Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատական մոտեցման եւ գրականության բացակայություն

Մարտ 15,2011 00:00

\"\"Ճանաչված կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի նկատառումները

Գրահրատարակչությունն այսօր սահմանափակումներ չունի՝ հանդիպում ենք ամենաբազմազան ոլորտներին վերաբերող գրականություն՝ պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ հեղինակների ստորագրություններով: Գրքերի այս հեղեղի մեջ, սակայն, չես հանդիպի գոնե մեկ՝ կիթառի համար ստեղծագործությունների հրատարակություն: Մինչդեռ կիթառն իր հանդեպ հետաքրքրություն է ձեւավորել, սկսած Բախի գործերից մինչեւ կիթառահար Պակո Դե Լյուսիա, ով հայտնի է նաեւ ոչ միայն իր վիրտուոզ կատարումներով, այլեւ սեփական երկերով: Ի դեպ, «բարձր հովանու ներքո» բանակցություններ են տարվում աշնանը Երեւանում իսպանացի աշխարհահռչակ կիթառահարի համերգները կազմակերպելու ուղղությամբ: Կիթառը մեզանում էլ սիրված նվագարան է, հատկապես 1970-80-ականներին երիտասարդությունը քայլում էր կիթառով, կատարելով տարբեր գործեր: Վերջին շրջանում էլ իրենց խմբերով Հայաստան այցելեցին ճանաչված երաժիշտներ Ջոն Մքլաֆլին եւ Ալ դի Մեոլան: Ինչ վերաբերում է հայ կիթառահարներին, խորհրդային տարիներին շրջանառվում էր միայն մեկ կիթառահարի՝ Էդուարդ Բադալյանի անունը, իսկ շուրջ 30 տարի բեմում է Երեւանի պետական կոնսերվատորիայի կիթառի դասարանի դոցենտ Հակոբ Ջաղացպանյանը: Վերջինիս հանդիպեցինք օրերս՝ Կամերային երաժշտության տանը կայացած «Լոս Լոկոս» անսամբլի համերգին: 7 տարի գործող անսամբլը վերջերս է վերադարձել Ռուսաստան կատարած համերգային ուղեւորությունից, անցյալ տարի էլ այն հանդես եկավ Սլովենիայում եւ Սաուդյան Արաբիայում: Հ. Ջաղացպանյանին երաժշտասերները իսկույն կմտաբերեն 2003թ. գործունեություն ծավալած «Կադանս» անսամբլի համերգներից, որի կազմում երաժիշտն ունեցել է բազմաթիվ համերգներ Հայաստանում եւ արտերկրում:
Խոսելով տպագրված հրատարակություններից, մեր զրուցակիցն ասաց, որ կիթառի գրականության 90%-ը վերցված է իսպանական ազգային երգերից ու պարերից, հավելելով, որ ինքն ու արտերկրյա կոլեգաները այս նվագարանի միջոցով են մատուցում նաեւ համաշխարհային դասականներին: Թե ինչո՞ւ Հայաստանում չկան հայ հեղինակների տպագիր ստեղծագործություններ կամ մշակումներ, ինչպես ընդունված է աշխարհում, կամ գուցե մեր կոմպոզիտորներն անտարբե՞ր են այս նվագարանի հանդեպ՝ կիթառահարը նշեց, որ ինքը մի քանի անգամ զգուշորեն կոմիտասյան մշակումներով հանդես է եկել եւ՝ «այնքան կայացած երաժիշտ պետք է լինես եւ ուսումնասիրած դասական արվեստը, որ քեզ թույլ տաս դիմել Կոմիտասին կամ մեր մյուս դասականներին»: Հարցին, թե հայ կոմպոզիտորներից գոնե մեկը ստեղծագործո՞ւմ է այս ժանրում, Հ. Ջաղացպանյանը նշեց միայն Նարինե Զարիֆյանի անունը: Ավելացրեց նաեւ, որ մյուսները չեն ստեղծագործում, հավանաբար չպատկերացնելով՝ ինչ հնարավորություն ունի կիթառը: Ջաղացպանյանի նախկին ուսանողներից ոմանք ապրում եւ ստեղծագործում են Լոնդոնում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, երկուսն էլ այս պահին սովորում են Լոնդոնի «Ռոյալ ակադեմիայում» եւ Սեւիլիայի «Ֆլամենկո» դպրոցում, ոմանք էլ միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ նրա դասարանն ավարտած որեւէ կիթառահարի անվանը չենք հանդիպում հայաստանյան հայտագրերում: Մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Կիթառահարին միայն տեխնիկան բավարար չէ: Անհրաժեշտ է, որ ունենա անհատական մոտեցում դասականների գործերին, չկրկնի այս կամ այն, թեկուզեւ հանրահայտ դաշնակահարին կամ ջութակահարին: Չի կարելի հարյուր տարի, թեկուզեւ Բախի բարձրակարգ երաժշտությունը, լսել նույն մատուցմամբ: Ինչ վերաբերում է այսօրվա կիթառահարներին, «Լոս Լոկոսում» իմ նախկին երկու ուսանողներն են՝ Աշոտ Ոսկանյանն ու Տիգրան Այվազյանը, որոնք հետաքրքիր մտածելակերպ ունեն, սակայն մինչ մենահամերգով հանդես գալը՝ նրանք պետք է ճանապարհ անցնեն»: Ռուսաստանյան շոու-բիզնեսի հանրահայտ դեմքերից է կիթառահար Դիդուլյան, իսկ մեզանում, որ այդքան սիրված է կիթառը, ինչո՞ւ չունենք գոնե մեկը: Հ. Ջաղացպանյանի պատասխանը կարճ էր. «Լավ է, որ չունենք այդպիսին: Ճիշտ է, Դիդուլյայի գրպանը լիքն է, գլուխը՝ դատարկ. արվեստ չկա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել