Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

Մարտ 16,2011 00:00

\"\"Փետրվարի 10-ին «Իտալիան էլի կօգնի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին քննարկել են խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, եւ դեսպանը խոստացել է, որ օգնություն կլինի: Իսկ երեկ Սերգո Կարապետյանը հանդիպել է Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմային ու էլի քննարկվել է համագործակցության եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ըստ նախարարության, երկու երկրների գյուղատնտեսությունների նախարարությունների միջեւ կկնքվի փոխըմբռնման հուշագիր:

«Զարգացած գյուղատնտեսություն ունեցող Բրազիլիայի փորձը մեզ համար բոլոր ճյուղերում շատ ընդօրինակելի կարող է լինել: Ներկայումս Բրազիլիայից Հայաստան որոշակի սննդամթերք է ներկրվում՝ հատկապես հավի միս: Մեր բրազիլացի գործընկերները մսի արտադրության մեծ փորձ ունեն: Կարող ենք մտածել համատեղ ձեռնարկության կամ մսի արտադրության մասին: Մեր օրենքները լիբերալ են, բիզնեսի դաշտը՝ բաց: Աջակցություն ենք ակնկալում նաեւ Հայաստանում ժամանակակից սպանդանոցների ստեղծման հարցում: Բացի սրանից, Բրազիլիայում զարգացած են թե խաղողագործությունը, թե գինեգործությունը: Խաղողագործությունը մեր երկրում էլ ամուր հիմքերի վրա է: Գինեգործության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն կա»,- ասել է Հայաստանի գյուղնախարարը:

Դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեման ասել է, որ ինքը կմիջնորդի, որպեսզի Բրազիլիայից գան մասնագետներ ու տեղում աշխատեն հայ գործընկերների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել