Եվ այգին նրա անվամբ կոչելու մեծ ցանկություն
Մարտի 13-ին լրացավ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 114-ամյակը: Ամեն տարի գրողի ծննդյան օրը չարենցասերներն այցելում են գրողի հուշարձանին, հնչեցնում նրա ստեղծագործություններից: Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում ուրախալի համարեց փաստը, որ այս տարի, բացի ճանաչված մասնագետներից, երիտասարդներն էին գերակշռում: Թանգարանը խանդավառությամբ պատրաստվում է Չարենցի ծննդյան 115, գրական գործունեության 100-ամյակներին եւ մահվան 75-րդ տարելիցին: Հուշարձանի մոտ հավաքված մտավորականությունն ուղերձ հղեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ հուշարձանի մերձակա այգին Չարենցի անվան պոեզիայի այգի անվանակոչելու համար: Լ. Հակոբյանը հույս ունի, որ քաղաքապետարանը կընդառաջի, եւ Պոեզիայի այգում կսկսեն կազմակերպվել ասմունքի փառատոներ, պոեզիայի օրեր, գրքերի շնորհանդեսներ ու վաճառքներ, հանդիպումներ կլինեն ժամանակակից գրողների հետ: «Չարենցը Իսահակյանին տեսնելու համար մի ամբողջ օր պտտվել էր Կարսի հյուրանոցի ճեմասրահում: Ինչքա՜ն գեղեցիկ կլինի, եթե մեր այսօրվա գրողն էլ այգում ներկայացնի իր նոր տպագրված գիրքը, վաճառի, գնորդն էլ տեսնի գրողին, անմիջապես տա, որ հեղինակը մակագրի»: Այս տարի նշվում է նաեւ Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի 90-ամյակը: Վեպի առաջին՝ «Քաղաքը եւ բնակիչները» մասի վրա բանաստեղծը սկսել է աշխատել 1921 թվականից: Գրողի ծննդյան օրը թանգարանում, բացի բանաստեղծի տեքստերով հայ կոմպոզիտորների երգեր հնչեցնելուց, ցուցադրվեցին «Երկիր Նաիրի» վեպի ձեւավորումները՝ ըստ Միքայել Արուտչյանի, Հովհաննես Շավարշի, Մարտիրոս Սարյանի, ինչպես նաեւ ժամանակակից նկարիչներ Արա Բեքարյանի եւ Կարեն Սմբատյանի (շուրջ 30 աշխատանք): Լ. Հակոբյանն ասաց, որ թանգարանն իր ֆոնդում ունի «Երկիր Նաիրի» վեպի այլ ձեւավորումներ եւս, որոնց թանգարանի այցելուները նույնպես կծանոթանան: Տնօրենն ասաց, որ հավանաբար մայիսին թանգարանում կներկայացվեն արցախցի նկարիչ Յուրի Բաղդասարովի «Երկիր Նաիրիի» ձեւավորումները:
«Չարենցն ինձ համար ամեն ինչ է, նա մեզ չի թողնում, որ սովորական մահկանացուի նման մտածենք երեւույթների մասին: Սրտի ամեն բաբախի հետ զգում ես, որ երակներիդ մեջ հոսում է հանճարի արյուն»,- «Առավոտին» խոստովանում է գրողի թոռը՝ Արմեն Չարենցը: Նրա կարծիքով, հանճարին հասկանալը ժողովրդի գիտակցության մատչելիությունից է կախված: Նա հույս ունի, որ Չարենցը կշարունակի էջ առ էջ բացվել, եւ ժողովուրդը ըստ արժանվույն կգնահատի մեծանուն գրողին: «Ինչ աստիճան ժողովուրդը հանճարին հասկանում է, այդ աստիճան էլ գնահատում է: Չարենցը գրել է բոլորի եւ յուրաքանչյուրի համար»,- կարծում է Ա. Չարենցը: Մեր զրուցակիցն այսօր կարեւոր է համարում Չարենցի գործերը տարբեր լեզուներով թարգմանելը. «Չարենցը միայն ազգային երեւույթ չէ, նա համամարդկային է: Որպեսզի աշխարհը ճանաչի Չարենցի ֆենոմենը, թարգմանություններ են անհրաժեշտ»: Չարենցագետ Դավիթ Գասպարյանն էլ կարծում է՝ Չարենցն այն հեղինակն է, ում նկատմամբ ընթերցողական սերը չի պակասել: Նա մեզ փոխանցեց, որ այս տարի չարենցասերներին կուրախացնի իր նոր՝ Չարենցի անտիպների հավաքածուով:
Ինչ վերաբերում է գրողի ծննդյան 115-ամյակի նախապատրաստական աշխատանքներին, թանգարանի տնօրեն Լ. Հակոբյանը առանձնացրեց հրատարակչական աշխատանքները: Նա նշեց, որ այժմ աշխատում են անգլերեն մի պաստառի վրա, որի կոնցեպցիայի հիմքում Չարենցի «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» տաղն է: «Չարենցն անթույլատրելի էր համարում վատ գրքեր տպագրելը: Նա գտնում էր, որ երիտասարդների սեղանին անպայման պետք է դրվեն բարձր ճաշակով ձեւավորված գրքեր: Այդ շրջանը համարվում էր մեր հրատարակչական արվեստի ոսկեդարը: 34 թվականին խորհրդային շրջանի գրողների առաջին համագումարի ժամանակ նա մեկնեց Մոսկվա եւ Գորկուն նվիրեց իր իսկ հայերեն թարգմանությամբ եւ Հակոբ Կոջոյանի հրաշալի ձեւավորմամբ ռուս մեծ գրողի գիրքը: Վերջինով հիացած՝ Գորկին շրջում էր խորհրդային միության մյուս հանրապետությունների պատվիրակությունների շրջանում ու այն ցույց տալով ասում՝ սովորե՛ք, թե ինչպես կարելի է գիրք տպել»,- նշում է Լ. Հակոբյանը: Նա կարծում է, որ մենք այսօր էլ հրաշալի հրատարակիչներ ունենք, որակյալ գրքեր են տպագրվում եւ 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանին ըստ արժանվույն դիմավորելու համար ջանք չպետք է խնայել: