Վահան Ռազմիկի Հարությունյանը, ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված է արդարություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից,սակայն մինչ այդ որոշել է դիմել ՀՀ նախագահին:
Վահանի հայրը՝ Ռազմիկ Հարությունյանը, ծնված օրից՝ 1951թ. ապրել է Անտառային փողոցի 118/2 տանը, այստեղ էլ 2010թ. մայիսին մահացել, ինչպես որդին է ասում՝ Արայիկ Ստեփանյանի պատճառով:
Հարությունյանների եւ Ա. Ստեփանյանի հակամարտությունը սկսվել է 2006-ից, երբ ԴԱՀԿ կատարողականներից տեղեկացել են, որ իրենց տնօրինության տակ գտնվող 250 քմ այգին՝ 25 տարեկան ծառերով, Ա. Ստեփանյանի սեփականությունն է:
Հարությունյանները այգին հիմնել են 1986թ., իսկ 1998թ. դիմել համապատասխան մարմիններին՝ տունն ու այգին սեփականաշնորհելու պահանջով: Կազմվել է տան եւ այգու հատակագիծը, սակայն սեփականաշնորհման գործընթացը կասեցվել է: 2003-ին կրկին դիմել են անշարժ գույքի կադաստր եւ կրկին մերժվել: Կադաստրը մերժումը հիմնավորել է նրանով, թե իբր մինչեւ 2001թ. մայիսի 15-ը գործը չի հաշվառվել եւ ընթացք տալ չեն կարող:
Վ. Հարությունյանը համոզված է, որ իրենց այգին եւ ընդհանուր օգտագործման ճանապարհը Ա. Ստեփանյանի կողմից սեփականաշնորհելու համար հիմք են հանդիսացել կեղծ փաստաթղթեր, որոնցից առաջնայինը Կենտրոն թաղապետարանի կողմից 14.01.03թ. տրված թիվ 23/35 կեղծ տեղեկանքն է: Ըստ այդ կեղծ տեղեկանքի, Անտառային փողոցի թիվ 126 հասցեում գտնվող 1500 քմ հողամասը իբր Ա. Ստեփանյանը օգտագործել է տասը եւ ավելի տարիներ: Իսկ կարճ ժամանակ անց այդ կեղծ տեղեկանքը հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետի թիվ 400Ա որոշման համար, որով ձեռքբերման վաղեմության ուժով նշված հողատարածքը տրամադրվել է Ա. Ստեփանյանին: Իրականում Ա. Ստեփանյանը այդ հողամասի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, մինչդեռ Հարությունյանների ընտանիքը մինչ օրս բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ օգտագործում է: Ի դեպ, այս հանգամանքը հիմնավորվել է ոչ միայն Ա. Ստեփանյանի ցուցմունքներով, այլեւ գործի ողջ նյութերով:
Արդարության ակնկալիքով 2006-ից մինչ օրս Հարությունյանները դիմել են արդարադատության գրեթե բոլոր մարմիններին, անցել բոլոր դատարաններով. 2008-ի մայիսին ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչի որոշմամբ քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, սեպտեմբերին էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն է մերժել հետաքննիչի որոշումը վերացնելու մասին Ռ. Հարությունյանի դիմումը, իսկ դեկտեմբերին վերաքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 2009-ի հունիսին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին: Այնուհետեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է քննիչի այդ որոշումը եւ վերաքննիչի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: 2010թ. մայիսին ոստիկանության ՔԳՎ Երեւանի Կենտրոնական քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Հ. Ավագյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու մասին, իսկ հուլիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննիչի որոշումը վերացնելու մասին Վ. Հարությունյանի բողոքը մերժել է: 2010-ի սեպտեմբերին էլ վերաքննիչ դատարանն է մերժել նրա բողոքը, որը բողոքարկվել է վճռաբեկ դատարան: Սակայն վճռաբեկ դատարանը նույնպես վերադարձրել է Վ. Հարությունյանի բողոքը եւ վերաքննիչի որոշումը թողել անփոփոխ:
Վ. Հարությունյանը դատարանից պահանջել էր, որպեսզի վկաները կանչվեն դատարան, քանի որ վկաներն ուրիշ բան են ասել, իսկ քննիչը արձանագրել էր այլ բան, բայց միջնորդությունը չի ընդունվել: Սակայն ամենամեծ աբսուրդն այն է, որ քննիչը պարզել է, թե նշված կեղծ տեղեկանքի տրամադրման համար հիմք ծառայած փաստաթղթերի պահպանման ժամկետը 3-5 տարի է, այնինչ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման մեջ ասվում է, որ դրանց պահպանման ժամկետը ցմահ է:
Այսինքն, քննիչը գտնում է, որ դատարանը սխալ է, իսկ հաջորդած դատարանները գտնում են, որ քննիչի կայացրած որոշումը հիմնավորված է:
«Անհասկանալի է, թե ինչպես, բայց քննիչը պարզել է, որ կեղծ տեղեկանքը հանդիսացել է տեղեկատվական բնույթի, այլ ոչ թե իրավունք վերապահող փաստաթուղթ՝ իրավական ակտ, թեպետ սեւով սպիտակի վրա գրված է, որ հենց այդ տեղեկանքն է հիմք հանդիսացել քաղաքապետարանի թիվ 400Ա որոշման համար: Եթե այն իրավական ակտ չէ, ապա ինչպե՞ս է որոշման համար հիմք հանդիսացել»,- հարցնում է Վ. Հարությունյանը: Նա համոզված է, որ կատարվածը կոռուպցիայի դրսեւորում է. «Ինչպե՞ս է պատահում, որ դատարանը երեք անգամ գտնում է, թե տեղեկանքը կեղծ է, վերացնում է քննիչի որոշումը, հետ է ուղարկում նույն ստորաբաժանում՝ կեղծիքները շտկելու, իսկ ոստիկանության Կենտրոնի բաժնում քննություն կատարելուց հետո, կրկին հաշվի չառնելով դատարանի որոշումը, կայացնում են այնպիսի որոշում, որն իրենց ձեռք է տալիս: Ակնհայտ է, որ մեր գործի քննության ընթացքում ելքը որոշվել է հակառակ կողմի պաշտոնեական դիրքի եւ նյութական հնարավորությունների տեսանկյունից, քանի որ հակառակ կողմը Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներն են, իսկ Ա. Ստեփանյանը՝ «փողատեր»: