Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԹՐԵՍԻ ԴԵՄ՝ ԹԵՅԻ ՄԻՋՈՑՈՎ

Մարտ 16,2011 00:00

\"\"Բրիտանիայի եւ մի շարք այլ վայրերի ամենօրյա թերթերում նշվել է այս շաբաթ անցկացրած հետազոտության արդյունքների մասին: Պարզվել է, որ ոչ միայն թեյ խմելու արարողությունը, այլ նաեւ թեյի պատրաստման ծիսակարգը հանգստացնող ազդեցություն ունեն:Հետազոտությունն իրականացրել են Լոնդոնի համալսարանի հոգեբաններ Մալքոլմ Քրոսսը եւ Ռիտա Մայքլզը:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, իրենք վաղուց փորձում էին չափել եւ հասկանալ սթրեսի ժամանակ թեյի հզոր ուժը: Բացի այդ, ցանկությունը մեծ է եղել նաեւ բացահայտելու թեյի պատրաստման գործընթացի կենարար ուժը:

Փորձերը իրականացվել են 42 կամավորների՝ 21 տղամարդկանց եւ 21 կանանց հետ: Սկզբում նրանց ենթարկել են փորձարկման, իսկ հետո կամավորները խոսել են թեյ խմելու իրենց սովորության մասին:

Կամավորներին երկու կենտանիշ խմբերի բաժանեցին, խմբերից մեկը թեյ էր խմում, իսկ մյուսը՝ ոչ: Ապա նրանց տվեցին լրացնել երկու հոգեբանական թեստ (Սփիլբերգեր եւ «STAIA»՝ չափահասների սթրեսը բացահայտող պետական նախագիծ): Այնուհետեւ մասնակիցներն անցել են ուշադրության կենտրոնացման մտավոր թեստ: Թեստից հետո թեյի խմբին տրվել է մեկական բաժակ թեյ, իսկ մյուս խմբին՝ ջուր: Ապա կամավորները նորից ենթարկվել են սթրեսի ստուգման թեստին:

Հետազոտողները հայտնաբերել են, որ.

1. Նախքան մտավոր սթրեսի առաջադրանքը խմբերի միջեւ սթրեսային մեծ տարբերություն չկար:

2. Թեյ չխմող խմբում առաջադրանքից հետո սթրեսի 25% աճ էր նկատվել:

3. Թեյ խմող խմբում սթրեսի ցուցիչը նվազել էր 4-ով:

4. Մասնակիցները նշել են, որ թեյը օգնել էր հանգստանալ եւ փորձին նախորդող սթրեսները ընկալել ներկայից սահմանազատված:

5. Մասնակիցներից մեկի հավաստմամբ՝ թեյը իրեն սթրեսը որպես ընդգծված հատված տեսնելու հնարավորություն է տվել:

6. Մյուսները հիշեցին, որ որեւէ լուրջ քայլից առաջ լարվածությունը ակամա թոթափել են թեյով:

7. Ոմանց մեջ թեյը հոգատարության եւ ինչ-որ մեկի ուշադրության կենտրոնում լինելու զգացում էր առաջացրել:

Հետազոտողները նաեւ նկատել են, որ ջուր խմելիս մասնակիցները լուռ էին, իսկ թեյ խմողները ծավալել էին հետաքրքիր զրույց: Թեյը նաեւ օգնել էր մտերմիկ հարաբերություններ ստեղծել մասնակիցների եւ նրանց համար թեյ պատրաստողների միջեւ:

Ըստ medicalnewstoday.com-ի՝ իրենց եզրակացության մեջ Քրոսսը եւ Մայքլզը նկատել են, որ թեյը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան սպեղանի է: Եվ գաղտնիքը միայն դրա քիմիական բաղադրությունը չէ, թեյի դրական էներգիան նաեւ մշակութային բացատրություն ունի: Սակայն որոշ փորձագետներ կասկածամտությամբ են տրամադրված հետազոտության արդյունքներին, քանի որ հետազոտությունն իր ծավալով փոքր էր, մասնակիցները ընտրված էին պատահականության սկզբունքով եւ տեղյակ էին փորձի մասին:

Բացի այդ, հետազոտողները չեն մանրամասնում մասնակիցներին ընտրելու իրենց չափանիշները եւ նրանց մտավոր առողջության, տարիքի եւ այլ կարեւոր հանգամանքների մասին չեն տալիս ստույգ տեղեկություններ: Բացակայում են նաեւ թեստերի ճշգրտության մասին վկայող ապացույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել