Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ հայ-թուրքական թեմաներով գիտաժողովներն ավելի շատ հարեւան երկրին են ձեռնտու
«Ուրվականներն այլեւս շշից դուրս են եկել: Սկսված գործընթացն այլեւս չի կարող կանգ առնել կամ հետընթաց ապրել»,- համոզված է Բահչեշեհիր համալսարանի ԵՄ ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ Դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը: Առաջին անգամ Երեւանում գտնվող թուրք փորձագետը մասնակցում է «Երկիր» միության եւ Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովին: Չ. Աքթարը Երեւան էր բերել նաեւ իր՝ Հրանտ Դինքին նվիրված «Կոչ ներումի. թուրքերը դիմում են հայերին» գիրքը: Նա խոստովանում է՝ երջանիկ է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսությունն օրեցօր կայանում է. «Իմ խոսքը Հրանտ Դինքով սկսելը միայն նրան հիշելը չէ, հայոց ցեղասպանության հարցում նա նշանակալից խոսք ուներ, ասում էր՝ կարեւորը զոռով ընդունելը չէ, այլ ըմբռնելը, խնդրի էությունը հասկանալը»: Թուրք մեկնաբանը կարեւորեց նման գիտաժողովների անցկացումը: Նրա խոսքով, նման հանդիպումներ միայն Ստամբուլում չէ, որ կայանում են. «Հայերի եւ ազգային այլ փոքրամասնությունների հետ կապված հանդիպումներ արեցինք նաեւ Դիարբեքիրում, նախատեսված է նաեւ Ադանայի կոտորածների հետ կապված քննարկում»:
Մշակութային հիշողության «մասով» նա ուրախացուցիչ համարեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի տեղադրումը, Ստամբուլում կազմակերպված հայ ճարտարապետների ցուցահանդեսը, Կոմիտասյան համերգների կազմակերպումը եւ ֆիլմ նկարահանելը: «Մշակութային հիշողությունը սկսել է վերականգնվել Անատոլիայի բոլոր մարզերում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը ավարտին մոտ է եւ այլն»,- հավաստիացրեց նա: Ավելի ուշ հավելեց, որ հայկական եկեղեցիները վերականգնելու մեծ պահանջ կա ոչ միայն զբոսաշրջություն զարգացնելու առումով: Ըստ նրա, խոսուն փաստ է, որ 1915 թվականից առաջին անգամ պետության փողերով վերականգնվում է Ստամբուլի հայկական եկեղեցին: Թուրք գրողը վստահեցնում է՝ անհատական հիշողությունը կամաց-կամաց Թուրքիայում վերականգնվում է, ընտանիքներն իրենց հայկական կողմի մասին սկսել են հիշել եւ արտահայտվել: Նա նշեց նաեւ, որ ապրիլի 24-ին, Ստամբուլից բացի, եւս 6 թուրքական համայնքներում հիշատակման միջոցառումներ կլինեն:
«Ապրիլի 24-ին ընդառաջ, այս տարի էլ տարբեր երկրներում փորձեր են արվելու չեզոքացնել ցեղասպանության հետ կապված տարբեր որոշումների ընդունումը: Արդեն այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հստակ կազմել է այն հանձնախումբը, որը գործուղվելու է տարբեր երկրներ եւ փորձելու չեզոքացնել ապրիլի 24-ի հետ կապված որեւէ հայտարարություն»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա գտնում է, որ թուրք բանախոսները գիտաժողովը եւս մեկ անգամ կօգտագործեն իրենց քարոզչության համար, վարդագույն քողի ներքո կներկայացնեն, թե իբր Թուրքիայում ի՜նչ փոփոխություններ են լինում, մինչդեռ իրականում փոփոխությունը միայն թուրք հասարակության փոքր շերտի մոտ է. «Ներման շարժման» նախաձեռնողները Թուրքիայում ունեն համեստ հեղինակություն եւ ցանկացած ընտրության ժամանակ նույնիսկ չեն կարողանում հավաքել 1% ձայն: Սա նշանակում է, որ թուրքական հասարակության մեջ նրանց տեսակետները ընդունում են փոքր թվով մարդիկ»: Ներման արշավից, ըստ նրա, առաջին հերթին շահում է Թուրքիան եւ ոչ Հայաստանը. «Այս փոփոխությունները ձեռնտու են թուրքական իշխանություններին, քանի որ ցույց են տալիս թվացյալ բազմակարծությունը Թուրքիայում, իրենց վրա են բեւեռում տարբեր երկրների ուշադրությունը: Ձախակողմյան դիրքորոշում ունեցող այդ մարդիկ այնքան էլ վատ հարաբերություններ չունեն թուրքական իշխանության հետ եւ տարբեր միջոցառումների ժամանակ նրանց կարելի է հանդիպել վարչապետ Էրդողանի կամ Գյուլի կողքին: Դա նշանակում է, որ նրանք, լինելով ընդդիմադիր, ընկալվում են նաեւ թուրքական իշխանությունների կողմից եւ չեն հալածվում»:
Գրող, «Ենի Շաֆակ» թերթի քաղաքական մեկնաբան Ալի Բայրամօղլուն լրագրողներին ամեն կերպ համոզում էր՝ բացի ակադեմիական գիտաժողովից, իրենց ձայնը Թուրքիայում լսելի է ե՛ւ լրատվամիջոցներով, ե՛ւ համալսարաններում, այդ ձայնը հասնում է հասարակությանը. «Ես պարտավորված եմ զգում ոչ թե հայ հասարակությանը, այլ թուրք հասարակությանը ինչ-որ բաներ սովորեցնել»: Անդրադառնալով «Ներման արշավին»՝ Ա. Բայրամօղլուն կարծիք հայտնեց, որ այն իր դրական արդյունքը տվեց. «Դա մի գործընթաց է, որի վերջավորությունը եղավ տաբուները ջարդելը: Հրանտի հետ այս գործն անում էինք միասին, ուզում ենք, որ Թուրքիայում ճանաչվի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, թուրք եւ հայ հասարակությունների մեջ բարեկամական հարաբերություններ ստեղծվեն»: Նա խոստովանեց, որ իր գործունեության ընթացքում Թուրքիայում բազմաթիվ հալածանքների է ենթարկվել, նաեւ քրեական պատասխանատվության՝ 301-րդ հոդվածով: «Մեր միակ խնդիրը միայն 1915-ը չէ, մեր հետեւից ընկած շատ ֆաշիստներ կան: Մենք նաեւ քրդական խնդիր ունենք, ժողովրդավարության հարցն ենք բարձրացնում, քաղաքականության մեջ զինվորականության ուժի ջարդելու հետ կապված ինտելեկտուալ քաղաքականություն ենք տանում»,- հավելեց թուրք մեկնաբանը:
Գիտաժողովի երկրորդ մասում «Թուրքական իշխանությունների քաղաքականությունը հայ համայնքի նկատմամբ» զեկույցով հանդես եկավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ինչը վրդովեցրեց թուրք փորձագետներին: Նրանք չթաքցրին իրենց դժգոհությունը՝ պնդելով, որ դրա համար չեն հասել Հայաստան: Ռ. Մելքոնյանն էլ ի պատասխան ասաց, թե դասախոսություն լսելու կարիք չունի: Նա կարծիք հայտնեց, որ թուրքական իշխանությունը փորձում է պահպանել տեղի հայկական համայնքը այնպիսին, որտեղ այլեւս Դինքի նման կերպարներ, համարձակ խոսողներ չեն լինի, այլ կլինի միայն թանգարանային նմուշի փոքրամասնություն: