Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐԵՔ, ԹԵ ԱՆՎԱՎԵՐ Է ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մարտ 16,2011 00:00

ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Լրանում է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ 1921թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին: Նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության ու համաձայնության, Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջեւանի երկրամասը՝ որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»: Նշելով նաեւ, թե պայմանագիրը կնքելու պահին ՌՍՖՍՀ-ն ճանաչված պետություն չէր, իսկ թուրքական կողմը «հանդես էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող հանցագործ էր, եւ որի նկատմամբ մահվան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրության բարձրագույն կրոնավորը»՝ ՀՅԴ ԳՄ-ն եզրակացնում է. «Մոսկվայի պայմանագիրն անօրինական է ու միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունի: Ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բոլշեւիկյան իշխանությանը պարտադրված Կարսի պայմանագիրն անվավեր է»: Ըստ հայտարարության՝ «Նաեւ լուրջ մտահոգություն է առաջացնում այն իրողությունը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վերաբերյալ նորացված համաձայնությունների եւ մեր երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության ամրապնդման ու զարգացման հավաստիացումների խորապատկերի վրա վերոնշյալ անօրեն եւ հակահայ պայմանագրի ստորագրման 90-ամյակի այս օրերին է Մոսկվայում տեղի ունենում «բարձրագույն մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի» նիստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել