Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է այսօրվա հերոսը

Մարտ 16,2011 00:00

Դուք նրան չե՞ք ճանաչում

Փնտրելով ժամանակի հերոսականը եւ ունկնդրելով ժամանակի հերոսներ չհանդուրժող ոռնոցը, ակամայից մտովի փախչում ենք էժանագին հեռուստահաղորդումների եւ գովազդների այս բետոնե աշխարհից դեպի պատմության ասպետական առկայծումները, դեպի Ժաննա դ՝ Արկերը, Վիլհեմ Տելլերը եւ Վարդան Մամիկոնյանները, ովքեր կնքելով իրենց հերոսականը՝ միաժամանակ պատճառավորել են պատմության ընթացքն ու բախտորոշել սեփական ժողովրդի ապագան:

Ակամայից արյանդ մեջ իր հոսքն է ստանում Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիան», որը իր կշռույթով տարրալուծում է ողջ գոյավորը ու ծնկի բերում աշխարհը հերոսական ուժի առաջ: Մենք խորը շունչ ենք քաշում ու ազատ արտաշնչում՝ կանխագուշակելով մեր մեջ հերոս լինելու կամքի դաստիարակում ու ակամայից հարցնում ենք ինքներս մեզ. լա՜վ, բայց ինչպե՞ս հերոս լինես հիմա, երբ պատերազմները լռել են արդեն, երբ բոլոր մարդիկ դառնում են միմյանց հավասար ու միակերպ: Չէ՜, 21 – րդ դարի մարդիկ առաջվա նման չեն այրի Ժաննա դ՝ Արկին կամ հիացմունքից քար չեն կտրի, երբ նրա սուրը հաղթական փայլատակի: Նրանք պարզապես ծամոն չմփացնելով ատամների արանքում, որոնք, իհարկե, նրանք լվացել են որեւէ գովազդվող ատամի մածուկով, անտարբեր հայացքով կնայեն, ուսերը կթոթվեն ու կշարունակեն իրենց ճանապարհը:

Մեր դարը իր մուրճով անդադար հարվածում է այն մարդկանց գլխներին, որոնք չեն ուզում մյուսներին հավասար լինել: Ուրեմն եւ հերոսները այդ մուրճի հիմնական զոհերն են: «Դու՜ք բոլորդ մեքենաներ եք, որ կոչված են ապրելու կամազուրկ ու կրավորական կյանքով»,- սա է դարի հիմնական շեշտը: Նրան արդեն հերոսներ հարկավոր չեն պատմություն կերտելու համար: Առանց նրանց էլ աշխարհը մի կերպ կգոյատեւի: Պատմություն առանց հերոսների. սա է դարի հիմնական շեշտը:

Ուրեմն ի՞նչ, այսօր հերոսներ չկա՞ն… Չկա՞ն այսօր այնպիսիները, որ ձեռնոց նետելով ժամանակի թելադրանքին հակադրում են նրան իրենց «ես»- ը ու տապալում ժամանակի մեխանիկան: Դուք նրան չե՞ք ճանաչում… Չի՞ պատահել այնպես, որ մեր ընթերցողը քայլի Երեւանի կենտրոնական փողոցներից մեկով ու տեսնի, թե ինչպես իր կողքով սլացավ նա… Գուցե նա է մեր քաղաքի հերոսը: Խենթ Լեւոնը… Մորուքավոր այդ բազմամյա «երիտասարդը»՝ միշտ ականջակալներով, անվավոր չմուշկներով սլանալով այս ու այն կողմ: Ահա՜ նա, ով իր ձեռքի ամբողջ ուժով կարծես ապտակել է ժամանակին ու կանգնած դարերի ուսերին նայում է մեզ՝ նույնակերպ ու միանման մարդկանց, նա՝ ով իր բարձունքից սարսափեցնում է ժամանակի գերիներին՝ նույն այդ անտարբեր ծամոն չմփացնողներին ու միաժամանակ շարժում նրանց նախանձը. «Ես եկե՜լ եմ, ե՜ս եմ այսօրվա հերոսը»: Քանի անգամ էլ որ փորձեցի հասնել Լեւոնին ու մի քանի հարց ուղղել նրան, միեւնույն է, ոտքերիս ուժը չբավականացրեց, որպեսզի կարողանամ հասնել փողոցներով գլորվող այդ կրակե գնդին: Որքան էլ ուժեղ գոռացի. «Լեւո՜ն, Լեւո՜ն», միեւնույն է, Լեւոնի ականջակալներում հնչող հավանաբար ռոք երաժշտությունը ավելի բարձր էր:

Փոխարենը կարելի է ասել, որ բախտ վիճակվեց զրուցել Լեւոնի ընկերներից մեկի հետ, որը խնդրեց իր անունը չնշել:

«Ի՞նչ եք ուզում իմանալ Լեւոնի մասին,- ասաց նա հակիրճ, – սովորական մի մարդ է, էլի՜: Պարզապես ամեն օր Բաղրամյանի հոծ գիծը ճեղքելով սլանում է մինչեւ Մաշտոցի պողոտա, այնտեղից էլ Աստված գիտե, թե ուր: Ասում է, որ գրքեր կարդալը մարդկանց ոչինչ չի տա ու երկար ժամանակ է, նա ոչինչ չի ընթերցում: Երբեմն հավաքում է բակի երեխաներին ու տանում կողքի բակ՝ ֆուտբոլ խաղալու: Երբ իր հետ «դուք»- ով խոսեք, կասի, թե ամոթ չի՞, «դուք» – ը ո՞րս է, «դու»- ով խոսա: Անգամ ձմռանը տունը չի ջեռուցում, քանի որ այդպես ավելի բնական է: Մի խոսքով՝ շատ սովորական, հասարակ մի մարդ է»:

Այո՛, մի սովորական մարդ: Բայց մի՞թե սովորական մարդ լինելը արդեն իսկ հերոսություն չէ մեր օրերում: Սկսած առաջին դասարանից, երբ երեխաներին ստիպում են միաձայն կրկնել՝ «Ա» մեծատա՜ռ, «ա» փոքրատա՜ռ, անկախ նրանց մտավոր ունակությունների չափից, վերջացրած մեր միջավայրում իշխող բարքերի ու պայմանականությունների ահռելի թափով, ամեն ինչ մեզ համար դառնում է մի սոսկալի բեռ: Այն աստիճան, որ երբ որեւէ մեկը Խենթ Լեւոնի նման կուլ չի գնում այդ բարքերին ու պայմանականություններին ու չի զոհաբերում այդ ամենին իր ներսի «սովորական մարդուն», արդեն իսկ փայլատակում է հերոսական փայլերով: Նայելով Լեւոնին՝ մեզանից ոմանք, ում ներսում դեռ տագնապում է կարոտը դեպի հերոսականը, հավանաբար քթի տակ հոգոց են հանում ու աշխարհից թաքուն երազում իրենց ազատության մասին: Մի փոքրիկ հավատ է ծնունդ առնում նրանց մեջ, հավատ առ վաղվա մարդու փրկությունը մեխանիկական գոյությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել