Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ

Մարտ 15,2011 00:00

ՀՀ 10 մարզպետներից 6-ի կենսագրականներում կան չհրապարակվող ժամանակահատվածներ

\"\" \"\" \"\"
\"\" \"\" \"\"
Տեսնես ինչո՞վ են զբաղված եղել, որ չեն ուզում հանրությունն իմանա:

Դեռեւս 2010 թվականի հունվարի 27-ին «Կենսագրությունները խմբագրվում են. հրադադարից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին» հրապարակմամբ համեմատելով ՀՀ ԱԺ պատգամավորների տարբեր տարիների, սակայն միշտ ԱԺ հրատարակած պաշտոնական գիրք-ուղեցույցում զետեղված կենսագրականները, լուրջ տարբերություններ էինք արձանագրել: Տարեցտարի սեփական կենսագրությունը հերոսական դրվագներով հարստացնելու հարցում աչքի էին ընկել հանրապետականներ Սամվել Նիկոյանը, Հերմինե Նաղդալյանը, դաշնակ Հրայր Կարապետյանը եւ այլք: Սեփական կյանքի առանձին ժամանակահատվածներ չհրապարակած պատգամավորներ էլ կան, որոնց մեջ առաջատարը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է՝ ում կենսագրությունում բաց է ամբողջ 20 տարի: Պատգամավորները 131-ն են, մարզպետները՝ ընդամենը 10-ը: Սակայն մարզպետների կենսագրությունների ուսումնասիրությունն էլ հետաքրքիր պատկեր է ուրվագծում: Ինչպես պատգամավորների պարագայում, մարզպետների դեպքում էլ կենսագրությունները պաշտոնապես հրապարակվածներն են՝ մարզպետարանների պաշտոնական կայքերում տեղադրվածները:
Հայաստանի 10 մարզպետներից չորսը (Արմավիր՝ Աշոտ Ղահրամանյան, Արարատ՝ Էդիկ Բարսեղյան, Շիրակ՝ Աշոտ Գիզիրյան եւ Գեղարքունիք՝ Նվեր Պողոսյան) ոստիկանությունում երկարատեւ աշխատանքային փորձ ունեն: Առաջին երեքը գեներալ են, վերջինը՝ գնդապետ: Շիրակի եւ Արմավիրի մարզպետները տարբեր տարիների եղել են Երեւանի ոստիկանապետը: Բոլոր չորս նախկին ոստիկաններն էլ աշխատել են տարբեր մարզերում՝ Շիրակ, Լոռի, Սյունիք, Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն:
Տասը մարզպետներից ոչ բոլորն են իրենց ղեկավարած մարզի ծնունդ: Շիրակի մարզպետը ծնունդով ղարաբաղցի է, Արարատի մարզպետը՝ սյունեցի, Գեղարքունիքի մարզպետը՝ կոտայքցի: Ոչ բոլոր մարզպետներն են կենսագրականներում հիշատակել թոռների մասին: Մարզպետներից չորսը ունի երեք երեխա: Սյունիքի եւ Արագածոտնի մարզպետները՝ չորսական, Տավուշի, Շիրակի, Լոռու եւ Վայոց ձորի մարզպետները՝ երկուական: Մարզպետների մեծամասնությունը հանրապետական է: Ամենաերիտասարդը Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Պապաշի Բագրատյանն է՝ 48 տարեկան, ամենատարեցը՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Սուրենի Շահգալդյանը՝ 55 տարեկան: «Ամենաերկարակյաց» մարզպետը Արմեն Ղուլարյանն է (Տավուշ)՝ այս պաշտոնին է 1999 թվականից: Շիրակի, Արարատի եւ Վայոց ձորի մարզպետները պաշտոնավարում են ընդամենը անցած տարվանից:
Կոտայքի մարզպետը կենսագրականում գրել է, որ 1999 թվականին մասնակցել է Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին եւ հաղթել: Իսկ Արագածոտնի մարզպետը գրել է, որ նույն տարում եղել է պատգամավորության թեկնածու: Վերջինիս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է կենսագրականում գրել՝ ներկա եմ եղել Գորան Բրեգովիչի համերգին, դպրոցական տարիներին մասնակցել եմ շաբաթօրյակների եւ այլն: Մարզպետ դառնալուց առաջ քաղաքապետ եղել է մեկ էլ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը. 1996-1999՝ Իջեւանի քաղաքապետ:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 1986-1992 հատվածում Անիի շրջանում գլխավոր գյուղատնտես է եղել եւ հաջողել նաեւ ավարտել ղեկավար կադրերի վերապատրաստման ինստիտուտը: Իսկ թե ինչ է արել Սարգիս Սահակյանը 1992-1996 հատվածում՝ չի հրապարակվում, գաղտնի է պահվում:
Աշխատանքը կրթության հետ համատեղել է նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: 1989-92 հատվածում նա աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնում եւ ավարտել ԽՍՀՄ միլիցիայի բարձրագույն դպրոցը: Այս մարզպետի կենսագրականում էլ բաց կա: Աշոտ Գիզիրյանը չի հրապարակում կյանքի 1980-1983 հատվածը: Երեք տարի՝ 1967-1970 հատվածը բաց է Արարատի ներկա, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի կենսագրությունում: Էդիկ Բարսեղյանն էլ է եւ աշխատել, եւ սովորել:
Գեղարքունիքի մարզպետն էլ է աշխատանքային կարիերան սկսել ներքին գործերի համակարգից ու էլի աշխատելու տարիներին ավարտել բուհ, սակայն՝ տեխնիկական ուղղվածության՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը:
Լոռվա մարզպետ Արամ Քոչարյանը, ի տարբերություն շատ պաշտոնյաների, չի բարդույթավորվել եւ գրել է, որ 1968-1975 թվականներին շինվերանորոգման տրեստում բանվոր է աշխատել: Սակայն չի ասում, թե ինչ է արել, ուր է եղել 1975-1979 հատվածում: Վայոց ձորի մարզպետն էլ է բանվորից՝ բետոնագործից սկսել, հետո երեք կրթություն ստացել. Երեւանի պետական, տնտեսաիրավագիտական համալսարաններ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիա: Սա չի օգնել լիակատար թափանցիկ լինելուն ու մարզպետ Սերգեյ Բագրատյանը չի հրապարակում իր կյանքի 1997-2002 հատվածը:
Սեփական կենսագրությունը ոչ ամբողջությամբ հրապարակելու հարցում առաջատարը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Նրա կենսագրությունում բաց է 16 տարի՝ 1976-1992 հատվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել