ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը վերլուծում է իրավիճակը
Ադրբեջանի բյուջեում նավթագազային ներարկման չափաբաժնի մեծացմանը համաչափ մեծանում է նաեւ նրա պահանջները իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այս հանգամանքը, ինչպես նաեւ միջազգային տարբեր ատյաններում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված միակողմանի մոտեցում պարունակող որոշումները վերջին տարիներին լուրջ խթան են հանդիսանում Ադրբեջանի համար հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությանը այնպիսի պահանջներ ներկայացնել, որոնք մինչ այդ գիտակցված լռության էին մատնվում նրա կողմից: Հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանն արդեն հանդես է գալիս բացահայտ դիվանագիտական տեռորի եւ շանտաժի դիրքերից, եւ ոչ միայն Հայաստանի հանդեպ: Ալիեւյան վարչակազմը իր մեծ եղբոր եւ գլխավոր խորհրդականի բազմակողմանի աջակցությամբ, օգտագործելով միջազգային տարբեր ամբիոններ, նենգափոխելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության էությունը եւ ներկայացնելով այն որպես հայ-ադրբեջանական հակամարտություն, Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ողջ միջազգային հանրությանը դարձրել է հակամարտության՝ հենց իր պատճառով չհանգուցալուծվող գործընթացի պատանդները:
Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տարբեր փուլերում ալիեւյան վարչակազմը կիրառել է դիվանագիտական տարբեր մարտավարություններ, սակայն բանակցությունների ողջ ընթացքում նա մշտապես ունեցել է նույն ռազմավարությունը՝ հակամարտության առկայությունը եւ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացը օգտագործել որպես իր մենատիրական վարչակարգը ամրապնդելու եւ նրա գոյատեւումը ապահովելու միջոց: Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համար արհեստականորեն դարձնելով գերխնդիր եւ իր ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարները ստորադասելով դրան՝ Ալիեւը իր միապետական իշխանության ամրապնդման նպատակով Ադրբեջանի ողջ հասարակությանը դարձրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման արդարացի պահանջի դեմ իր կողմից իրականացվող նենգ եւ անարդարացի քաղաքականության պատանդը:
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի կողմից պաշտոնական մակարդակով հնչող արկածախնդիր հայտարարությունները եւ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նրա պահանջը Աստանայում միջազգային հանրության կողմից արժանացան միանշանակ մերժման: Հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ձեւավորված այս նոր իրավիճակը սառը ցնցուղ էր Բաքվի համար, որը արդեն երեք ամիս գտնվում է շոկային իրավիճակում՝ ելք փնտրելով ստեղծված իրավիճակից: Ղարաբաղյան հակամարտությունը երկրորդ զավթիչ պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի պլանների իրականացման համար անհրաժեշտ էր Ղարաբաղում գալիք արագընթաց պատերազմին ադրբեջանական հասարակության գաղափարական եւ քարոզչական նախապատրաստում, ինչպես իրենք են հայտարարում՝ «իրենց հողերը ազատագրելու» համար: Ադրբեջանական ժողովուրդը համոզված է, որ այդ պատերազմը լինելու է արագընթաց եւ կործանարար, քանի որ պաշտոնական քարոզչությունը ամենօրյա գործունեությամբ խորացնում է այդ համոզմունքը հասարակության եւ հատկապես երիտասարդության մեջ: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանը, իր մշակույթին եւ աշխարհընկալմանը համապատասխան, իրականացնում է միջազգային հանրությանը եւ իր հասարակությանը պատանդի կարգավիճակում պահելու մարտավարություն: Պատերազմը վերսկսելու սպառնալիքների պայմաններում, բանակցային գործընթացում հայկական կողմից զիջումներ կորզել չկարողանալով եւ հանդիպելով միջազգային հանրության միաձայն բացասական արձագանքին, ալիեւյան վարչակազմը ինքը դարձել է իր կողմից որդեգրված հայատյաց, ռազմատենչ, անիրատեսական եւ ապակառուցողական քաղաքականության պատանդը:
Վերջերս Սոչիում կայացած Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց բանակցային գործընթացում փոքր առաջընթաց գրանցելու մասին, որը հնարավորություն կտա անցնել հակամարտության կարգավորման նոր՝ երկարաժամկետ փուլի: Ի պատասխան մեր նախագահի լավատեսության, Ադրբեջանը արդեն սկսել է լարել իրավիճակը շփման գոտում: Ալիեւյան վարչակարգը դարձել է իր իսկ կողմից վարվող անհեռանկարային քաղաքականության հիմնական պատանդը: