Լրահոս
Օրվա լրահոսը

«Սվաղել» էլ կա՝ «սվաղել» էլ

Մարտ 16,2011 00:00

ՔԿՀ-ից թաքցնում են, որ դատապարտյալները աղիքային խնդիրներ ունեն

Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ոստիկանների գլխին խրատներ էր կարդում եւ հորդորում հանցագործությունները չպարտակել, այլ՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալ, իրավական համակարգի մեկ այլ հիմնարկում ջանասիրաբար թաքցնում են դատապարտյալների հետ տեղի ունեցած դեպքը, որն անիջականորեն առնչվում է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդու առողջությանը:

«Առավոտի» տեղեկություններով, մոտ 2 շաբաթ առաջ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մի շարք կալանավորների շրջանում աղիքային ինֆեկցիա է սկսվել: Պատճառն, ըստ ամենայնի, եղել է խմելու ջրի խողովակների մաշվածության, վթարի հետեւանքով կեղտոտ եւ մաքուր ջրերի խառնվելը: Ծորակի ջուրն օգտագործելուց հետո տասնյակ կալանավորների առողջական վիճակը վատացել է եւ տեղում ցուցաբերվող բժշկական օգնությունը սկսել է չբավականացնել: Ինչպես մեր աղբյուրներն են նշում, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հարկ չի համարել այլ բժիշկներ էլ հրավիրել եւ խնդրին շուտափույթ լուծում տալ: Մասնագետները օգնության են հասել դեպքից միայն 1 շաբաթ հետո, երբ արդեն կալանավորներից մի քանիսի դեպքում խնդիրը բարդացել է:

Երբ փորձեցինք այս դեպքի առնչությամբ պարզաբանումներ ստանալ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանից, նա հերքեց, որ «Կոշում» աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Նրա խոսքերով, եղել են առողջական խնդիրներ ունեցող կալանավորներ, որոնց առողջության վատթարացման պատճառները դեռ հայտնի չեն. «Ջուրը ենթարկվել է փորձաքննության եւ պարզվել է, որ այն մաքուր է»:

Թե ինչո՞ւ է պարոն Բաբայանը փորձում թաքցնել այդ միջադեպը, թերեւս հասկանալի է՝ հիմնարկն ավելորդ «չեպե»-ներից զերծ պահելու համար: Սակայն, որ ՔԿՀ-ում ջրամատակարարման հետ կապված իսկապես խնդիրներ են եղել, փաստ է:

«Կոշ» ՔԿՀ ջուր է մատակարարում 2 ընկերություն՝ «Հայջրմուղկոյուղին» եւ համայնքի «Կապույտ աղբյուրը»: Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանի խոսքերով, 15 օր առաջ «Հայջրմուղկոյուղին» խողովակները փոխել է, քանի որ դրանք քայքայված են եղել. «Խողովակները քրեակատարողական հիմնարկի պատերից ներս մտնելուց առաջ ծակվել էին, գարնան սկիզբն էր, անձրեւաջրերն ու հալված ձյան ջուրը միախառնվել էին «Կոշի» խմելու ջրին եւ այդպես դարձել վտանգավոր: Առաջինը ես եմ նկատել, որ ջուրը պղտորվել է: Այդ նույն ջրից մենք էլ ենք օգտվում, մեր գյուղում էլ է այդ ջուրը մատակարարվում: Երբ ես իմ անհանգստության մասին տեղեկացրի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, նրանք միջոցներ ձեռնարկեցին: Նրանց մոտ ջրամբար կա, ջուրը լցրեցին դրա մեջ, ախտահանեցին, քլորացրին, նոր միայն սկսեցին օգտագործել: Դե, մինչ այդ արդեն պղտոր ջրից օգտվողներ եղել էին»:

Մեզ հետ զրույցում ոչ մաքուր ջուր մատակարարելու մեջ «Հայջրմուղկոյուղին» մեղադրեց գյուղապետարանի հսկողությամբ ջրամատակարարում իրականացնող «Կապույտ աղբյուր» ընկերությանը: Ըստ «Հայջրմուղկոյուղու» կենտրոն-արեւմտյան մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանի՝ այդ ընկերությունը ջուր է մատակարարում առանց ախտահանելու եւ քլորացնելու. «Չնայած դրան, չեմ կարծում, որ խնդիրը ջրից է առաջացել: Հնարավոր է նաեւ սննդից եղած լինի: Նշեմ նաեւ, որ մեր կողմից մատակարարվող ջրի խողովակն իդեալական վիճակում է, այն փոխված է: Հիմա տեղադրել ենք պլաստմասսայե բարձրորակ խողովակ»: Սրան ի պատասխան, գյուղապետ Ա. Ենգիբարյանը վստահեցրեց, որ «Կապույտ աղբյուրի» ջուրը ախտահանվում է եւ քլորացվում. «Ամեն շաբաթ Կոշ գյուղի հիգիենիկ, հակահամաճարակային տեսչությունից գալիս են ստուգման, որեւէ անգամ չի եղել, որ մեր ջուրը մաքուր չլինի»: Նա տեղեկացրեց, որ իրենք «Կոշի» հիմնական ջրամատակարարը չեն. «Ուղղակի «Հայջրմուղկոյուղու» ջուրը նրանց չի հերիքում, մանավանդ՝ սանիտարական օրերին, երբ կալանավորները լողանում են»:

Նշենք նաեւ, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից նույնպես հաստատեցին, որ նման դեպք եղել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել