Մարտի 21-ին Տոկիոյում մեկնարկելու էր գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու էր մենասահորդ Սարգիս Հայրապետյանը:
Աշխարհի մարզական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ առաջնության մասնակից գեղասահորդների մի մասն արդեն իսկ ժամանել էր մրցավայր կամ վերջին ուսումնամարզական հավաքներն էր անցկացնում հարակից երկրներում: Սակայն մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը եւ դրան հետեւած ցունամին խիստ կասկածի տակ են դրել աշխարհի առաջնությունն այդ երկրում անցկացնելու նպատակահարմարությունը կամ էլ, առնվազն՝ դրա կազմակերպման ժամկետները, թեեւ ճապոնական կողմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Yoyogi National Gymnasium» սառցահամալիրը, որտեղ պետք է մրցեին գեղասահորդները, չի վնասվել: Ըստ լրատվամիջոցների, արդեն բավականին շատ երկրների ազգային ֆեդերացիաներ ոչ պաշտոնապես հրաժարվել են մասնակցել առաջնությանը, իսկ Գերմանիան վավերացրել է իր այդ որոշումը: Պատճառները հայտնի են. ստորգետնյա ցնցումները դեռ չեն դադարել, ատոմակայանի վնասման պատճառով ռադիոակտիվ ճառագայթում, քաոսային վիճակ ամբողջ երկրում, կապի, հաղորդակցության այլ միջոցների խափանում, ջրի եւ սննդի հետ կապված խնդիրներ… Բացի այդ, հազարավոր զոհեր տված ճապոնացիները ստեղծված իրավիճակում դժվար թե աշխարհի առաջնությանը հետեւելու, առավել եւս, ներկա լինելու սիրտ ունենան:
Ինչ վերաբերում է գեղասահքի միջազգային ֆեդերացիային (ISU), մարզական այդ կազմակերպության նախագահ Օտտավիո Չինկվանտան հայտարարել է. «Տոկիոյի շրջակայքի ռադիոակտիվ աղտոտվածության վտանգի պատճառով միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել: Մենք Ճապոնիայից լրացուցիչ տեղեկատվություն ենք սպասում: Աշխարհի առաջնության անցկացման հարցին հնարավորին չափ արագ լուծում պետք է տրվի: Ես մարզիկներին Ճապոնիա մեկնելուց ձեռնպահ մնալու խորհուրդ տալ չեմ կարող, քանի որ այլընտրանքային տարբերակ չի եղել: Հիմա ISU-ի ղեկավարությունը, համենայնդեպս, շտապ կարգով Տոկիոյին փոխարինող քաղաքի տարբերակ է որոնում»: