Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային մարքետինգի տարբեր դեմքերը

Մարտ 16,2011 00:00

\"\"Ժամանակակից ֆուտբոլում հաճախ փողերն ավելի որոշիչ դեր են կատարում, քան ինքը՝ ֆուտբոլը: Ընդ որում, շրջանառվող փողերի մեծությունից է կախված այս կամ այն առաջնության, մրցաշարի, վերջապես՝ ակումբի հաջողությունը: Չկա գումա՞ր, մրցաշարը հետաքրքիր չէ՞, ակումբն անդունդն է գլորվում: Անգամ հեղինակավոր ու անվանի ակումբներն այսօր խոցելի են, քանի որ կախված են գումարներից ու իրենց հովանավորներից:

Սակայն մի բան է, երբ սեփականատերն ու հովանավորը իրենցից մի ընդհանուր միավոր են ներկայացնում, եւ մեկ այլ բան, երբ ակումբն ունի սեփականատեր եւ հովանավորման տարբեր աղբյուրներ, ինչպես, օրինակ, Անգլիայում է, Գերմանիայում, Իսպանիայում…: Այդպես, «Մանչեսթեր Յունայթեդն» իր տիտղոսային հովանավոր, ապահովագրական AIG ընկերության հետ ունեցած պայմանագրի հիման վրա յուրաքանչյուր տարի ստանում է 22,5 մլն եվրո, «Չելսին» Samsung ընկերությունից՝ 15,9 մլն, «Բավարիան» T-mobile-ից՝ 21,5 մլն: Իսկ ահա Իտալիայում տիտղոսային հովանավորները հիմնականում հենց ակումբների սեփականատերերն են, հովանավորի ֆիասկոն: Փառավոր պատմությամբ մի քանի ակումբներ էլ պարտքերն ու բազմամիլիոնանոց վարկերը, ինչպես նաեւ այս նոր դարաշրջանի մնացյալ «բարիքները» պարբերաբար ջնջում են աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրայից:

Շատերն են հիշում իտալական «Ֆիորենտինայի» ու «Լացիոյի» ֆինանսական տրագեդիան, որի պատճառները, համապատասխանաբար, Վիտորիո Չեկիգորեի հեռուստակայսրության կործանումն էր ու Սերժո Կրանյոտիի «Չիրիո» ընկերության ճգնաժամը: Ֆուտբոլային Եվրոպայում, թերեւս, ամենախոցելին այս տեսանկյունից հենց իտալական ակումբներն են: Այնտեղ ակումբները գոյատեւում են բացառապես սեփականատեր-հովանավորների գումարների շնորհիվ. «Միլանը»՝ Սիլվիո Բերլուսկոնիի, «Ինտերը»՝ նավթային մագնատ Անջելո Մորատիի, «Յուվենթուսը»՝ FIAT կազմակերպության, որը եւս պատկանում է ակումբի սեփականատեր Անյելլի ընտանիքին: Ուշագրավ է, որ 2006-2007թթ. մրցաշրջանի արդյունքներով, օրինակ, իտալական ակումբներից միայն «Սամպդորիան» էր եկամտով ավարտել տարին, այն էլ՝ որովհետեւ լուրջ նպատակներ չուներ, հետեւաբար՝ լուրջ ձեռքբերումներ չէր ունեցել: Իտալիայում անգամ սեփական մարզադաշտ ունենալն է անթույլատրելի շռայլություն, որը հասու չէ անգամ ճանաչված թիմերին: Ու դա էլ աբսուրդներ է ծնում. ամեն տարի ոխերիմ հակառակորդներ «Միլանն» ու «Ինտերը» 25 միլիոնական եվրո են վճարում նույն «Սան Սիրո» մարզադաշտի վարձակալման համար, եվրոպական մրցաշարերի գրաֆիկն էլ պարբերաբար սրբագրվում է մեկ տնային մարզադաշտ ունենալու պատճառով, իսկ ամենամեծ աբսուրդն այն է, որ այս երկու վաղեմի հակառակորդները հուշանվերների մի ընդհանուր խանութ ունեն ու փառքի ընդհանուր թանգարան, սակայն սա արդեն այլ պատմություն է:

Բնականաբար, հովանավորությունից բացի, ողջ աշխարհում ակումբների եկամուտը գոյանում է մի քանի հիմնական աղբյուրից. տրանսֆերներ, խաղերի հեռարձակման իրավունքների վաճառք, տոմսերի վաճառք… Իհարկե, որոշ ակումբներ նաեւ այլ տարբերակներ են կիրառում՝ վճարովի հեռուստատեսություն, մարզադաշտը մեկ օրով վարձակալման հանձնում… Սակայն վերը նշվածներից ոչ մի տարբերակ Հայաստանում չի գործում: Հայկական ֆուտբոլում գումարային ճգնաժամն այլ որակի է ու այլ հիմքեր ունի: Մեր ակումբները, ինչպես Իտալիայում, հովանավորվում են ու միաժամանակ պատկանում միեւնույն անձին, կազմակերպությանը: Միայն թե, մերոնց տարբերությունն իտալական ակումբներից այն է, որ մեծ ցանկության դեպքում էլ այսօր, ասենք, բարձրագույն խմբում հանդես եկող ութ թիմերից ոչ մեկը տոմսերի վաճառքից եկամուտ չի ունենա, հեռուստատեսային հեռարձակման իրավունքներն էլ ոչ ոքի չեն հետաքրքրում՝ մակարդակը այն չէ: Եվ մեծ հաշվով հանգում ենք այն մտքին, որ հայկական թիմերը բառացիորեն կախված են կոնկրետ անհատի տրամադրությունից ու բանկային հաշվի պարունակությունից: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ «Կիլիկիան» լուծարվեց. հովանավոր-սեփականատերը կամ գումար չուներ՝ թիմ պահելու, կամ էլ՝ չցանկացավ անշահութաբեր բիզնեսում գումար մսխել: Ամեն տարի գրեթե նույն իրավիճակին է բախվում «Արարատը», որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում քայլում է երկրի առաջնությունը ցանկացած պահի լքելու անցանկալի արահետով: Համառորեն խոսակցություններ են պտտվում նաեւ «Միկայի» հնարավոր լուծարման մասին:

Իրականում մեր թիմերը անտեր չեն, բոլորս էլ գիտենք, թե որ ակումբի ետեւում ով կամ ինչ կազմակերպություն է կանգնած: Մեր թիմերն ուղղակի դառնում են անտեր՝ մեկ մարդու քմահաճույքով, մեկ մարդու որոշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել