Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ՝ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՋԱԿԻՑ

Մարտ 15,2011 00:00

\"\"Մարտի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, Ֆրանսիայի խորհրդարանում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին, իր խոսքը եզրափակել է ընդգծելով, որ, «անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքն է»: Այս հայտարարությունը հերթական անգամ անհանգստություն առաջացրեց Բաքվում, եւ Փարիզում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի գործադրած ջանքերի արդյունքում Ֆրանսիայի արտգործնախարարությունը լրացուցիչ մեկնաբանություններ տվեց Ալեն Ժյուպեի հայտարարության վերաբերյալ: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեսպանին Ֆրանսիայի արտգործնախարարությունից փոխանցել են, որ «Ալեն Ժյուպեն, ծանոթանալով իրեն ուղղված նամակի բովանդակությանը, եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած սկզբունքների միջեւ որեւէ աստիճանակարգում առկա չէ»:
Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկը վերահաստատեց ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջեւ որեւէ հիերարխիայի բացակայությունը: Այս համատեքստում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում (2009թ. ԵԱՀԿ աթենքյան նախարարական հանդիպումից սկսած) ամենաբարձր մակարդակով (Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների կամ վարչապետների) անընդհատ նշվում է միջազգային հիմնարար սկզբունքների եւ դրույթների ամբողջականության եւ միասնականության մասին: Խոսքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների ամբողջական ու միասնական լինելու մասին է:
Կարելի է վստահորեն արձանագրել, որ Ադրբեջանի պսեւդո-իրավական հիմնավորումներն առ այն, որ ինքնորոշումը ստորադաս դիրք է զբաղեցնում տարածքային ամբողջականության հանդեպ, այլեւս որեւէ լուրջ կշիռ չունեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում:
Կարելի է պնդել, որ փոխվել է պետությունների ընդհանուր մոտեցումը այս երկու սկզբունքների հարաբերակցությանը, որը երեւում է նաեւ նույն Ֆրանսիայի կողմից վերջին տարիներին վարած արտաքին քաղաքականության համատեքստում:
Ֆրանսիան որոշակի ներքին խնդիրներ է ունեցել կորսիկական անջատողական կազմակերպությունների հետ. 1970-80-ական թթ. առավել ծայրահեղական տրամադրված Կորսիկայի ազգային ազատագրական ճակատը ահաբեկչական գործողություններ էր ծավալում Ֆրանսիայում: Սակայն 2000-ական թվականներից արդեն անջատողական տրամադրությունները Կորսիկայում սկսում են զիջել իրենց դիրքերը, եւ այժմ արդեն կղզու բնակչության զգալի մասը ոչ թե ցանկանում է անջատվել Ֆրանսիայից, այլ առավելապես կենտրոնացած է մշակութային եւ տնտեսական արտոնությունների ընդլայնման վրա՝ ի լրումն արդեն իսկ առկա արտոնությունների: Իսկ ահաբեկչական գործողությունները վերջին տասնամյակում զգալիորեն նվազել են: Հետեւաբար Կորսիկայի խնդիրն այլեւս չի կաշկանդում ֆրանսիական արտաքին քաղաքականությանը ինքնորոշման խնդրում: Ավելին, Ֆրանսիան ինքը մեծ ներդրում է ունեցել Կոսովոյի անկախացման գործում եւ առաջիններից մեկն էր, որ ճանաչեց երկրամասի անկախությունը եւ դեսպանություն բացեց Պրիշտինայում: Ֆրանսիան Կոսովոյում ԵՄ առաքելության շրջանակներում (EUROLEX) եւ դրանից դուրս ակտիվորեն աջակցում է Կոսովոյում պետականության կայացմանը:
Ֆրանսիան իր իրավական դիրքորոշումն է ներկայացրել նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2008թ. Կոսովոյում Անկախության հռչակման իրավաչափության վերաբերյալ գործի շրջանակներում: Ֆրանսիայի գրավոր դիրքորոշումը գերազանցապես կրկնում է Կոսովոյի ներկայացրած դիրքորոշման մեջ առկա դրույթները, որոնք իրենց հերթին համընկել են դատարանի տված խորհրդատվական եզրակացության հիմնական դրույթների հետ:
Ֆրանսիան նախ եւ առաջ պնդում է, որ չկա որեւէ միջազգային իրավական նորմ, որը կարգելեր Կոսովոյի՝ անջատման միջոցով անկախանալը: Ֆրանսիան նաեւ վերահաստատում է, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքը կարգավորում է միայն պետությունների միջեւ փոխհարաբերությունները եւ չի տարածվում պետություն-ժողովուրդ հարթության վրա:
Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ Կոսովոյի հարցում Ֆրանսիան հստակորեն առաջնություն է տվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ֆրանսիայի նախագահը ողջունեց նաեւ Հարավային Սուդանում հանրաքվեի հաջող անցկացումը:
Մյուս կողմից, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեպքում Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները հստակորեն հայտարարել է, որ սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական ինքնիշխանությունը: Սակայն այս դիրքորոշումը դիտարկելիս անհրաժեշտ է նախ հաշվի առնել, որ 2008 թվականին Ֆրանսիան հանդիսանում էր ԵՄ նախագահող պետություն եւ իր վրա էր կրում նաեւ միասնական ԵՄ արտաքին քաղաքականությունը ներկայացնելու պարտավորությունը, իսկ վերջինս որդեգրել էր Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության քաղաքական դիրքորոշումը:
Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ֆրանսիան չունի կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու որեւէ պատճառ: Ավելին, ներկայիս՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որի հիմքերը դրվել են 1990-ական թթ. վերջերից, թույլ է տալիս ենթադրելու, որ նման քաղաքական «կողմնակալության» առկայության դեպքում այն ավելի շուտ թեքված կլինի դեպի հայկական կողմը: Սակայն անիմաստ է «կողմնակալության» մասին այստեղ խոսելը, քանզի Ֆրանսիան իր քաղաքականությունը վարում է՝ իր ազգային-պետական շահերից ելնելով: Ամեն դեպքում, Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող 3 պետություններից մեկը, այնուամենայնիվ, իր դիրքորոշումն արտահայտելիս մշտապես շեշտել է խաղաղ ճանապարհով, փոխհամաձայնության միջոցով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Ուստի, կարելի է նույնիսկ ենթադրել, որ Ֆրանսիայի արտգործնախարարը, որը պետական բարձր պաշտոններում աշխատանքի բազմամյա փորձ ունի եւ հեղինակավոր քաղաքական գործիչ է, ամենեւին էլ պատահաբար չի առանձնացրել ինքնորոշման իրավունքը որպես հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունք՝ մանավանդ որ՝ ինքնորոշման իրավունքը նշված է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության առաջնային սկզբունքների շարքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել