Կաթնամթերք արտադրողները վստահեցնում են, որ թանկացումներ չանող տնտեսվարողներն արտադրանքում կաթի փոշի են օգտագործում:
Կաթնամթերքի շուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում 10-15% թանկացումներ են եղել: Արտադրող ընկերություններն այդ թանկացումները պատճառաբանում են մթերվող կաթի գնի բարձրացմամբ:
«Մարիաննա» ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի պաստերիզացված եւ մանրէազերծված կաթի, կաթնաշոռի, կեֆիրի, թթվասերի, մածունի եւ քամած մածունի շուկաներում, իր արտադրանքի գնի կտրուկ թանկացման համար երկու պատճառաբանություն է բերում. մեկ՝ որ փետրվարին սկսել է կաթը մթերել 10% ավելի թանկ, քան նախկինում, եւ երկրորդ՝ որ փաթեթավորման համար լրացուցիչ ծախսեր է կատարել: Ինչպես հայտնի է, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հիմնավորումներ է պահանջել «Դուստր Մարիաննա» ընկերությունից եւ այս օրերին ուսումնասիրում է այդ գործը, բայց մինչ պատրաստ կլինեն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները, մենք կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տարբեր ընկերություններից հետաքրքրվեցինք, թե փետրվարին քանի՞սն են բարձրացրել իրենց արտադրանքի գինը եւ ինչպե՞ս են հիմնավորում թանկացումը:
Նշենք, որ եթե խոսքը կաթի գնի թանկացման մասին է, պետք է որ բոլոր ընկերություններն էլ հավասարապես 10-30 դրամով թանկացնեին իրենց կաթ-կաթնամթերքը: Սակայն տարբեր խանութներում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերջին շրջանում թանկացել է միայն «Մարիաննայի», «Բիոկաթի», «Մուլտի գրուպի» կաթնամթերքը: Սա նշանակում է, որ կա՛մ մյուս արտադրողները, ասենք, դեռ հունվարին ձեռք բերած կաթն են իրացնում, ինչը կաթի պիտանելիության ժամկետի դեպքում քիչ հավանական է, կա՛մ այդ ընկերությունները անարատ կաթի փոխարեն կաթի փոշի են օգտագործում, կա՛մ պարզապես կանանց միամսյակի համար տանտիկիններին բարեգործություն են մատուցում՝ առայժմ չթանկացնելով իրենց արտադրանքի գները:
«Բիոկաթ» ընկերությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենց արտադրանքի գինը բարձրացրել են 10%-ով, որովհետեւ կաթը սկսել են մթերել բարձր գներով. «Մենք փաթեթավորման համար հավելյալ ծախս չենք կատարել, մեր արտադրանքի գնի փոփոխության մեջ միայն կաթի գինն է ազդել: Իսկ այն ընկերությունները, որոնք չեն բարձրացրել իրենց արտադրանքի գինը, դուք հասկացեք, թե պատճառն ինչն է, նրանց արտադրանքում կաթ չի օգտագործվում, կաթի փոշի է օգտագործվում»: Մեր դիտարկմանը, որ ներկրվող կաթի փոշու գինը նույնպես բարձրացել է, այնպես որ, այս դեպքում, միեւնույն է, թանկացում կլիներ, «Բիոկաթից» պատասխանեցին. «Իսկ ձեզ ինչո՞ւ է թվում, որ նրանք նոր ներկրված կաթի փոշին են օգտագործում: Մեծ խմբաքանակով էժան բերում են եւ սպառում»:
Տարբեր մարզերում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող փոքր ընկերություններ կան, որոնք հենց գյուղերից կաթ են հավաքում, փաթեթավորում եւ վաճառում: «Դարիկ ագրոհոլդինգի», «Էջմիածին կաթի» արտադրանքի գինը վերջին շրջանում չի փոխվել: Օրինակ, Ապարանի Ափնա գյուղի բնակիչները, որոնք կաթ են մթերում, վստահեցնում են, որ իրենք կաթը վաճառում են նույն գնով, ինչ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Գյուղացիները վստահեցնում են, որ իրենք կաթը ձմռանը վաճառում են ամենաթանկը 150 դրամով, իսկ կաթնամթերք արտադրողները պնդում են, որ հնարավոր է միջնորդներն են շատ գումար աշխատում, որովհետեւ իրենք կաթը գնում են 170-200 դրամից ոչ պակաս:
Վերջին թանկացումների հետ կապված՝ շուկայի լիդեր «Դուստր Մարիաննայից» ասել էին, որ երկար ժամանակ վնասով էին աշխատում ու եթե էլի փորձեին թանկացումների չգնալ՝ կարող է բիզնեսը փակվեր: Սակայն պարզ հաշվարկներով էլ ակնհայտ է, որ կաթի վաճառքի գինն ինքնարժեքից շատ բարձր է եւ եկամուտ չստանալ չէին կարող: Հանձնաժողովից չցանկացան հայտնել, թե «Մարիաննայի» ներկայացրած գնային հիմնավորումներն ուսումնասիրելով՝ ինչ եզրակացոթյան են եկել. «Գործը վարույթում է եւ եթե ինչ-որ բան որոշվի՝ կհայտնենք»:
Ի դեպ, հանձնաժողովը դեռ չի ավարտել նաեւ անբարեխիղճ մրցակցության համար «Մարիաննա» ընկերության դեմ հարուցված վարույթը: Հիշեցնենք, որ ընկերությունն ակցիա էր հայտարարել, ըստ որի՝ գնելով 5 հատ պանրիկ, գնորդները պետք է ստանային 3D ֆորմատով ֆիլմեր դիտելու համար նախատեսված ակնոցներ, սակայն անգամ 20 պանրիկ գնած սպառողներին այդպես էլ ակնոց չէին տվել, իսկ ում էլ տվել էին՝ պարզվել էր, որ դրանք բացարձակապես 3D-ի էֆեկտ չունեին: Հանձնաժողովից տեղեկացրին, որ առայժմ այդ գործի մասին էլ որեւէ տեղեկություն չեն կարող տալ, քանի որ ուսումնասիրությունները չեն ավարտել: Եթե «Մարիաննան» չկարողանա հիմնավորել թանկացումները կամ ակցիայի ժամանակ առաջացած խնդիրները՝ կտուգանվի նվազագույնը 500 հազար դրամով: