Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏ ԶՈՒՍՊ ԲԱՌԵՐՈՎ ԿՈՆԿՐԵՏ ԲԱՆԵՐ ԱՍԱՑ»

Մարտ 17,2011 00:00

\"\"Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ իշխանությունը պարտավոր է իրականացնել ընդդիմության տրամաբանական ասածները:

– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում պահանջներից մեկն էլ այն էր, թե մարտի մեկի զոհերի հարազատներին մեկ միլիոն պետք է տրվի: Դուք այս հայտարարության մեջ վտանգ տեսա՞ք, թե՞ ոչ:
– Ես այնքան չէի ուզենա, որ ՀԱԿ-ի լիդերը մտներ այդ դաշտը եւ իր խոսքի որակը գցեր: Երբ շատ ճիշտ վերլուծությունների կողքին հնչում են նաեւ նման հայտարարություններ, արդեն խորը ցավ ես զգում, որ պետության առաջին նախագահը մտավ այդ դաշտը եւ մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված 8 քաղաքացիների եւ 2 զինծառայողների կյանքը գնահատեց ինչ-որ գումարներով: Բայց չէ՞ որ մենք ղարաբաղյան պատերազմում ունեցել ենք անհաշիվ զոհեր, հենց հիմա էլ, ցավոք, սահմանին տղաներ են զոհվում, բա ինչո՞ւ նրանց եւս չի առաջարկում, ինչո՞ւ նրանց հարազատներին եւս այդ մեկ միլիոնը չտալ: Ես չեմ ուզում նսեմացնել մարտի մեկի զոհերի հիշատակը, սակայն ինչո՞ւ նման բաներ ասել եւ նսեմացնել սահմանը պաշտպանող հայ զինվորներին, պատերազմի զոհերին: Այ, սա է պատճառը, որ նման մտքեր լսելով՝ այլեւս չես ուզում ուշադրություն դարձնել այն մտքերի վրա, որոնք իրենց մեջ որոշակի ռացիոնալ հատիկ են պարունակում, օբյեկտիվ տարրեր:
– Չե՞ք գտնում, որ մարտի մեկի էջը դեռ չի փակվել:
– Ես շատ նորմալ եմ համարում, երբ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել մարտի մեկի դեպքերի պատճառով դատապարտվածներին, շատ նորմալ եմ համարում, ընդունում եմ, որ դա իրենց պահանջի անբաժան մասն է, եւ անհասկանալի կլիներ, եթե այդ պահանջը չլիներ: Անկեղծ ասած, ես էլ ի վերջո համաձայն եմ այդ պահանջին։ Բայց ինձ համար անհասկանալի է, օրինակ, թե ինչո՞ւ են այդ ամբողջ ցուցակի մեջ խցկում Մուրադ Բոջոլյանին, նկարը թերթում տպում եւ անվանում քաղբանտարկյալ: Կամ ինչո՞ւ բանտում գտնվող մեր ազատամարտիկի նկարի կողքին տպագրվում է Մուրադ Բոջոլյանի նկարը:
– Ձեր կարծիքով, ի՞նչ է կատարվում «Ժառանգություն» կուսակցության ներսում եւ նրա շուրջ։
– Ուզում եմ անկեղծ պատասխանել նաեւ այդ հարցին, թեպետ հասկանում եմ, որ անկեղծ մտքերը ոչ բոլորին են դուր գալիս։ Ես շնորհավորում եմ «Ժառանգության» պատգամավորներին, որ կարողացան 4 հոգով 40 հազարանոց միտինգի աղմուկ հանել: Լավ տեխնոլոգիա էր: Եթե նկատել եք, մինչ այդ ամբողջ մամուլը հեղեղված էր ՀԱԿ-ի հանրահավաքի, ներկայացված կետերի վերլուծություններով, մինչդեռ «Ժառանգությունը» 4 հոգով կարողացավ կոտրել այդ ինֆորմացիան, եւ դրանից հետո ամբողջ մամուլը սկսեց խոսել «Ժառանգության» մասին: (Երբ տեղի էր ունենում հարցազրույցը, դեռ հայտնի չէր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծոմ է պահում եւ սափրել է բեղերը- Մ. Ե.)։
– Ուզում եք ասել, թե ընդդիմադիր ուժերը մեկմեկու խանգարո՞ւմ են:
– Ես ոչ մի բան էլ չեմ ուզում ասել: Ուղղակիորեն շնորհավորում եմ «Ժառանգության» ընկերներին հաջող իրականացրած օպերացիայի համար։
– ՀՀ նախագահի վերջին ելույթները բավականին թափանցիկ էին, եւ ակնհայտորեն սպասվում է, որ դրանց կհետեւեն կոնկրետ փոփոխություններ, մանավանդ՝ նախագահը ինքը եւս շեշտում է, որ կա փոփոխությունների կարիք, եւ անգամ ժամկետներ են նշվում, թե մոտակա ամիսներին հասարակությունը շատ կոնկրետ կզգա այդ փոփոխությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք տարին նախընտրական է եւ այդ պատճառո՞վ են նման հայտարարություններ արվում:
– Որպեսզի հասկանանք, թե ինչ է սա նշանակում, եւս մեկ անգամ պետք է անդրադառնանք ՀՀԿ 20-ամյակին նախագահի ելույթին, քանի որ այն, ինչ այդ ժամանակ ասվեց, այժմ մտնում է կոնկրետ եւ գործնական փուլ: Այն, ինչ հիմա իրագործում է ՀՀ նախագահը, ուղղակիորեն թելադրված է համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով եւ թելադրված է մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությամբ: Կարելի է ասել, որ սա շատ բարենպաստ իրավիճակ է, ինչու ոչ՝ նաեւ ղարաբաղյան խնդրում համեմատաբար հանգրվանային իրավիճակ, որը իշխանությանը թույլ է տալիս անդրադառնալ այն հիմնախնդիրներին, որ ծառացած են մեր հասարակության առջեւ: Նախագահի հայտարարությունները, հանդիպումները, հանձնարարականները կառավարությանը, կոնկրետ նախարարներին եւ կոնկրետ ոլորտների պատասխանատուներին իրավիճակից դուրս գալու հստակ ուղենիշներ են սահմանում:
– Կա՞ն այդպիսի խնդիրներ, որոնք իշխանությունը ուզում է լուծել:
– Իհարկե, դրանք այն խնդիրներն են, որոնք իշխանությունները պարտավոր են եւ պատրաստակամ են լուծել: Դրանք ժողովրդին հուզող սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք իշխանությունը այսպես կամ այնպես փորձում է լուծել:
– Երեւի նկատել եք՝ ընդդիմության ներկայացուցիչներր չեն հավատում հնչող խոսքերին, եւ մասնավորապես՝ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանը եւ այլոք խոսում են այն մասին, որ քանի դեռ կոնկրետ արդյունքներ չկան, դրանք զուտ հայտարարություններ են:
– Ես կարծում եմ, որ այդ կարգի ելույթները նորություն չեն, նախագահի բոլոր ելույթներն էլ մշտապես եղել են կոնկրետ խնդիրների շուրջ, եւ դրանց հաջորդել են կոնկրետ քայլեր: Այս ելույթները եւս ցանկալի էին, սպասելի, եւ դրանք ուղղված էին հասարակությանը, ժողովրդին, քանի որ նախագահը մեկ անգամ չի ասել, որ ինքը բոլորի նախագահն է: Երկրի նախագահի հանձնարարականները հստակ են, հասցեագրված եւ հրապարակային: Ամեն ինչ շատ կոնկրետ է, չկա լղոզված ոչ մի միտք, եւ պատասխանատուները պետք է հետեւություններ անեն, հակառակ դեպքում կհետեւեն կոնկրետ քայլեր: Սա է ասել նախագահը:
– Այսինքն՝ ասել է, թե կհետեւեն պաշտոնանկություննե՞ր:
– Միանշանակ, նախագահը շատ հանգիստ տոնի մեջ շատ զուսպ բառերով կոնկրետ բաներ ասաց: Կարծում եմ՝ բոլորս հասկացանք, որ այն, ինչ ասվել է, պարտադիր է եւ պետք է կատարվի կոնկրետ ժամկետներում:
– Վաղը (արդեն այսօր- Մ. Ե.) եւս ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու, եւ չի բացառվում, որ նոր պահանջներ եւ նոր ցուցակներ կդրվեն իշխանության առաջ: Դուք դրանք կատարելո՞ւ եք:
– Բայց ընդդիմության անելիքը ի՞նչն է՝ հենց ցուցակ եւ պահանջներ ներկայացնելը: Երբեմն մենք քննադատում ենք, թե ընդդիմության բառապաշարը պահանջատիրական է եւ կտրուկ: Բա ընդդիմությունը էլ ո՞ր լեզվով պետք է խոսի, բա ընդդիմությունը ինչի՞ համար է, ընդդիմությունը չի կարող միտինգ անել, հասարակության դժգոհ զանգվածին հրավիրել եւ դիմել իշխանությանը, խնդրել, թե՝ այս արեք, այն արեք: Ընդդիմության հռետորաբանությունը պետք է միտինգային եւ պահանջատիրական լինի: Եթե մենք յուրաքանչյուրս մեզ պատկերացնենք ընդդիմության դերում, նույն ոճով կխոսեինք: Խնդիրն այստեղ այն է, որ վերջնագրի լեզվով պարզապես անարդյունավետ է խոսել իշխանության հետ: Իզուր զբաղմունք է: Իշխանությունը պարտավոր է ընդդիմության ասածի, պահանջի օբյեկտիվ եւ տրամաբանական մասն իրականացնել, ցանկացած իշխանություն պետք է այդպես վարվի՝ որ երկրում ուզում է լինի: Իսկ այն, ինչ հայտարարում է նախագահը, արվելու էր, այդ հարցերը լուծվելու էին, անկախ նրանից՝ ընդդիմությունը միտինգ կանի, թե ոչ, ինչ-ինչ հարցեր կբարձրացնի, թե ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել