Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍ ԵՎ ԹՈՒՆԻՍ

Մարտ 16,2011 00:00

Մարտի 14-ի երեկոյան Փարիզում կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը լիբիացի ապստամբների ձեւավորած ժամանակավոր Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի փոխանցմամբ, քննարկվել են Մուամար Քադդաֆիի ռեժիմի դեմ պայքարող լիբիացի ժողովրդին օգնելու հնարավոր ուղիները:

Նույն աղբյուրի մատուցմամբ, մարտի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնել է Եգիպտոս, որտեղ հանդիպելու էր այն առաջնորդների հետ, ովքեր երկիրը ղեկավարում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ակնկալվում է, որ Քլինթոնը նրանց կրկին հիշեցնելու է ժողովրդավարական բարեփոխումները իրականացնելու անհրաժեշտության մասին: Նա նաեւ հանդիպելու է Մուբարաքի հրաժարականին հանգեցրած զանգվածային ցույցերի ակտիվիստների հետ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնելու է Թունիս, որտեղ դեկտեմբերին սկսված հեղափոխությունների ալիքը այժմ տարածվել է ողջ Մերձավոր Արեւելքով: Հիլարի Քլինթոնը տարածաշրջան է ժամանել Փարիզից, ուր Մեծ ութնյակի երկրների ղեկավարները հավաքվել էին՝ քննարկելու Լիբիայում ստեղծված իրավիճակը, որտեղ շարունակվում են Մուամար Քադդաֆիի կողմնակից եւ ընդդիմադիր ուժերի բախումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել