Երկամսյա կալանքի «սանկցիան տվեց» տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հայ հասարակությանը շատ հայտնի ու մարտիմեկյան գործերով բազմաթիվ նախկին քաղբանտարկյալների համար ազատազրկման դատավճիռներ կայացրած տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շուրջ երեք ժամ տեւած դռնփակ դատական նիստում որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Այդ որոշումը հիմնավորվել է նրանով, որ Ս. Խաչատրյանն ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի գործի նախաքննությանը: Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանին մարտի 13-ին Երեւանի «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել էին ու տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել էր, որ դիմակավորվածները ոստիկանության աշխատակիցներ են եղել, որոնք ընդդիմադիր ակտիվիստին բերման են ենթարկել Կենտրոնի քննչական բաժանմունք, որտեղ էլ նրան յոթ ժամ պահելուց հետո ձերբակալել էին: Նա մեղադրվում է մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, իբր, իշխանության ներկայացուցչի «օրինական պահանջներին չենթարկվելու» եւ նրան «բռնության ենթարկելու մեջ»: Ս. Խաչատրյանն ու նրա պաշտպանները, նաեւ դեպքին ականատես ցուցարարները մինչդեռ պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք չեն ներկայացել որպես ոստիկաններ: ՀԱԿ-ն ու Ս. Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանը նրա ձերբակալությունն ու նաեւ կալանավորումը որակել են որպես բռնցքամարտիկի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար:
Ա. Զաքարյանը երեկ էլ հայտարարել է, թե դատական նիստը «թատրոն» եւ «դատի իմիտացիա» էր: Ս. Խաչատրյանը երեկ դատարանում էլ է պնդել, որ ինքը որեւէ ոստիկանի չի հարվածել, որ այնտեղ եղել են ինչ-որ մարդիկ, ովքեր կանանց ու երեխաներին հարվածներ են հասցրել, վիրավորել են, իսկ ինքը փորձել է կանխել այդ գործողությունները: Ս. Խաչատրյանի պաշտպանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում շեշտել է, որ թեեւ խափանման միջոցը որոշելու համար սահմանված 72 ժամը լրանում էր միայն մարտի 16-ի երեկոյան, սակայն դատարանը մերժել է նիստը հետաձգելու միջնորդությունը եւ իրեն բավարար ժամանակ ու հնարավորություն չի տվել նյութերին պատշաճ ձեւով ծանոթանալու եւ առարկությունները ներկայացնելու համար: «Ես սա համարում եմ քաղաքական որոշում: Հակառակ դեպքում այսպիսի խայտառակ դատավարություն տեղի չէր ունենա»,- հայտարարել է պաշտպանը:
Ս. Խաչատրյանի կալանավորման փաստը, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից նախօրեին ընդդիմությանը «ռեւերանսներ» անելու ֆոնին, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսպես գնահատեց. «Սերժ Սարգսյանի ասածները որեւէ վստահություն չեն ներշնչում: Հիշեցնեմ, որ ինքը մի ժամանակ դատավորների հետ հանդիպմանը կոչ էր անում խղճով, օրենքով գործել, տեղի չտալ որեւէ ճնշումների: Այդ հայտարարությանը հետեւեցին խայտառակ դատավարություններ, ու բոլորը հասկացան, որ նա կամ չի վերահսկում իրավիճակը, կամ նրա խոսքը բացարձակապես արժեք չունի: Նույնը կատարվեց ոստիկանության կոլեգիայում, որտեղ նա կոչ էր անում օրենքի սահմանում գործել, քաղաքացիներին քաղաքական հայացքներով չտարբերակել, ու դրանից հետո ակնհայտ քաղաքական դրդապատճառով կալանավորման որոշում է կայացվում: Սամսոնը որեւէ առնչություն չի ունեցել որեւէ ոստիկանի հետ: Եթե առնչություն էլ եղել է, ապա դա եղել է սափրագլուխի հետ, որը, գուցե, հետո է պարզվել, որ ոստիկան է եղել, բայց այդ պահին նա ոչ միայն չի ներկայացել ու որեւէ փաստաթուղթ ցույց չի տվել, ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլեւ իրեն խուլիգանի նման է պահել, քաշքշել է մարդկանց ու հայհոյել: Կան բազմաթիվ տեսանյութեր, որոնք դա ապացուցում են: Այդ առումով սա պարզապես վրեժխնդրություն է, եւ ազատազրկման որոշման մեջ քաղաքական տարրն ակնհայտ է»:
Ի դեպ, երեկ Ս. Խաչատրյանի կալանավորումը արդարացված չի համարել նրա համերկրացին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե որպես պատգամավոր՝ միջնորդելու է, որպեսզի Խաչատրյանի խափանման միջոցը փոխվի. «Դա Սամսոնի տեղը չէ: Իմ պատգամավորական լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով ես փորձելու եմ աջակցել նրան»: