Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսախոս ուսանողները՝ ՌԴ դեսպանատանը

Մարտ 16,2011 00:00

Ռուսաստանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շուրջ 200 ուսանողի երեկ մեկ հարկի տակ էր համախմբել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է ռուսաստանյան համալսարանների 6 մասնաճյուղ՝ Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանները, Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտը, Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան եւ Ակադեմիական միջազգային ինստիտուտը:

ՌԴ դեսպանության խորհրդականը հավելեց նաեւ, որ հանդիսավոր ընդունելությանը ներկա են այն ուսանողները, որոնք ընտրել են ավելի պահանջված մասնագիտություններ եւ ուսանում են հատկապես ռուսաց լեզվով. «Այս ուսանողները ստանալու են ռուսաստանյան դիպլոմներ: Նրանք ինչպես ռուսական, այնպես էլ հայ-ռուսական աշխատաշուկայի ապագա մասնագետներն են»:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ուսանողներին ուղղված խոսքում ասաց. «Հաճելի է, որ Հայաստանում այսքան երիտասարդներ, որոնք նոր են ոտք դնում կյանք, ընտրել են ռուսաստանյան բուհերը: Սա եւս միջոց է երկու երկրների միջեւ հոգեւոր, մշակութային, կրթական, ինչու չէ՝ նաեւ մարդկային կապերի ամրապնդման»:

Հայաստանում ռուսական բուհերի շրջանավարտների միավորման նախագահ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ կարեւորելով ՌԴ դեսպանի հետ ուսանողների հանդիպումը, նշեց. «Ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերում սովորողները պետք է գիտակցեն, որ զբաղվում են լուրջ կրթությամբ եւ որ իրենց սովորելու որակից է կախված հետագայում լավ մասնագետ դառնալը, քանի որ դրանից է ձեւավորվում այն բուհերի վարկանիշը, որն իրենք ավարտում են: Ռուսական բուհերի մասնաճյուղերը պետք է կարողանան ապահովել կարեւոր առարկաների գծով գոնե մասնագիտական պատշաճ ուսուցում, իսկ ուսանողները՝ պատճաշ ուսանում: Ուսանողները, ի վերջո, պետք է հասկանան՝ եթե հեշտ ընդունվել են, դա չի նշանակում, որ նույնքան հեշտ էլ կարող են սովորել ու ավարտել»:

Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Նինա Կոնստանինովնան շեշտեց, որ իրենց հանդիպումը ՌԴ դեսպանի հետ հոբելյանական է, քանի որ այս տարի նշում են իրենց մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արթուր անունով մի ուսանող ասաց, որ ռուսաստանյան բուհում սովորելը հնարավորություն կտա Ռուսաստանում կայանալու, նաեւ հավելեց, թե Ծթձ-ի իրավաբանական ֆակուլտետում է սովորում, կուրսեցին էլ ուղղեց նրան. «Այ տղա, Ծթձ-ն չի, «ՄԷՍԻ»-ն ա, սովորում ես ու չգիտե՞ս»: Կարոլինա Տիգրանյանը Մոսկվայում է դպրոցն ավարտել, բարձրագույն կրթությունը ստանում է մասնաճյուղերից մեկում, ասում է, որ ամենայն հավանականությամբ Հայաստանում էլ կապրի ու կաշխատի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել