Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒՆ «ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Մարտ 16,2011 00:00

Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կարող է առաջիկայում քննարկել ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկուն եւ Պլատոն Լեբեդեւին՝ որպես «խղճի կալանավորներ» ճանաչելու հարցը: Այդ մասին BBC-ի թղթակցին ասել է իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչ Սերգեյ Նիկիտինը: Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին «խղճի բանտարկյալներ» ճանաչելու խնդրանքով կազմակերպությանն ավելի վաղ դիմել էր ռուսաստանցի գրողների, դերասանների, ռեժիսորների, գիտնականների ու լրագրողների մի խումբ: Նիկիտինի ասելով, հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե այդ հարցը կոնկրետ երբ կքննարկվի, բայց նա հույս է հայտնել, որ դա շատ երկար ժամանակ չի տեւի:

Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլուվգանտը «Ինտերֆաքսին» ասել է, թե հիմնավոր է համարում իր վստահորդին «խղճի բանտարկյալ» ճանաչելու գաղափարը, բայցեւ շարունակելու է պնդել, որ ՅՈՒԿՕՍ-ի գործը քաղաքական շարժառիթներ ունի:

Amnesty International-ին ուղղված նամակը, որը ստորագրել է 45 հոգի, հրապարակվել է Խոդորկովսկու եւ Լեբեդեւի պաշտպանության նախաձեռնող խմբի պաշտոնական կայքում: «ՌԴ ղեկավարությունը նախաձեռնեց երկրորդ ամոթալի դատավարությունը, եւ դատարանի վրա գործադրած աննախադեպ ճնշումների արդյունքում հասավ նոր, դաժան դատավճռի հրապարակմանը, որի գլխավոր նպատակը Խոդորկովսկու ազատ արձակումը բանտից թույլ չտալն էր»,- ասված է նամակում, որը ստորագրողների թվում են այնպիսի հայտնի մտավորականներ, ինչպիսիք են գրողներ Բորիս Ակունինը, Բորիս Ստրուգացկին, Լյուդմիլա Ուլիցկայան, դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին, Միխայիլ Կազակովը, Սերգեյ Յուրսկին, Լիա Ախեջակովան, Նատալիա Ֆատեեւան, ռեժիսորներ Էլդար Ռյազանովը, Կամա Գինկասը, Հենրիետտա Յանկովսկայան, երաժիշտներ Գիդոն Կրեմերը, լրագրողներ Վլադիմիր Պոզները, Լեոնիդ Պարֆյոնովը, Յուրի Ռոստը, Դմիտրի Կրիլովը եւ այլք:

BBC-ի հետ զրույցում Սերգեյ Նիկիտինը բացատրել է քաղաքական եւ «խղճի բանտարկյալ» հասկացությունների միջեւ տարբերությունը եւ հիմնավորել, թե ինչու առաջին՝ քաղաքական բանտարկյալ ձեւակերպումը չի կարող կիրառվել ՅՈՒԿՕՍ-ի համասեփականատերերի նկատմամբ: Նրա ասելով, «խղճի բանտարկյալը» նա է, ով բանտարկված է բացառապես իր ծրագրերի մասին խաղաղ արտահայտվելու համար, իսկ քաղբանտարկյալը նա է, ով կալանավորված է քաղաքական պատճառներով եւ որի նկատմամբ որեւէ քննչական կամ դատական գործողություններ չեն իրականացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել