Ինչպե՞ս վարել բանկային հաշիվները, ինչպե՞ս հիմնել սեփական գործը, ինչպե՞ս բացահայտել անձնական հմտությունները եւ հետաքրքրությունները, ինչպե՞ս վարել շուկայագիտական հետազոտությունները եւ կազմել բիզնես- պլան: Այսուհետեւ տարրական դպրոցի սաները եւս կկարողանան պատասխանել մեծահասակներին այդչափ հուզող այս կարեւորագույն հարցերին՝ մասնակցելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող կրթական հետաքրքիր ծրագրին, որը նույնքան էլ հետաքրքիր անվանում ունի՝ «JA More Tհan Money», որը թարգմանաբար նշանակում է «Ավելին, քան փողը»:
Ծրագրի շնորհիվ 25 հանրակրթական դպրոցների ավելի քան 1500 աշակերտներ ձեռք կբերեն առօրյա կյանքում անհրաժեշտ տնտեսագիտական եւ ֆինանսական գիտելիքները շուկայական տնտեսության վերաբերյալ, իսկ այս դժվար եւ կարեւոր գործում աշակերտներին կօգնեն «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից վերապատրաստված ուսուցիչները եւ HSBC բանկի կամավորները: Իսկ դասընթացի մեխը պատկերազարդ, խաղերով եւ վարժություններով հարուստ գունավոր տպագրված դասագիրքն է: Այն միանգամից գրավեց թե ուսուցիչների, թե աշակերտների եւ թե դպրոցների տնօրինությունների ուշադրությունը:
Օրերս կայացած առաջին դասից հետո աշակերտները եւ ուսուցիչները շտապեցին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գրասենյակի աշխատակիցների հետ կիսել իրենց տպավորությունները եւ կարծիքները: «JA More Tհan Money» դասընթացը կավարտվի ապրիլ ամսին: Իսկ արդյունքում տարրական դպրոցի ավելի քան 1500 աշակերտներ կդառնան ավելի տեղեկացված եւ իրազեկված: