Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԻՄԸ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է

Մարտ 15,2011 00:00

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը մարտի 20-ի ընտրություններին ընդառաջ հանդիպումների ժամանակ սկսել է անկեղծանալ: Հանդիպումները կազմակերպվում են նաեւ դպրոցներում եւ դրանցից մեկի ժամանակ նշելով նորոգված մանկապարտեզների եւ սպորտդպրոցների մասին, քաղաքապետը չի մոռացել ասել, որ դրանք եվրաոճի են: Սա թերեւս պատասխան այն պնդումներին, թե քաղաքապետը քաղաքի բյուջեից գումարներ է տրամադրում իր իսկ շինարարական կազմակերպությանը, իսկ աշխատանքները կիսատ-պռատ են արվում:
«Առավոտը» մեկ անգամ չէ, որ գրել է Արմավիր քաղաքի ջրամատակարարման անմխիթար վիճակի ու ջրի որակի մասին եւ ամեն անգամ պատկան կառույցները ասել են, թե հարց իրոք կա, սակայն աշխատանքները ընթացքի մեջ են: Գրել ենք նաեւ, որ քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական Փառանձեմ Կարապետյանը: Տիկին Կարապետյանը, սակայն, չառաջադրվեց եւ հիմա Ռուբեն Խլղաթյանի գլխավոր քարոզիչներից մեկն է: Նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոսելով ջրից, տիկին Կարապետյանը նախ ասել է, որ արմավիրցին որակով ջուր է ուզում եւ ապա հավաստիացրել, թե օտարները խմում են Արմավիրի ջուրը եւ ասում՝ «էս ինչ հրաշք ջուր ունեք»: Նախ քիչ հավանական է, որ մեր անորակը օտարին հրաշք թվա եւ հետո՝ եթե Արմավիրի ջուրը հրաշք է, ինչո՞ւ է սոցիալական վատ պայմաններում ապրող արմավիրցին խմելու ջուրը գնում: Խլղաթյանի թիմը չի ասում:
«Առավոտը» բազմիցս է տեղեկացրել, որ այս կամ այն մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հանրապետական թեկնածուն պայքարում է հանրապետական թեկնածուի դեմ: Ռուբեն Խլղաթյանը հպարտությամբ հայտարարում է, որ ինքը Հանրապետականի աջակցությունը վայելող միակ թեկնածուն է եւ իր հաջողությունները նաեւ Հանրապետականի հաջողություններն են: Սա էլ երեւի 2012-ի ընտրություններին ընդառաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել