Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Քրոուլին իր հրաժարականի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ «հիմար» եւ «ապակառուցողական» է որակել WikiLeaks կայքին գաղտնի տվյալներ փոխանցելու համար ԱՄՆ Վերջինիա նահանգի ռազմական հենակետում կալանավորված շարքային Բրեդլի Մենինգի նկատմամբ կալանավայրում ցուցաբերված վերաբերմունքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մենինգն իր փաստաբանի միջոցով հայտարարություն էր տարածել, որում պնդել էր, թե պահվում է մենախցում՝ ձեռնաշղթաներով, ու որ իրեն ճնշումների են ենթարկում: «Նկատի ունենալով իմ հայտարարության հետեւանքները, որոնց համար ես լիակատար պատասխանատվություն եմ կրում, ես հրաժարական եմ տալիս»,- ասել է Քրոուլին՝ հավելելով, թե Մենինգի կալանավորման փաստը ինքը ճիշտ որոշում է համարում:
«Ես ափսոսանքով եմ ընդունել Ֆիլիպ Քրոուլիի հրաժարականը պետքարտուղարի՝ հասարակության հետ կապերի գծով օգնականի պաշտոնից»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեկ տարածած հայտարարության մեջ:
Քլինթոնը հավելել է նաեւ, որ Պետդեպի մամուլի քրատուղարի պարտականությունները կկատարի Մայքլ Համմերը, որը զբաղեցնում էր պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է որպես՝ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ: