Մարտի 15-ին Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները Միջերկրական ծովում առգրավել են լիբերիական դրոշի ներքո նավարկող «Վիկտորիա» նավը, որը զենքով բեռնված՝ ուղղություն էր վերցրել դեպի Գազայի հատված: Newsru Israel-ի մատուցմամբ, թուրքական նավահանգստից նավարկության դուրս եկած «Վիկտորիան» իսրայելցի կոմանդոսները գրավել են այն պահին, երբ նավը իսրայելական ափից գտնվել է մոտավորապես 200 միլ հեռավորության վրա՝ նավի բեռնամփոփներում հայտնաբերելով զենք: Առգրավված նավը իսրայելցի զինվորականներն ուղարկել են Աշդոդ նավահանգիստ:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները, նավի առգրավման օպերացիային նախորդել են խոշորամասշտաբ օպերատիվ- հետախուզական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ 2009-ին Իսրայելի հատուկ ծառայությունները կալանավորել էին Անտիգուայի դրոշի ներքո նավարկող «Ֆրանկոպ» նավը, որը բեռնված էր զենքի՝ 122 մմ տրամաչափի հրթիռների, հակատանկային արկերի եւ այլ ռազմամթերքի ռեկորդային չափերի հասնող խմբաքանակով: Իհարկե, այն ժամանակ զենքը Իրանից էր տեղափոխվելիս եղել եւ հասցեագրված էր Սիրիային: