Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՍԸ ՀԱՑԱԴՈ՞ՒԼ Է

Մարտ 17,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլից խիստ զարմացած ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկվա ասուլիսում պարոն Հովհաննիսյանին խորհուրդ տվեց գնալ Էջմիածին. «Ծոմը եկեղեցական արարողություն է, որը պահում են պասի վերջին շաբաթը: Պարոն Հովհաննիսյանը այս անգամ տեղի ու ժամանակի սխալ ընտրություն է կատարել, եթե ծոմ է պահում, պետք է Էջմիածին գնա, ոչ թե հրապարակ, իսկ եթե քաղաքական բողոք է իշխանությունների դեմ, ապա դա պետք է լիներ պասի ձեւով»: Իսկ թե ինչ կապ ունի հացադուլը պասի հետ, պատգամավորը բացատրեց, որ պասի շրջանում բոլորն էլ հացադուլ են հայտարարում: Պարոն Հակոբյանը նշեց, որ չի պատրաստվում այցելել Հովհաննիսյանին, որովհետեւ չի կիսում նրա քաղաքական տեսակետները: Իսկ ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանի բեղերը կտրելուն, ՀՀԿ պատգամավորը ասաց, թե դա արդեն իրեն չի վերաբերում, դա կանանց գործն է: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ «Ժառանգության» ղեկավարի արարքը ուժեղ կամք ունեցող մարդուն բնորոշ քայլ որակեց ու ասաց, որ առաջիկա օրերին անպայման կայցելի նրան. «Այս պահին դժվար է գնահատել, թե արդյունավետության առումով ինչպիսի քաղաքական քայլ է, առավել եւս, որ դեռ պարզ չեն այդ քայլի պահանջներն ու նպատակները»: Պարոն Հակոբյանն էլ հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքը քաղաքական վատ կամ լավ դաշտի վրա ոչ մի ազդեցություն չի թողնելու, իսկ եթե դա ընդամենը ուշադրություն գրավելու ձեւ է, ապա լավ կլիներ, որ նա օգտագործեր ԱԺ ամբիոնը, հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը. «Իր երկու տղաներն էլ ամեն օր «New York Times» թերթում Հայաստանի մասին հոդվածներ են գրում, դա էլ է ուշադրություն գրավելու ձեւ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել