Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓՈԽՎԱԾ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՎՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Մարտ 17,2011 00:00

\"\"ԵԽԽՎ համազեկուցողները երեկ հանդիպեցին Վարդան Օսկանյանին եւ Ռիչարդ Կիրակոսյանին ու չհանդիպեցին ԱԺ խմբակցություններին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի՝ երեկվանից Երեւանում մեկնարկած հանդիպումների առանցքում, ինչպես հայտարարվել է՝ ոչ միայն 2008 թ. մարտի դեպքերից հետո անազատության մեջ գտնվողների գործերն են, այլ նաեւ «Ընտրական օրենսգրքում», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքներում փոփոխությունները, արդարադատության եւ ոստիկանության բարեփոխումները: Եվ չնայած օրենսդրական աշխատանքին առնչվող թեմաները զգալի մաս են կազմում նրանց օրակարգում՝ նախատեսված չէր հանդիպում ԱԺ խմբակցությունների հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն «Առավոտին» պատմեց, որ մարտի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Ամալյա Կոստանյանի պատվին կազմակերպված երեկոյի ընթացքում զրուցել է ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանում ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի հետ. «Նրան խնդրեցի փոխանցել մեր վրդովմունքը. ի՞նչ է նշանակում այցելել Հայաստան, գնահատել պարտավորությունների կատարման ընթացքը՝ չհանդիպելով ԱԺ խմբակցություններին, եթե այդ պարտավորություններից շատերի կատարումը ենթադրում է օրենսդրական լուծումներ ու բարեփոխումներ: Ի պատասխան իմ այդ դժգոհության՝ Սիլվիա Զեհեն տեղեկացրեց, թե որեւէ կերպ մասնակցություն չի ունեցել օրակարգ կազմելիս: ԱԺ-ն է կազմել հանդիպումների գրաֆիկը»: Ստեփան Սաֆարյանը ենթադրեց. «Հավանաբար, համարել են, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպումը կարող է նաեւ համարվել հանդիպում խմբակցությունների հետ: Բայց հաշվի առնելով մարտի 15-ից ստեղծված իրավիճակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել այդ հանդիպմանը»:
Նշենք, որ փոխարենը Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը երեկ առանձին հանդիպումներ են ունեցել հետազոտական երկու կենտրոնների ղեկավարների՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ: Վերջինիս հետ, մեր ունեցած տեղեկություններով, նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին առնչվող հարցեր: ՀՀ արտգործնախարարի պաշտոնը թողնելուց հետո սա առաջին դեպքն է, երբ ԵԽԽՎ համազեկուցողներն առանձին հանդիպում են ունենում պրն Օսկանյանի հետ, որը սկսել է ավելի կոշտ քննադատել գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ բազմիցս հանդես է եկել քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող գործիչներին ազատ արձակելու հորդորով:
Ինչո՞վ է պայմանավորված համազեկուցողների հանդիպումների ձեւաչափի նման փոփոխությունը՝ մեր այս հարցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, ամեն անգամ նրանք զրուցակիցներ են ընտրում՝ պայմանավորված իրավիճակով եւ այն խնդիրներով, որոնց վերաբերյալ պատասխաններ են ուզում ստանալ: Եվ չի կարելի ասել, թե խորհրդարանական ընդդիմության հետ նախատեսված չէր հանդիպում, քանի որ ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության մեջ ներկայացված են բոլոր խմբակցությունները: Ենթադրվում էր, թե պատվիրակության հետ հանդիպելիս յուրաքանչյուր խմբակցություն կունենա ժամանակ, որի ընթացքում կներկայացնի իր դիրքորոշումներն այն հիմնական հարցերի վերաբերյալ, որոնց է նվիրված այս այցը»:
ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, թե նոր քննարկումների անհրաժեշտություն կա՝ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Դավիթ Հարությունյանը համազեկուցողներին տեղեկացրել է, թե ոստիկանության ոլորտում կատարված փոփոխությունները դեռ հասարակության համար տեսանելի չեն, սակայն կատարվել են մի շարք կարեւոր քայլեր՝ մարտի 1-երը չկրկնելու համար: Նաեւ հայտնել է, որ առաջիկա քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել հանրահավաքների անցկացման մասին նախագիծը:
Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը Դավիթ Հարությունյանին հանդիպել են նաեւ որպես ՀՀ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների աշխատանքային խմբի անդամի: Եվ այս մի հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, նա պատմել է, թե 2 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել խմբի աշխատանքներին՝ «ներկայացնելով վերջնագիր՝ կա՛մ ընդունել իրենց առաջարկները, կա՛մ կհրաժարվեն խմբի աշխատանքներին մասնակցելուց»: Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ օրինագիծն արդեն պատրաստ է՝ եզրակացություն ստանալու համար ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ միաժամանակ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված: Առաջիկա քառօրյայում այն կքննարկվի առաջին ընթերցմամբ, որից հետո ԱԺ-ն կսպասի Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: Վերջինիս կարծիքը ստանալուց հետո կանցկացվեն հանրային քննարկումներ, նոր միայն լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ լրամշակված «Ընտրական օրենսգրքում» հստակեցվել են ֆինանսավորման կանոնները, խստացվել ֆինանսական փաստաթղթերի կեղծիքների դեպքում նախատեսվող պատժամիջոցները, նախատեսվում է ընտրական հանձնաժողովի ղեկավար կազմ ընտրել ըստ խորհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածության: Եվ շատ հետաքրքիր է հետեւյալ փոփոխությունը՝ «ՀՌԱՀ-ին պարտավորեցվել է նախապես հրապարակել լրատվամիջոցից օգտվելու անաչառ մեթոդիկա»:
Ի տարբերություն ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, որը մի հանդիպում ունեցել էր լրագրողական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների, ու մի առանձին հանդիպում էլ՝ «Ա1+» եւ «Գալա» հեռուստաընկերության ղեկավարների հետ՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները որպես հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հանդիպել են միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի եւ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ: Վերջինս մեզ պատմեց. «Հանդիպման հիմնական թեման «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունն էր, թե ինչ փուլում է այն: Դա ներկայացրեց Բորիս Նավասարդյանը: Հետո Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց, թե այս վերջերս իրենք սկսել են լավ աշխատել՝ բազմակարծություն են ապահովում եւ այլն: Նաեւ խնդրեց, որ մոնիտորինգ անցկացվի: Ես էլ ասացի, թե նման մոնիտորինգն օգտակար կլինի, քանի որ միայն այդ ընթացքում են մեր հեռուստաընկերությունները նորմալ աշխատում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ էլ ասացի, թե այն բազմիցս փոփոխությունների է ենթարկվել, եւ հիմա ինչ լավ փոփոխություններ էլ առաջարկի ՄԻՊ ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբը՝ չի ընդունվի: Քանի որ մինչ նման առաջարկները հասնում են ԱԺ՝ հրահանգ է լինում, թե պետք է ընդունվի այնպես, ինչպես որոշված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել