչո՞ւ 29 օր կամ 30% եւ ոչ թե 10% ու 10 օր: Այս նախագիծը պետք է մանրակրկիտ քննարկենք Ազգային ժողովում ու լսենք, հասկանանք կառավարության տեսակետը»: Պարոն Մինասյանի կարծիքով, գնաճը զսպելու կառավարության ջանքերը անարդյունք են, որովհետեւ կիրառվող գործիքները ճիշտ հակառակ արդյունքն են տալիս. «Թե ճգնաժամի ժամանակահատվածում, թե 2010-ին ու թե հիմա անընդհատ տեսնում ենք, որ գնաճի զսպման քաղաքականությունը բերում է տնտեսական ակտիվության կասեցմանը, ազգաբնակչության աղքատացման խորացմանը եւ եկամուտների անհամաչափ բաշխմանը»: ՀՅԴ պատգամավորը նաեւ նշեց, որ կառավարության հետ այլեւս հույսեր չի կապում, որովհետեւ, ըստ նրա, տնտեսական այդ թիմը ձախողել է ե՛ւ նախագահի նախընտրական, ե՛ւ կոալիցիոն հուշագրերում ամրագրված ծրագրերը: Իր տեսակետը ներկայացնելուց հետո պարոն Մինասյանը դիմեց ՀՀԿ պատգամավորին. «Ի՞նչ եք կարծում, ճգնաժամը Հայաստանում վերացե՞լ է»: Հարցին հարցով պատասխանեց պարոն Հակոբյանը. «Ճգնաժամը աշխարհում հաղթահարվա՞ծ է: Էսօր ճգնաժամից զարգանալով գնում ենք էն տեմպերով, որոնք ունենք: 2009-ի համեմատ, այո՛, հաղթահարել ենք, իսկ 2011-ի մարտի 16-ի դրությամբ՝ ոչ, որովհետեւ դեռ զարգանում ենք»: Պարոն Հակոբյանը՝ հիշեցնելով նախագահի հանձնարարականը, որով նախատեսվում է մինչեւ հունիս այնպիսի տնտեսական քաղաքականություն վարել, որ քաղաքացիներն էլ նկատեն, էլ ավելի ոգեւորվեց. «Սա նշանակում է, որ պետք է կարգավորվի գնաճը, պետք է լինեն նոր աշխատատեղեր, ցածր տոկոսադրույքներով ներդրումներ՝ գյուղատնտեսության մեջ եւ այլն»:
 Պարոն Մինասյանն էլ հարցրեց՝ եթե 2008-ից մինչեւ այսօր ոչինչ չի արվել, երեք ամսում ի՞նչ է արվելու: ՀՀԿ պատգամավորն էլ հակադարձեց. «Դուք հեղափոխական սկզբունքներով եք շարժվում, իսկ մենք՝ պահպանողական: Դրանք տարբեր բաներ են»: «Ոչ թե պահպանողական, այլ հետադիմական սկզբունքներով եք առաջնորդվում»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով Վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալներին, թե Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվարին 7,7% է կազմել, դաշնակցական պատգամավորն «Առավոտին» ասաց, որ իր հաշվարկներով՝ հունվարին տնտեսությունում ոչ թե ակտիվություն, այլ անկում է արձանագրվել մոտ 3%-ի շրջանակում:
Ինչ վերաբերում է ԿԲ դրամավարկային քաղաքականությանը, որով բարձրացվել են վերաֆինանսավորման տոկոսադրույքներն ու պահուստավորման նորմատիվը, մեզ հետ զրույցում պարոն Մինասյանն ասաց, որ այն բերելու է փողի թանկացման. «Այդ քաղաքականությամբ նշանակում է կասեցնել տնտեսական ակտիվությունը, նվազեցնել սպառողական վարկավորման ծավալները, մեծացնել գործազրկությունը, նվազեցնել աշխատավարձի տված էֆեկտը: Այլ կերպ ասած՝ գնաճային այս ֆոնի վրա դա բերելու է գնողունակության ավելի մեծ անկման»: Պարոն Մինասյանի կարծիքով, գնաճը զսպելու համալիր գործողություններ են պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել