Տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ամրապնդել սփյուռք-հայրենիք կապը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ բիզնեսի եւ կրթօջախի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս յոթ հայ ուսանող Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանից եւ ութը՝ Հայկազյան համալսարանից Հայաստան այցելելու եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա՝ ծանոթանալու ընկերության ամենօրյա գործունեությանը եւ այն հիմնական հմտություններին, որոնք անհրաժեշտ են ընկերության տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա ուսանողների ճանապարհային եւ Երեւանում կեցության ծախսերը: Ուսանողները նաեւ կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր: Սփյուռքից ժամանած ուսանողներին այս ճամփորդությունը կընձեռի տեղի բնակչության ամենատարբեր շերտերի հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն: ՎիվաՍելի աշխատակիցները Սփյուռքից ժամանած ուսանողներին կներկայացնեն հայաստանյան կյանքը:
Ուսանողները նաեւ ունկնդրեցին Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը: Ինտերակտիվ քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակույթը, արտադրողականության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող մոդելը, ինչպես նաեւ այն ուղիները, որոնք թույլ են տալիս մասնագիտական պրակտիկա անցնողներին եւ կամավորներին Հայաստան այցելելու եւ հայաստանյան կյանքին ավելի ակտիվ ներգրավվելու միջոցով պահպանել ազգային ինքնությունը:
«Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդիկ են: Աշխարհով մեկ սփռված հայերը պետք է հնարավորություն ստանան կիրառելու իրենց շնորհքը մասնագիտական միջավայրում՝ համատեղ ուժերով նպաստելով երկրի բարօրությանը: Հայաստանյան ընկերություններից մեկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր երկրներում բնակվող հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ներգրավվելու ընկերության իրական աշխատանքային միջավայրում եւ դառնալու պրոֆեսիոնալ: Մենք կոչ ենք անում ՀՀ եւ Սփյուռքի մյուս ընկերություններին նույնպես աջակցել երիտասարդներին՝ հաղթահարելու տեսական եւ գործնական գիտելիքների միջեւ բացը եւ դառնալու իսկական մասնագետներ»,- ուսանողներին դիմելով՝ ասաց Ռալֆ Յիրիկյանը: