Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգիչ է պետք

Մարտ 16,2011 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանի պատասխանատուները նրան տեղեկացրել են, որ երեխաների հաշվառման գործընթացը դանդաղ է ընթանում՝ անձնագրային բաժնում շատ դժվարություններ կան: «Ֆիզիկապես հնարավոր չէ, մեկ աշխատող չի կարող միաժամանակ այդքան մարդու սպասարկել: Մենք գրաֆիկ ենք կազմել կրթօջախների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար, բայց, այնուամենայնիվ, մտավախությունը մեծ է, որ մինչեւ նշված ժամկետը չենք հասցնելու գործընթացն ավարտին հասցնել»,- ասել են Արմեն Գեւորգյանին: Վերջինս էլ պատասխանել է, թե նման խնդիր մեկ էլ Մարտունիում կա եւ որոշվել է քայլեր անել, որ անձնագրային բաժիններում մեկ հաստիք եւ մեկ համակարգիչ ավելացվի, որ հասցնեն մինչեւ մայիսի 30-ը ավարտել հաշվառումը: Սյունիքում 26 հազարից ավելի դպրոցահասակ եւ մանկապարտեզահասակ երեխաներից մինչեւ օրս ընդամենը 6 հազար 500 երեխայի հաշվառումն է իրականացվել: Բացի տեխնիկականից, այլ դժվարություններ էլ կան: Ոչ համատարած, սակայն կան դեպքեր, երբ երեխայի երկու ծնողն էլ երկրից բացակայում են: Ներկա ծնողներից շատերն էլ բողոքում են, որ իրենց կրթօջախներում այդպես էլ նորմալ չեն բացատրում, թե փաստաթղթերի հավաքում-հաշվառումը ինչի համար է:

Հիշեցնենք, որ, ըստ տարածքային կառավարման նախարարության տարածած պարզաբանման, «ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ.-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր՝ արտերկիր մեկնելու համար, ուստի մինչեւ 2006թ.-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում, անկախ նրանից՝ անձնագիր ունե՞ն, թե՞ ոչ: Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է նաեւ, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որեւէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներով, օրինակ՝ կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաեւ այդօրինակ դեպքերի բացառումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել