Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊ»՝ ԱՌԱՆՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ

Մարտ 16,2011 00:00

Միջազգային լրատվամիջոցների վկայությամբ՝ հարեւան Վրաստանում H1N1 վարակի («խոզի գրիպի») պատճառով տարեսկզբից մինչ օրս արդեն 42 մարդ է մահացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանից Հայաստան եւ հակառակ՝ մարդկանց տեղաշարժը բավականին ակտիվ է, մենք փորձեցինք պարզել՝ արդյոք H1N1 վարակի դեպք մեր երկրում չի՞ գրանցվել: Մեզ հետ զրույցում հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էլ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ Հայաստանում «խոզի գրիպի» դեպքեր կան. «Ես որպես բուժող բժիշկ, կարող եմ ասել, որ անհնար բան է հարեւան երկրում լինի, մեզ մոտ չլինի: Ես գտնում եմ, որ Հայաստանում «խոզի գրիպով» հիվանդներ կան: Չկա այդպիսի կանխարգելման մեթոդ, որ 100 %-ով մեզ ապահովագրի»: Մեր այն հարցին, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կա՞ն H1N1 վարակի ախտանիշներով հիվանդներ, պարոն Ասոյանն ասաց. «Ցավոք, հստակ չեմ կարող ասել, թե դա «խոզի գրիպ» է, որովհետեւ մենք ինքներս մեր հիվանդանոցում դեռ չենք կարողանում ախտորոշում անել: Բայց կլինիկական նշաններից ելնելով, կարող եմ ասել, որ՝ այո, Հայաստանում կա «խոզի գրիպ»: Իսկ թե ինչն է հիմք տալիս, որ «խոզի գրիպի» կասկածներ լինեն, պարոն Ասոյանն ասաց. «Նախորդ տարվա կլինիկական նշանները նայում ենք, համեմատում այս տարվա դեպքերի հետ եւ ասում, որ՝ այո, ունենք «խոզի գրիպ», բայց մինչեւ լաբորատոր փորձաքննության եզրակացություն չլինի, հստակ չեք կարող ասել, որ դա «խոզի գրիպ» է: Մեզ մոտ առայժմ H1N1-ով ախտորոշում չկա, դա վերջնական անում է հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը: Իսկ առայժմ մեզ մոտ 12 սուր ռեսպիրատորային վիրուսով հիվանդ կա»:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն «Առավոտին» վստահեցրեց, որ այսօր Հայաստանում արձանագրվում են սեզոնային A, B եւ H1N1 տիպի վարակներ. «Բայց բոլոր հիվանդները, որոնց դեպքում արձանագրվել են այդ վարակները, ունեցել են հիվանդության միջին ծանրություն եւ թեթեւ ընթացք: Բոլորը առողջացած դուրս են գրվել հիվանդանոցներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել