Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան դադարեցրել է թվով յոթ հին ԱԷԿ-ների շահագործումը

Մարտ 16,2011 00:00

\"\"Անգելա Մերկելի կառավարությունը երեք ամսով դադարեցրել է Գերմանիայում դեռեւս 1970-ական թվականներից շահագործվող յոթ ատոմային էլեկտրակայանների աշխատանքը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Welt-ը: Խոսքը «Բրյունսբյուտտել», «Նեկարվեստխայմ», «Իզար 1», «Ֆիլիպպսբուրգ 1», «Բիբլիս Ա», «Բիբլիս Բ» եւ «Ունտերվեզեր» ԱԷԿ-ների մասին է: Հիշյալ ԱԷԿ-ների հետագա ճակատագիրը կորոշվի ատոմակայանների անվտանգության համակարգերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Նախօրեին ԳԴՀ-ի կառավարությունը երեք ամսով սառեցրել է 2010թ. ընդունված օրենքը, որով երկարաձգվել էր գերմանական 17 ԱԷԿ-ների շահագործման ժամկետը: Օրենքը նախատեսում էր մինչեւ 1980թ.-ն կառուցված ատոմակայանների շահագործումը երկարաձգել 8, իսկ 1980-ից հետո կառուցվածներինը՝ 14 տարով:

Թե՝ երեք ամիսը լրանալուց հետո ԱԷԿ-ներից որո՞նք կշարունակեն շահագործվել եւ որոնք՝ ոչ, առայժմ հայտնի չէ: Ավելի վաղ Անգելա Մերկելը հասկացնել էր տվել, որ վերջնականապես շահագործումից դուրս կբերվեն այն կայանները, որոնք արդեն իսկ պետք է դադարեցնեին աշխատանքը, եթե չլիներ 2010-ին ընդունված վերոհիշյալ օրենքը: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը վերաբերում է Բադեն-Վյուտեմբերգում գործող «Նեկարվեստխայմ», Գոսսենում՝ «Բիբլիս Ա» եւ Բավարիայում՝ «Իզար 1» ԱԷԿ-ներին:

ԱԷԿ-ների շահագործման ժամկետները երկարաձգելու մասին մեկ տարի առաջ ընդունված օրենքի կիրառումը սառեցնելու որոշումը ընդունվել է Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Հիշեցնենք, որ այդ երկրում հզոր երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում պայթյուններ են արձանագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել