Ճապոնիայում ուրբաթ օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վնասված ատոմակայանում մարտի 14-ի առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Երկրի իշխանությունները հավաստիացնում են, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորում տեղի ունեցած պայթյունից ռեակտորի միջուկի պաշտպանիչ պատը չի վնասվել, սակայն 6 մարդ վնասվածք է ստացել: Շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել նաեւ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 240 կիլոմետր հյուսիս գտնվող Ֆուկուշիմայի ատոմակայանի 1-ին ռեակտորում, որի արդյունքում ռեակտորի տանիքը եւ արտաքին պատը քանդվել էին: Իշխանությունները հայտարարում են, որ թեեւ ատոմակայանում ռադիացիոն ճառագայթման մակարդակը նորմայից բարձր է՝ մարդկանց առողջությանը «անմիջական վտանգ» չի սպառնում:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ասել է, որ ատոմակայանում իրավիճակը մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ բոլոր քայլերը ձեռնարկվում են սպառնացող վնասը չեզոքացնելու համար:
Ընդհանուր առմամբ, երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը, «Կիոդո» գործակալության փոխանցմամբ, անցնում է 2 000-ից: Աղետի զոհերի թիվը կարող է անցնել 10 000-ից: Երկրաշարժն ու ցունամին տառացիորեն երկրի երեսից սրբել են ամբողջական գյուղեր ու քաղաքներ, 300 հազար մարդ տարհանվել է:
Երկրի վարչապետի գնահատմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր սա Ճապոնիային բաժին հասած ամենամեծ աղետն է: Մինչդեռ, Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը չի բացառում, որ առաջիկա օրերին կարող է մինչեւ 7 մագնիտուդ հզորությամբ աֆտերշոկ տեղի ունենալ, մինչ ավելի թույլ հետցնցումներ տեղի են ունենում ամեն օր:
Աղետը մեծ հարված է հասցրել Ճապոնիայի տնտեսությանը, որն աշխարհում իր ծավալով 3-րդ խոշորագույնն է, արժեթղթերի շուկաներում կտրուկ անկում են ապրել Sony եւ Toyota Motor ընկերությունների բաժնետոմսերի գները: