Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնության գրկո՞ւմ եք, որ վրան տեղադրեք

Մարտ 17,2011 00:00

Այս հիմնավորումը բերելով՝ առանց օրենքի որեւէ դրույթ վկայակոչելու ոստիկանության ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպյանն արգելել է հացադուլավորին գիշերն
անցկացնել ոչ բաց երկնքի տակ:

Ազատության հրապարակում անցկացրած հացադուլի առաջին՝ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանի համար չի անցել առանց միջադեպերի: «Մեր ոստիկանությանը եւ ընդհանուր առմամբ՝ իշխանությանը, ինչպես համոզվում ենք ամեն քայլափոխի՝ հատուկ չէ անգամ հումանիզմի, մարդասիրության տարրական տարրը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա մանրամասն պատմեց, թե ինչպես են գիշերը փորձել այն նստարանի ետեւում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անցկացնում՝ խփել մի փոքրիկ վրան, որտեղ նա կկարողանար հանգստանալ. «Եվ միանգամից մեկ տասնյակ մարդ շրջապատվեցին եռակի անգամ շատ ոստիկաններով»: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի՝ ոստիկանների առաջարկն է եղել քնել նստարանի վրա: Անօգուտ են եղել հիշեցումները, որ հացադուլ հայտարարած մարդը՝ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն, օգտվում է ոչ միայն վրան ունենալու, այլեւ անհրաժեշտ պայմաններ ունենալու բազմաթիվ իրավունքներից: Ապարդյուն են եղել եւ խնդրանքները՝ նշել օրենքի որեւէ դրույթ, որը հնարավորություն է ընձեռում ոստիկանությանը կիրառել նման սահմանափակումներ: Այդ բանակցությունների ընթացքը այս հասցեում է՝ https://www.youtube.com/watch?v=4EJy8XeFmlY&feature=player_embedded:
Եվ ըստ տեսագրության՝ ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպյանը մասնավորապես նման հակափաստարկներ է ներկայացնում. «Հանրապետության մայրաքաղաքի սրտում եք», «Գնացեք քաղաքից դուրս վրան տեղադրեք», «Քաղաքն եք կեղտոտում», «Չեմ բացառում, որ մի վրանը դառնա 2, 3, 4, 5», «Ծառայողական գաղտնիք կա՝ պարտավոր չեմ հրապարակել»: Ի վերջո՝ ներկաները վրանը ձեռքերով են պահում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն ունենա հանգստանալ: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կատարվածի մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակին, եւ բողոքն ընդունվել է քննարկման:
Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, հետաքրքրվել ինքնազգացողությամբ: Նրան սեփական նախաձեռնությամբ զննելու են եկել նաեւ Երեւանի թիվ 4 պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտները եւ արձանագրել, որ առողջական վիճակը «դեռ նորմալ է»:
Օրվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են բազմաթիվ մտավորականներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Աշոտ Ադամյանը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀԱԿ-ից՝ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սմբատ Այվազյանը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը եւ այլք:
Եղան նաեւ զորակցող հայտարարություններ: «Սարդարապատ» շարժումը տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Րաֆֆի Հովհաննիսյանը 2011թ. մարտի 15-ին հայտարարելով հացադուլ՝ «ծոմ ազատության», իշխող վարչակարգի դեմ համաժողովրդական պայքարի ջահը գրասենյակներից եւ Մատենադարանից տեղափոխեց Ազատության հրապարակ: Սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի վճռական եւ խիզախ այս քայլը, որը կարող է դառնալ ռեժիմից ազատագրվելու եւ հայ ժողովրդի միասնության ու համախմբման իրական սկիզբ»: Այս շարժման որոշ անդամներ ներկա էին մարտի 15-ին «Ժառանգության» բաց համաժողովին: Սակայն անպատկերացնելի էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող հայտարարություն կաներ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որը մշտապես քննադատել է «Ժառանգությանն» ու նրա ղեկավարին, իսկ հիմա «ողջունում է նրա քաղաքական կեցվածքն ու խստագույնս դատապարտում Հայաստանի իշխանությունների բիրտ գործողությունները, որոնք արդեն իսկ դրդում են քաղաքական գործիչներին դիմելու նման ծայրահեղ քայլերի»:

Հ. Գ. «Ժառանգության» առաջնորդն էլ է երեկ արձագանքել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ասածին՝ «Հնարավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է պարզապես հաճելին համատեղել օգտակարի հետ»: Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է. «Եթե իրեն թվում է, թե սա հաճելի զբաղմունք է եւ ինչ-որ ուրախությունից ծնված հաճույք՝ ես իրեն հրավիրում եմ, որ ինձ միանա, ու շատ մեծ ուրախությամբ այս գիշերը կանցկացնենք այստեղ՝ Ազատության հրապարակի նստարանների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել