Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով բացօթյա առեւտրականների բողոքի ցույցերին ասել է. «Բացօթյա առեւտրի հետ կապված, մի շարք պատգամավորներ որոշակի ձեւով ցույց տալով իրենց անհանգստությունը՝ անընդհատ ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Այնինչ, մեր այսօրվա թիմը կատարում է զուտ օրենքով նախատեսված գործառույթը, որոնք հենց այդ պատգամավորներն են ընդունել: 2004 թվականին օրենք է ընդունվել, որով արգելվում է բացօթյա առեւտուրը, եւ եթե ԱԺ-ն նոր որոշում ընդունի, որ բացօթյա առեւտուրը թույլատրվում է, հաջորդ օրը քաղաքապետարանը այդ թույլտվությունը կտա: Բայց երբ իրենք հիմա դուրս են գալիս եւ դրա դեմ կամ քաղաքապետարանի դեմ որոշակի հարցադրումներ են դնում, իմ մեջ հարց է առաջանում, ո՞ւմ եք հարց տալիս, փոխեք էդ օրենքը՝ թեման կփակվի»: