Դատաիրավական համակարգի նողկալի դեմքը
Մինչեւ կալանվելս, երբ որեւէ մեկն ինձ ասում էր, որ անմեղ է, ուրիշի փոխարեն է պատիժը կրում, անկեղծ ասած՝ չէի հավատում: Սակայն երկու տարուց ավելի է, ինչ գտնվում եմ կալանավայրում եւ մասնակից եմ եղել այնպիսի զրույցների, հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնք տեղյակ չեն ոչնչից եւ կրում են ուրիշի գործած մեղքն իրենց ուսերին: Վերջերս ինձ մոտեցավ իմ բախտակից ընկերներից մեկը՝ Հովհաննես Հակոբի Անտոնյանը: Նա ցանկություն հայտնեց պատմել ինձ իր քրեական գործի մասին:
Արարատի մարզի Զոդի զորամասերից մեկում կատարվել էր սպանություն: 2005թ. մայիսի 22-ին դիրքերում հերթապահությունն ավարտելով՝ բլինդաժ է վերադարձել Հովհաննեսը, որտեղ հերթապահելիս է եղել լուսահոգի Սմբատ Սմբատյանը: Ընդհանուր առմամբ, նրանց երկուսի միջեւ դրսեւորվել են ջերմ հարաբերություններ: Այդ օրը մի փոքր լեզվակռիվ է տեղի ունեցել նրանց միջեւ, սակայն այդ վեճը շատ արագ հարթվել է եւ Հովհաննեսը մտել է բլինդաժ՝ հանգստանալու, իսկ Սմբատի հետ մնացել է Դավիթ Հովեյանը: Մի քանի րոպե անց կրակոց է լսվել, տղաները դուրս են եկել բլինդաժից եւ տեսել… Սմբատին գետնին ընկած, գլխից խփված: Այս միջադեպի միակ վկան՝ Դավիթը, երկարատեւ լռությունից հետո ցուցմունք է տվել, թե իբր Հովհաննեսը 2-3 մետր հեռավորությունից «AK-74» ավտոմատով կրակել է Սմբատի գլխին: Փորձաքննությունը հակառակն է ապացուցում, որ ինքնաձիգի փողը գլխից հեռու է եղել 1-5 սմ: Փորձագետի այս եզրակացությունը ինքնին խոսում է այն մասին, որ այն ավելի շուտ ինքնավնասում է, կոնկրետ՝ ինքնասպանություն, քանի որ արձակված գնդակը ոչ թե հայտնվել է գլխում, այլ խփվելով գանգին, դուրս է թռչել եւ դա հնարավոր չի եղել գտնել: Սա նախաքննական մարմնի կոպիտ եւ աններելի սխալներից մեկն է, որ չգտան կամ չուզեցին գտնել այն գնդակը, որը եւ հանդիսացել էր Սմբատի մահվան պատճառը: Սմբատը մահացավ 12 օր հետո, այսինքն, այդ օրերին եղել է անգիտակից վիճակում՝ կոմայի մեջ: Ի սկզբանե նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից ոտնահարվել են ՀՀ սահմանադրությունը եւ նրանում ամրագրված նորմերն ու դրույթները: Մայիսի 22-25-ը ընկած ժամանակահատվածում (2005թ.) Հովհաննեսի նկատմամբ կիրառվել են ֆիզիկական, բարոյական ճնշումներ, գործադրվել են բռնություններ, անմարդկային դաժանություններ, որի արդյունքում նրան հրաժարվել են ընդունել Զինվորական ոստիկանության մեկուսարանի աշխատակիցները, որովհետեւ ամբողջ մարմինը պատված է եղել կապտուկներով: Գործի է դրվել խոշտանգումների մեխանիզմը, ինչի արդյունքում, Հովհաննեսը չդիմանալով՝ հանցանքն ամբողջությամբ վերցրել է իր վրա, նույնիսկ հորինելով սուտ պատմություն այդ գործի վերաբերյալ: Նրան դատապարտել են առանց հիմնավոր փաստարկների, առանց ողջամիտ ապացույցների եւ պատճառների՝ ստի ու կեղծիքի հումքից շինված մեղադրական եզրակացության հիման վրա, ինչպես նաեւ այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի «կանխակալ համոզմունքի» մոտիվներով: Սակայն, ինչպես ասում են, «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում», Ջհանգիրյանը ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին…
«Անցել են 6 երկար ու ձիգ տարիներ այն օրից,- ասում է Հովհաննես Անտոնյանը,- երբ մեր հարգարժան դատավորների «թեթեւ ձեռքով» խեղաթյուրվեց իմ ճակատագիրը՝ զրկելով ինձ ազատությունից, ընտանիքից, պատճառելով բարոյական ու նյութական մեծ վնաս, ստիպելով կրել ուրիշի պատիժը, իմ ուսերին բարդելով ուրիշի մեղքը»:
Ցավոք, Հովհաննեսը միայնակ չէ, շատ-շատերն են պատասխան տալիս ուրիշի կատարած հանցանքի համար: Եվ այս ամենի միակ մեղավորը արդի դատաիրավական կոռումպացված համակարգն է: