ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չի քննի ամերիկացի մի աթեիստի հայց, այն առիթով, թե՝ ԱՄՆ-ի իշխանությունները դիմում են Աստծուն: Օրերս դատարանը մերժել է քննել Մայքլ Նյուդոուի դիմումը: Նյուդոուն կարծում է, թե հղում անելով Աստծուն՝ ԱՄՆ-ի կառավարությունը հակասում է երկրի սահմանադրությանը եւ ոտնահարում է խղճի ազատությունը:
Աթեիստի դիմումն առնչվում է ամերիկյան մետաղադրամների եւ թղթադրամների վրա ԱՄՆ-ի իշխանությունների կողմից «Մենք Աստծուն ենք հավատում» կարգախոսի կիրառմանը:
ԱՄՆ-ի 9-րդ օկրուգային դատարանը Սան Ֆրանցիսկոյում վճռել է, որ հիշյալ արտահայտությունը հանդիսավոր եւ հայրենասիրական բնույթ ունի, իսկ կրոնի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Դատարանը մերժել է քննել Նյուդոուի բողոքարկումն այդ վճռի կապակցությամբ:
«Մենք Աստծուն ենք հավատում» կարգախոսն առաջին անգամ ամերիկյան մետաղադրամների վրա տպվել է 1860 թվին: Թղթադրամների վրա այն հայտնվել է 1950-ականներին: