Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵԴԱԼԸ ԴՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱ՞Ն

Մարտ 15,2011 00:00

\"\"  Հարցնում են նախագահի երբեմնի մարտական ընկերները, որոնց կողմից շնորհված «Հայոց արծիվ» մեդալն արդեն երկու տարի մնում է արհամարհված:

Ազատամարտիկ Ալլա Բարխուդարյանը արցախյան պատերազմի տարիներին եղել է դիպուկահար: Մարտական ընկերները նրան ճանաչում են որպես ՀԱԲ-ի «Ադանա» ջոկատի Ալլա: «Առավոտի» հետ զրույցում նա պատմում է, որ իր նման շատ կանայք են եղել պատերազմի դաշտում, որոնք թողնելով իրենց տունն ու երեխաներին, ամուսինների ու եղբայրների հետ մեկնել են ճակատ: Բայց այսօր այդ կանանց, ըստ տիկին Ալլայի, լավագույն դեպքում հիշում են միայն կանանց միամսյակից միամսյակ: «Երբ մեր մարտական ընկերուհին՝ Կարինե Հովսեփյանը, որին ճանաչում էին որպես «Տիգրան Մեծի» Կարա, քաղցկեղով հիվանդ էր եւ օգնության կարիք ուներ, մենք դիմեցինք տարբեր կազմակերպությունների, իրենց բարերար հռչակած մարդկանց, բայց ոչ ոք մեզ չարձագանքեց: Մենք՝ տղաներով, մարտական ընկերներով, տեսնելով, որ աջակցող, օգնող չկա, հավաքվեցինք, ժողով արեցինք, գումար հավաքեցինք, որի մի մասը մի կողմ դրեցինք, մյուսին սննդամթերք գնեցինք ու գնացինք Կարինեին տեսակցության: Մենք դիմեցինք նաեւ ՊՆ՝ Կարինեին «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգեւատրելու միջնորդությամբ: Նախարարը այն տվեց, եւ մենք որոշեցինք մեր մարտական ընկերուհուն անակնկալ անել: Դա երեւի Կարինեի վերջին ուրախությունն էր: Շատ էր հուզվել: Նրա մահից հետո նախարարության թույլտվությամբ Կարինեին հողին հանձնեցինք Եռաբլուրում, իր մարտական եղբայրների կողքին: Բայց Կարինեի մահը շատ անփառունակ էր, նա չպետք է այդքան մոռացված ու վատ վիճակում ապրեր, նա արժանի չէր դրան: Այսօր էլ հանրակացարանային վատ պայմաններում դիաբետով ու քաղցկեղով հիվանդ է Դադուրյան Նվարդը, որին ճանաչում են որպես ՀԱԲ-ի Նոնա: Նույն ողբերգական վիճակն է: Օգնող չկա: Որ ասում են՝ օգնում ենք, անում ենք, ոչ մի բան էլ չեն անում: Միայն ՊՆ-ով հարց չի լուծվում: Ոչ մի կառույց՝ սկսած առողջապահական համակարգից մինչեւ արդարադատություն ու այլ օղակներ, որեւէ կերպ չի ընդառաջում կին ազատամարտիկներին, ընդհանրապես՝ ազատամարտիկներին: Ընդհակառակը, երբ որեւէ տեղ լսում են կնոջ ազատամարտիկ լինելու մասին, այնպիսի արհամարհանքով են վերաբերվում, կարծես թե վատ բան ես արել, որ մասնակցել ես պատերազմին: Ասում են. է, չգնայիր, ով էր խնդրում: Մեզ որոշ պաշտոնյաներ շատ վերեւից են նայում: Մի անգամ նման մի պաշտոնյայի ես հիշեցրի, որ մենք պահել ենք թե իրենց, թե իրենց կանանց պատիվը, որովհետեւ, եթե թուրքը գար, մեզ չէր կարող անպատվել, բայց իրենց նմաններին ու իրենց կանանց կարող էր, քանի որ իրենք վախից մտել էին թախտի տակ: Մեզանից շատերն այսօր հաշմանդամ են եւ այդ թոշակով չեն կարողանում իրենց կոմունալ եւ նվազագույն կենցաղային պայմանները լուծել: Էլ ուր մնացին՝ բուժման հարցերը: Ոչ մի զեղչեր էլ մեզ համար չեն գործում, դրանք սուտ հայտարարություններ են»,- ասում է տիկին Ալլան: Ազատամարտիկների գործազրկության եւ զբաղվածության մասին խոսելիս նախկին դիպուկահարը անկեղծանում է. «Ես սիրում եմ ճիշտը խոսել: Ճիշտ է, նրանցից շատերն ունեն աշխատանքի կարիք եւ փնտրում են աշխատանք: Բայց շատ շատերն էլ, երբ աշխատանք է լինում՝ հրաժարվում են: Մեր ազատամարտիկներից շատերի հոգեբանությունը փոխվել է, սովորել են ուզվորության: Նստում են տանը, ասում են. լավ, դե մենք էդքան արել ենք, հիմա էլ թող իրանք բերեն մեզ պահեն: Մոռանում են, որ ոչ ոք պարտավոր չի իրենց պահել: Երբ մեր ազգը վատ վիճակում էր հայտնվել, մենք առանց մտածելու, որ տանը փոքր երեխա կա, ծնողներ կան, գնացել ենք: Եվ գնալիս պետության հետ պայմանագիր չենք կնքել, որ վաղն էլ պետությունը պիտի մեզ պահի, ակնկալիք չենք ունեցել: Ուստի ճիշտ չի մտածել, որ որեւէ մեկը մեզ պարտք է: Բայց ազատամարտիկներին հարգել ու հիշել, կարծում եմ, պարտադիր է: Երբեմն այնպիսի աշխատանք են մեզ առաջարկում, որ վիրավորական է: Բարձրագույն կրթություն ունեցողին կարող են առաջարկել, ասենք, մեքենա լվացողի աշխատանք»:
Տիկին Ալլան ցավով է նշում, որ այսօր հեռուստաեթերներից մեծարվում եւ հիշատակվում են միշտ նույն մարդիկ. «Այնքան համեստ տղաներ ունենք, որոնք մնացել են ստվերում: Նրանց մասին ոչ մի խոսք երբեւէ չի լինում: Այնքան զոհվածներ կան, որոնց անունը ոչ մի անգամ չի տրվում: Ես ուզում եմ, որ բոլոր տղաները լինեն ուշադրության կենտրոնում: Ինչու անչափահաս մասիսցի Գագոյի մասին չի ասվում, որը զոհվեց: Ունի պատերազմում մի ոտքը կորցրած եղբայր: Ինչու զոհված խարբերդցի Մարիետայի մասին չի խոսվում: Մի անգամ ես ուշաթափվեցի օպերայում: Իմ մարտական ընկերուհին, ով, իմ լսածի համաձայն, մահացել է 94թ.-ին, օպերայում, Սերովի համերգի ժամանակ հանկարծ դեմս է դուրս գալիս: Ես կարկամած ուշաթափվում եմ: Ինչո՞ւ նրա մասին ոչինչ չեմ լսել»: Ազատամարտիկը դժգոհում է նաեւ, որ մեդալների ու պարգեւների ոչ միշտ են արժանանում դրանց արժանի մարդիկ. «Ինչ-որ օլիգարխ, որ զենք բռնել է երեւի միայն «ռազբորկայի» ժամանակ, ստանում է «Մարտական խաչ»՝ առաջին աստիճանի: Իսկ իսկական հերոսներին ոչ մի պարգեւ չեն տալիս»: ՀԱԲ-ականը խոսեց նաեւ ՀԱԲ-ի ու նրա հրամանատարի մասին. «ՀԱԲ-ի մեջ եղել են եւ լավ, եւ վատ մարդիկ: Երբ այն լուծարվեց՝ մարդիկ սկսեցին Ռազմիկ Վասիլյանին վատ գույներով ներկայացնել, մոռանալով, որ Հայոց ազգային բանակ արտահայտությունն առաջին անգամ հնչել է Վասիլյանի շուրթերից, բայց դա իրականացրեց Վազգեն Սարգսյանը: Պետք չէ ուրանալ Վասիլյանի վաստակը: Ինչ է հիմա նրա ընտանիքի վիճակը եւ մեր ՀԱԲ-ականների վերաբերմունքը: Հրամանատարը մահացավ, շատ մարդիկ մոռացան նրա ընտանիքին էլ, երեխաներին էլ, իրեն էլ: Իհարկե՝ կան հատուկենտ մարդիկ, ովքեր հավատարիմ մնացին»:
 Տիկին Ալլան պատմում է. «ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը անցած տարի «Հարսնաքարում» մեզ հետ մասնակցեց Մարտի 8-ի միջոցառմանը եւ իրեն պահեց հավասարը հավասարի նման: Վերջում տվեց իր հեռախոսի համարը եւ ասաց, որ կարող ենք հանդիպել, զրուցել, թե հայ կինն ինչի կարիք ունի:
Նույնը չի կարելի ասել նախկին նախագահի կնոջ մասին, ով դահլիճ մտնելիս մեզ անգամ չէր բարեւում: Թող բոլորն էլ հիշեն, որ պաշտոնը ժամանակավոր բան է եւ պետք չէ մարդկանց վերեւից նայել: Մենք շատ վիրավորված ենք նաեւ Սերժ Սարգսյանից՝ մեր մարտական ընկերոջից, ոչ թե ՀՀ նախագահից: Մարտական ընկերներով մենք որոշեցինք մեր «Անմար կրակներ» հասարակական կազմակերպության կողմից նրան պարգեւատրել «Հայոց արծիվ» մեդալով: Բայց մեր մարտական ընկերը, փաստորեն, մեզ համար դարձել է անհասանելի: Մենք գրությամբ տեղեկացրել էինք նրան այդ մասին, որ 2009 թ.-ին «Գոլդեն Փելըսում» պետք է հանձնեինք մեդալը: Բայց մեզ մոտենում է նրա աշխատակազմի ղեկավարը եւ ասում, որ այն իրեն հանձնենք: Ես ասում եմ, որ դա ձեզ համար չի նախատեսված եւ չեմ տալիս: Նորից գրություն եմ ուղարկում, նորից արհամարհվում է:
Մի անգամ կառավարության աշխատակիցներից մեկն այդ առումով ասաց. կարո՞ղ է Ձեզ թվում է՝ նախագահը պարապ-սարապ նստած սպասում է, թե որ հասարակական կազմակերպությունն է իրեն մեդալ տալու, որ գնա ստանա: Շատ վիրավորական է: Բայց ուզում եմ հատուկ նշել, որ այն տալիս էինք ոչ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այլ մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանին: Եթե արհամարհում է, ուրեմն մնում է մեդալը հանձնել պատմության թանգարանին, որպես ազատամարտիկների կողմից շնորհված ու արհամարհված մեդալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել