Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հյուրընկալել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ: Հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցերին:
Քննարկվել են նաեւ ազատ եւ արդար ընտրությունների հետ կապված հարցերը, ներքաղաքական լարված իրավիճակի, ստեղծված ծանր սոցիալական վիճակի, Հայաստանի տնտեսությունում օլիգարխիկ եւ մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:
Հենց վերջինից էլ մենք փորձեցինք որոշակի հավելյալ տեղեկություններ ստանալ այդ հանդիպման մասին: Վլադիմիր Կարապետյանը, որ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն է, ասաց, թե քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ, ու համազեկուցողների հետ հանդիպումից իր ստացած տպավորությամբ, «Հայաստանն ու մեր քաղաքական կյանքը թունավորող այն հիմնական՝ քաղբանտարկյալների, ազատությունների խնդիրը առաջնահերթություն է համարվում միջազգային հանրության եւ Հայաստանի հարցով զբաղվող խմբերի ու կազմակերպությունների համար, եւ նրանք առաջիկայում պարտադիր դրանց պիտի անդրադառնան»: Համազեկուցողներից մեկը՝ Աքսել Ֆիշերն այս պաշտոնում «նորեկ» է, ուստի Վլ. Կարապետյանին հարցրինք, թե նա որքանո՞վ էր տեղեկացված Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացվածության, մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտներում ստեղծված իրավիճակին: ՀԱԿ ներկայացուցիչն ի պատասխան ասաց, թե նա առավելապես լսողի դերում է եղել, ուստի՝ ոչինչ ասել այդ առումով ինքը չի կարող: Ինչ վերաբերում է համազեկուցողների հետ հերթական հանդիպման արդյունքում հնարավոր սպասումներին, ապա Վլ. Կարապետյանն ասաց, թե ընդդիմությունը միայն մի բան է ակնկալում համազեկուցողներից՝ «հավատարիմ մնալ իրենց մանդատին ու խղճին, որով նրանք մեծ ծառայություն մատուցած կլինեն թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Հայաստանին»:
Այսօր, վաղ առավոտյան, համազեկուցողների հետ հանդիպելու են նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները: Հանդիպմանը, թերեւս, համազեկուցողների խնդրանքով կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ՝ 3-4 հոգի: Դրանց թվում կլինեն Սարգիս Քլոյանն ու Ալլա Հովհաննիսյանը, նաեւ զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Ճիշտն ասած, ես այս անգամ այդ հանդիպմանը գնում եմ ոչ թե խոսելու, որովհետեւ մենք արդեն շատ ենք խոսել, այլ պատասխան լսելու ակնկալիքով»,- հայտարարեց Ալլա Հովհաննիսյանը՝ համաձայնելով հանդերձ, որ նման հանդիպումներում սովորաբար համազեկուցողներն ավելի շատ լսողի դերում են, քան խոսողի: «Հիմա ես գտնում եմ, որ խոսելու իրենց հերթն է եկել: Մենք պատասխան ենք ակնկալում: Օրինակ, երկու տարի առաջ երբ մենք հանդիպեցինք համազեկուցողների հետ, նախկին համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն մեզ խոստացավ, որ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրելու, սպանությունների հանգամանքները բացահայտելու եւ մեղավորներին ի հայտ բերելու համար միջազգային փորձագետներից բաղկացած խումբ կստեղծվի: Ինչո՞ւ դա չի ստեղծվել կամ պարտադրվել: Կամ՝ իրենք ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ մեր իշխանություններն արդեն երեք տարի ԵԽԽՎ ընդունած բանաձեւերը չեն կատարում»,- մանրամասնեց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ինքը լավատես է ու դեռ հույս ունի, որ համազեկուցողների այցից հետո բարձրացված խնդիրների լուծման համատեքստում, ի վերջո, տեղաշարժ կլինի: