Հայաստանը որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, տոնելու է ֆրանկոֆոնիայի օրերը եւ դրանով իսկ վկայակոչելու իր պատկանելությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին՝ իր 75 անդամներով եւ դիտորդներով: Այդ կապակցությամբ մարտի 15-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն 100-ից ավելի մշակութային, գեղարվեստական, կրթական եւ համալսարանական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից եւ ֆրանկոֆոն մի շարք երկրներից:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարության հովանու ներքո «Երեւան պրոդաքշն» ընկերության կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գալա համերգը՝ հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի մասնակցությամբ, տեղի կունենա մարտի 18-ին՝ Մարզահամերգային համալիրում: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկն արձանագրող մամուլի ասուլիսը, որին ներկա կլինի նաեւ երգչուհի Լարա Ֆաբիանը, տեղի կունենա մարտի 17-ին: