Սոչիում մարտի 5-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը հնարավորություն ստեղծեց շարունակել բանակցային գործընթացը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ Երեւանում նման տեսակետ է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԼՂՀ-ն կողմ է բանակցային գործընթացին»,- ԼՂՀ պաշտոնական տեսակետը վերստին հաստատել է բանախոսը՝ ցավով արձանագրելով, որ Ադրբեջանը չի պահպանում Սոչիի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը եւ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։
Ըստ բանախոսի՝ խնդրի խաղաղ կարգավորումը ձեռնտու չէ Ադրբեջանին. «Նրանք միշտ փորձում են շփման գծում իրավիճակը սրել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացից շեղվի։ Դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանը չի ուզում դիպուկահարներին շփման գծից հեռացնել»։ Աթանեսյանը կարծում է, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների ծրագիր այսօր չի քննարկում։ Սակայն այդ երկիրը վտանգ ներկայացնում է. «Ադրբեջանն այսօր Հարավային Կովկասում դարձել է ահաբեկչական պետություն։ Հայտարարում է՝ եթե խնդիրը չի կարգավորվում այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես սկսում եմ պատերազմ»։