Գինեսի ռեկորդակիր Դ. Ֆահրադյանը սահմանել է իր երկրորդ ռեկորդը՝ պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտ կատարելով՝ այդպիսով դառնալով միակ մարզիկը Հայաստանում, ով Գինեսի ռեկորդակրի կրկնակի հավաստագիր ունի: Այս մասին լուրը ստացվել է 2010թ. նոյեմբերի 10-ին: Իր առաջին ռեկորդը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ֆիզդաստիարակության եւ արտակարգ իրավիճակների ամբիոնի դասախոս Դ. Ֆահրադյանը սահմանել է 2009թ. հուլիսի 21-ին՝ «մեկ պտույտ ետ տար» վարժությունը կատարելով 350 անգամ: Երկրորդ ռեկորդի առիթով երեկ կազմակերպված ասուլիսին Դ. Ֆահրադյանը նշեց, որ հոգեբանական մեծ բավարարվածություն է զգում, քանի որ ներկայացնում է ողջ հայ ազգը: Իսկ ռեկորդ սահմանելը բարձրագույն նպատակ է ցանկացած մարզիկի համար: ԵՊԼՀ ֆիզդաստիարակության եւ արտակարգ իրավիճակների ամբիոնի վարիչ Խ. Թեւոսյանը Դավիթի հաջողությունը որակեց ֆանտաստիկ ձեռքբերում, ավելացնելով, որ չնայած նրա կողքին միշտ կանգնած են եղել համալսարանը եւ իր մարզիչ Գագիկ Քեշիշյանը, դրա հիմքում ընկած են երկար տարիների աշխատանքն ու նվիրվածությունը: Իր այս ռեկորդը Դավիթը նվիրել է ԵՊԼՀ 75-ամյակին: Դ. Ֆահրադյանն անկեղծացավ, որ վարժությունը կատարելու օրը նախավարժանք չկատարելու պատճառով 40 պտույտից հետո իր մկաններն այնքան լարված էին, որ ձեռքը չէր զգում: «Բայց մարզիկի բնավորությունը ճանապարհի կեսից կանգնել չի թույլատրում»,- ավելացրեց միանգամից: Նա ասաց, որ մարզումների ժամանակ նույն վարժությունը կատարել է 85 անգամ, իսկ սկզբում՝ մեկ, երկու պտույտ կատարելու համար աշխատել երկու-երեք ամիս, քանի որ նախկինում երբեք այս ձեւով չէր զբաղվել: «Ես սա արել եմ զուտ ռեկորդի համար, քանի որ գիտեի՝ նման հայտ դեռ ներկայացված չի եղել»: Դ. Ֆահրադյանը նշեց, որ արտասահմանից տարբեր միջոցառումների մասնակցելու բազմաթիվ հրավերներ է ստացել, սակայն այժմ սպորտային ծրագրերը ստիպված է լինելու փոքր-ինչ հետաձգել, քանի որ պատրաստվում է իր գիտական թեմայի պաշտպանությանը, որը ոչ պակաս կարեւոր է համարում: