Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Մարտ 16,2011 00:00

\"\"Մինչ Հայաստանի դպրոցների տնօրենները Երեւանում ղեկավարելու իրավունք են «նվաճում», Արմավիրի մարզում տնօրենը հրաժարական է տվել:

Դպրոցների տնօրենների համար անհանգիստ օրեր են սկսվել. իրենց պաշտոնում վերահաստատվելու բարդ խնդիր ունեն: Նրանք, ովքեր պատվով կհաղթահարեն ղեկավարման հավաստագրի համար անցկացվող քննությունը եւ կապացուցեն, որ արժանի են կրթօջախի ղեկը ստանձնելու բարդ ու չափազանց պատասխանատու դերին՝ գործը շարունակելու թույլտվություն կստանան:

Ներկայումս Արմավիրի մարզում տնօրենների թափուր տեղեր կան Նորավանի, Ալաշկերտի եւ Արմավիրի գյուղական դպրոցներում: Այդ կրթօջախների տնօրենների պաշտոնների համար էլ արդեն քննություն են բռնել իրենց ուժերի եւ կարողությունների վրա վստահ մանկավարժները: Փետրվարի 21-ից էլ ազատվել է Էջմիածին քաղաքի թիվ 9 դպրոցի ղեկավարի աթոռը: «Գնացել է իր դիմումի համաձայն»՝ տեղեկացանք Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանից:

9-րդ դպրոցի՝ արդեն նախկին ղեկավար Վարուժան Հայրապետյանի հրաժարականը անակնկալ էր կրթօջախի ուսուցչական կազմի համար: «Զարմացանք, երբ երկուշաբթի օրը եկավ, մեզ հավաքեց եւ տեղեկացրեց իր գնալու մասին: Այդ ամենն այնքան հապճեպ եղավ, որ չհասկացանք նույնիսկ, թե ինչ կատարվեց: Հայրապետյանը միայն ասաց, որ առողջությունն այլեւս չի ներում դպրոցում մնալու համար: Մեկ էլ ասաց, որ շուտով մարզպետարանից մեզ նոր տնօրեն կուղարկեն»,- իրավիճակը ներկայացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը:

«Մարզպետարանը տնօրեն չի ուղարկում. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, որը դպրոցը կղեկավարի այնքան ժամանակ, մինչեւ հավաստագիր ունեցողները կառաջադրվեն դպրոցի կառավարման խորհրդի մրցույթին: Խորհուրդը պետք է ընտրի դպրոցի տնօրենին, ոչ թե մարզպետարանը նշանակի»,- հակադարձեց մարզպետարանի կրթության վարչության պետը: Դպրոցի կառավարման խորհուրդը ութ անդամ ունի՝ երկուական ներկայացուցիչներ դպրոցից, ծնողներից, մարզպետարանից եւ քաղաքապետարանից:

18 տարի դպրոցը ղեկավարած Վարուժան Հայրապետյանի մարդկային եւ մասնագիտական որակների մասին դրական արտահայտվեցին թե ուսուցիչները, թե աշակերտները: «Չէր թողնում, որ խնդիրը հասներ ուսուցչին կամ աշակերտին. ինքն էր լուծում, մենք այդ մասին շատ ուշ էինք իմանում: Դպրոցը կառավարելու այնքան ճիշտ մեխանիզմ է մշակել, որ իր բացակայությամբ անգամ դա աշխատում է. կարծես ոչինչ չի փոխվել. բոլորը տեղում են, դասերն ընթանում են իրենց հունով: Սրանով հանդերձ՝ չկա մեկը, որ լավ զգա նրա բացակայությունից: Մի տեսակ ափսոսում ենք, ինչ-որ առումով էլ կասկածում, որ իր գործին այդքան նվիրված լինելով՝ կարող էր ինքնակամ հեռանալ: Այդ «ինքնակամը» ինչ-որ անհասկանալի է»,- ասացին ուսուցիչները, իրենց տարակուսանքը հիմնավորելով նաեւ հեռացած տնօրենի անբացատրելի շտապողականությամբ: «Ի՞նչը կամ ո՞վ պետք է դրդեր նրան այդքան հապճեպ որոշում կայացնել: Եթե մտադրվել էր հեռանալ դպրոցից, ինչը խիստ կասկածելի է, ապա դա կաներ գոնե ուսումնական տարվա ավարտին: Ինչո՞ւ հիմա, երբ տարին փակվելուն ընդամենը երեք ամիս էր մնացել: Սա նման չէ իրեն»,- մտահոգություն արտահայտեցին ուսուցիչները: Վերջիններիս կասկածը փարատելով՝ Գայանե Սայադյանն ասաց, որ Հայրապետյանը դպրոցը թողել է բիզնես ոլորտում հաստատվելու մտադրությամբ:

Այնուամենայնիվ՝ լավ ավանդույթներով հպարտացող դպրոցի բնականոն ընթացքը թեեւ չի խաթարվել, բայց աշխատակազմը որեւէ երաշխիք չունի, որ նոր ղեկավարի մուտքով եւ օրոք ավանդույթները կպահպանվեն: Աչքների առաջ ունենալով քաղաքի աղմկահարույց թիվ 2 դպրոցի օրինակը, որի՝ խարդավանքների սիրահար տնօրենով պայմանավորված, կրթօջախը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել, 9-րդ դպրոցի աշխատակազմն ու աշակերտները համբերատար սպասում են դեպքերի զարգացմանն ու այն մեկին, ով հավաստագիրը ձեռքին կգա տնօրեն դառնալու: Հիշեցնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար անցկացվող քննությունները ավարտվելու են ապրիլի 1-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել