Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԸ»՝ «ՇՈՂԱԿԱԹԻ» «ԹՐԻ ՏԱ՞Կ»

Մարտ 15,2011 00:00

\"\"Կամ ինչպես «սանձել» մտավորականներին՝ զրկելով այլընտրանքային ալիքից

«Առավոտ»ը քանիցս գրել է, որ հունվարի 21-ից «Արարատ» պետական հեռուստաալիքի հաճախականությամբ եթեր է հեռարձակվում Վեհափառի հիմնադրած մասնավոր «Շողակաթ» հեռուստաընկերությունը, ու «Արարատի» ստեղծագործական խմբերը դեռ հարկադիր պարապուրդի մեջ են, մինչդեռ մշակութային ալիք ունենալը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Հիշեցնենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը, ի պատասխան մեր այն հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու «Արարատի» ստեղծագործական խմբերի եւ հաղորդումների ճակատագիրը, ասել էր, որ հարցի հասցեատերը «Հ1»-ն է, ու «Արարատի» աշխատակիցները Հանրայինի աշխատակիցներն են, ոչ թե «Շողակաթինը» («Ազատ ճանապարհ՝ ժարգոնին եւ փողոցի՞ն», «Առավոտ, 2011.02.10): Նա նաեւ հավելել էր. «Մենք պատվերով հաղորդումներ ենք այնտեղ դնում, այնպես որ, հարցը ըստ հասցեի չի ուղղված: «Շողակաթը» հեռուստաընկերություն է, ալիքը պատկանում է Հանրայինին, որը էնտեղ հաղորդումներ էր դնում եւ այդ ալիքի անունը դրել էր «Արարատ»: Հիմա էդ ալիքի վրա «Շողակաթի» հաղորդումներն են դրվում՝ «Հ1»-ի պատվերով, իսկ թե այն աշխատակազմը, որին աշխատեցնում էր «Հ1»-ը եւ հաղորդումները դնում էր էդ ալիքի վրա, որտե՞ղ իրենց հաղորդումները կդնի, այս հարցով պետք է Հանրայինին դիմել»:
Վերջերս «Արարատ» ալիքի «տնանկ» աշխատակիցներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ու դրանից ոչինչ չի փոխվել: Արդեն որոշված է՝ մշակութային ալիքը եկեղեցունն է եւ վե՛րջ: Ստացվում է՝ նա էլ պետք է մշակութային քաղաքականություն իրականացնի՝ ըստ ճաշակի եւ ցանկության: Դա նույնն է, որ ռուսական «Կուլտուրան» արծաթե սկուտեղի վրա հանձնվի Համայն Ռուսիո պատրիարք, մետրոպոլիտ Կիրիլ Առաջինին: Ի դեպ, ռուսական եկեղեցին կարծեմ թե հոգեւոր ալիք չունի: Դարեր շարունակ պետություն չենք ունեցել եւ եկեղեցուն է մշակութային քաղաքականություն իրականացնելու գործառույթը վերապահված եղել, հիմա, փառք Աստծո, կա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, այն էլ անկախ, ուրեմն այս պարագայում ինչո՞ւ պետք է նման լուծում տրվի հարցին: Այս ամենի արմատն իրականում ավելի խորն է. իր ձեռքում պահելով մշակութային ալիքը՝ Վեհափառը «կսանձի» մշակույթի գործիչներին, նրանք հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ չեն կարողանա բարձրաձայնել, որովհետեւ, հակառակ դեպքում, զրկված կլինեն միակ՝ մշակութային ալիքով երեւալուց ու ներկայացվելուց: Դա եկեղեցու համար, բնականաբար, ավելի կարեւոր է, քան «Արարատի»՝ մի քանի տասնյակ տարվա փորձ ունեցող, մշակույթի դաշտը հրաշալի պատկերացնող պրոֆեսիոնալներին փողոցում չթողնելը: Ի դեպ, նրանց հետ մարտի 4-ի հանդիպմանը կաթողիկոսը անկեղծացել է, թե շատ դժվար խնդիր է դրվել իր վրա, որ այդ ալիքն իրեն են տվել՝ ստիպված է ներդրումներ անել: «Արարատցիների» արդարացի հարցին, եթե ուզում էր, թող այլ տեղում «շինարարություն» աներ, ոչ թե ուրիշի «պատրաստի տունը քանդեր», Վեհափառ հայրապետը այսպես է արձագանքել. «Ուզո՞ւմ եք, ձեզ երկու ամսվա աշխատավարձ տամ»: Ի՞նչ է՝ մարդիկ ողորմություն խնդրելո՞ւ էին եկել: Եվ եթե Վեհափառն իսկապես անաչառ է, կարող է թեկուզ օրական 3-4 ժամ «Շողակաթի» զավթածից տրամադրել «Արարատի» աշխատակիցներին, ու, որքան տեղյակ ենք, նրանք պատրաստ են տեղավորվել թեկուզ այդ «չափի» մեջ ու իրենց ասելիքը տեղ հասցնել: Մանավանդ մտավախություն կա, որ երբ լարվածությունն անցնի, նրանց՝ գիշերով արբանյակայինով հեռարձակվող հաղորդումներն էլ չեն լինելու եթերում: Ավելի անաչառ կլիներ կաթողիկոսը, եթե հոգեւոր-մշակութային ալիքը ղեկավարեր ոչ թե Մանյա Ղազարյանը, այլ մրցույթի արդյունքում կազմված հանձնախումբը:
«Առավոտը» Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանայից փորձեց ճշտել՝ Վեհափառը ինչ-որ բան խոստացե՞լ է «արարատցիներին» կամ ի՞նչ լուծում է պատկերացնում խնդրի համար: Տեր Վահրամը հեռախոսով փոխանցեց հետեւյալը. «Իրե՛նց («Արարատ» ալիքի աշխատակիցներին- Գ. Հ) դիմեք, իրե՛նք են, որ Վեհափառի հետ հանդիպել են, ինչը Ձեր թերթի խմբագրականում արդեն հաղորդել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել