«Ժառանգության» առաջնորդը հայտարարելով հացադուլ՝ ոչ մի հստակ պահանջ չներկայացրեց, միայն ակնկալիքներ հայտնեց, թե ՀՀ նախագահը հրաժարական կտա, եւ կհայտարարվեն արտահերթ ընտրություններ:
«Ժառանգություն» կուսակցության երեկ հրավիրած բաց համաժողովում իր 40 րոպեանոց ելույթի ողջ ընթացքում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախակի ջուր էր խմում: Պատճառը պարզ դարձավ միայն ելույթի վերջում, երբ նա անգամ իր կուսակիցների համար անակնկալ տեղեկություն հայտնեց, թե հացադուլի մեջ է:
Բայց մինչ այդ՝ ելույթի սկզբում պրն Հովհաննիսյանը հայտարարեց. «Ժամանակն է եկել, որ գործող նախագահը՝ պարոն Սարգսյանը, իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, վայր իջնի եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից, այսինքն՝ 1991 թվականից այս կողմ 20 տարի անց երաշխավորի, ապահովի մեր նորագույն պատմության ընթացքում առաջին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները, քանի որ ինքը եկավ իշխանության տապալված, ձախողված ընտրությունների բերմամբ, եւ ինքը ձգտել է ներկայացնել այն ազգը, որն արժանի է ժողովրդավարության, եւ քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական ու հայաստանյան՝ ոչ թե օտարահպատակ մի չափանիշ: Ահա այդ հնարավորությունը տրված է, որ ինքը դառնա երաշխավորը Հայաստանի իրական ժողովրդավարության»:
«Ժառանգության» առաջնորդը կրկին քննադատեց կոալիցիայի փետրվարի 17-ի հայտարարությունը. «Գործող նախագահը, որպես կուսակցապետ, օգտագործելով նախագահական հանգամանքը, հավաքեց իր գործընկերներին եւ հայտ ներկայացրեց` Հայաստանի Հանրապետությունը վերածելու Հայաստանի կուսակցապետության: Եվ հայ ժողովրդին ասաց, որ 7 տարի սա՛ է լինելու, ախպեր ջան»: Հավելեց. «Սա ժողովրդին պատկանող իշխանության բացահայտ ուզուրպացիայի փորձ է, որը հարկ է չհանդուրժել, մերժել եւ բոլոր հնարավոր միջոցներով բացառել: Սա հակասահմանադրական է: Եվ ես զարմանում եմ, թե ինչպե՞ս այդ 3 կուսակցությունների շարքային անդամները, համակիրները, մտավորականները չեն ասում, թե մի րոպե՝ օրենքը պահանջում է, որ թեկնածուները որոշվեն համագումարների միջոցով, այն էլ՝ ընտրությունների շեմին»:
Միջանկյալ նկատենք, որ «ախպեր ջան»-ը միակ նորամուծությունը չէր Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային խոսքում: Առաջին անգամ լսեցինք, որ նա գործածում է ռուսերեն բառեր: Երբ խոսում էր այն մասին, թե բոլոր ոլորտներում «իշխող կուսակցության եւ պետության ինքնությունները միախառնվել են»՝ հիշատակեց. «Կուսակցականացվում է կրթական ողջ համալիրը: Եվ իմ նմանները, որ եղել են առաջին արտգործնախարար կամ նախկին պաշտոնյա, երբ որ այլեւս նախկին են՝ «դոստուպ» կամ մուտք չունեն այդ հաստատություններ»: Կամ, երբ եւս մեկ անգամ հայտարարեց, թե Հայաստանը պետք է վաղուց ճանաչեր ԼՂՀ անկախությունը՝ իր սահմանադրական սահմաններով, դրանով իսկ դե յուրե պաշտպանած կլիներ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը՝ հավելեց. «Ադրբեջանի «դաբրոն», Ալիեւի համաձայնությունը ստանալու պետք չունենք, որ որոշենք, թե որն է Հայաստանի իրավացի վերաբերմունքը ԼՂՀ հարցով»:
Ընդհանուր առմամբ ծրագրային համապարփակ ելույթ էր, որի ընթացքում «Ժառանգության» առաջնորդն անդրադարձավ երկրի համար առանցքային գրեթե բոլոր հարցերին՝ բնապահպանությունից մինչեւ գնաճ, արտաքին ու ներքին քաղաքականություն: Մի մեջբերում անենք. «Ամենաթողությունը, անհաշվետվողականությունը, անպատժելիությունն ամենուր է: Մարտի 1-ով չսկսվեց՝ դրանից առաջ կար հոկտեմբերի 27-ը, եւ գիտենք, թե ինչ 20 տարի ենք ապրել միասին: Բայց մարտի 1-2-ի ազգային ողբերգությունը, քաղաքական բանտարկյալների տեւական առկայությունը, մարդու իրավունքների համատարած խախտումները, օրինախախտ հարձակումները ՀՀ քաղաքացիների, «Ժառանգության» պատգամավորների եւ համակիրների նկատմամբ ցուցանում են, որ այս իշխանություններն իրենք իրենց վարքով հրաժարվել են իրենց վրա դրված սահմանադրական պարտականությունից»:
Եվ ամփոփելով այս ամենը՝ նշեց, թե մեր պետությունը գտնվում է «արտակարգ տագնապալի» իրավիճակում. «Մենք ոչ մի բան չենք հայցում: Մենք ոչ մի բան չենք խնդրում: Եվ նույնիսկ ոչ մի բան չենք պահանջում: Ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով պաշտոնականացվեն: Իշխանությունը դառնա ժողովրդին՝ զույգ նոր ընտրություններով. թող արտահերթականությունը նրանք որոշեն: Բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մենք մեզ վրա պարտքն ու պարտականությունը վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը՝ ով էլ լինի»:
Ու թերեւս ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «Մահվան տեսիլ» բանաստեղծության ասմունքելը հանրահավաքում («Թող ոչ մի զոհ» չպահանջվի ինձնից բացի»), Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես Չարենց չեմ մեջբերելու այսօր: Բայց ուզում եմ ոչ թե հայտարարել, այլ ձեզ հետ կիսվել, որ ես այսօր արդեն մտել եմ հացադուլի մեջ, որը կարելի է վերնագրել՝ ծոմ ազատության»: Ավելի ուշ «Առավոտի» հարցին, թե որո՞նք են իր հացադուլի պահանջները՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ելույթում ամեն ինչ ասել եմ՝ իմ կարծիքով»: Ու թեեւ ամբիոնից հայտարարեց. «Կուզենայի այս փորձության նախաշեմին առանձնանալ իմ ընտանիքի հետ»՝ համաժողովից անմիջապես հետո գնաց Ազատության հրապարակ, որտեղ եւ անցկացնում է իր հացադուլը՝ հրապարակի նստարաններից մեկին նստած: Իրեն մոտեցած ոստիկաններին Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով բարեւեց եւ ոստիկանության գնդապետի հարցին, թե ինչ է կատարվում, պատասխանեց. «Սա մի քաղաքացու որոշումն է՝ իր քաղաքացիական տեսակետը բարձրաձայնելու հարազատ հրապարակում: Ծոմ ազատության հացադուլ եմ անում»: Ոստիկանները, որոնք մինչ այս չէին հանդուրժում նույն հրապարակում անգամ նստացույց անելու Վարդգես Գասպարիի փորձերը՝ այս անգամ բարեբախտաբար հանդուրժող գտնվեցին: «Դա Ձեր իրավունքն է»,- Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց ոստիկանության գնդապետը:
Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ այցելել են ոչ միայն ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը եւ «Ժառանգության» նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, այլեւ ՀԱԿ-ի բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Արամ Սարգսյանի հարցին՝ «Ինչո՞ւ միանգամից որոշեցիր նման ծայրահեղ միջոցի դիմել»՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Միանգամից չէր՝ եռում էր երկար»: Լրագրողների հարցին էլ, թե որքա՞ն կտեւի հացադուլը՝ պատասխանեց. «Որքան Աստված կամենա կամ որքան իմ մարմինս դիմանա, եթե դրանք տարբեր ժամկետներ լինեն»:
Հ. Գ. ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը news.am-ին ասել է. «Հնարավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է պարզապես հաճելին համատեղել օգտակարի հետ եւ այս օրերին պաս պահել»: Եվ տարակուսանք է հայտնել. «Իսկ ինչո՞ւ է նա հացադուլ հայտարարել: Կարող էր պարզապես ներկայացնել իր պահանջներն ու առաջարկները իշխանություններին, որոնք հաշվի են առնում ընդդիմության կարծիքը»՝ ընդգծելով, թե Հովհաննիսյանի գործողությունները, ըստ ամենայնի, պոպուլիստական բնույթ են կրում:
Հետաքրքիր է՝ ո՞ր երկրի իշխանություններին նկատի ունի պրն Նիկոյանը: Ըստ ամենայնի՝ ոչ Հայաստանի, քանի որ նրանք հաշվի չեն առնում ընդդիմության կարծիքը: